Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական հեռուստաալիքներին նոր պահանջներ են առաջադրվել. մեխանիզմներն արդյունավետ կաշխատե՞ն. «Ժամանակ»

Հունվար 29,2021 10:50

«Եթե նախկինում ազդեցության լծակներ չունեինք Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման վրա, ապա ՌԴ կառավարության հետ նոր պայմանագրի կնքումից հետո նման լծակներ են հայտնվել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

Նրա խոսքով՝ այժմ ռուսական հեռուստաալիքներին նոր պահանջներ են առաջադրվել՝ հարգանք դրսևորել Հայաստանի կամ հայ ժողովրդի համար հիշատակի ամսաթվերի հանդեպ (օրինակ՝ սգո օրերին չհեռարձակել ժամանցային ծրագրեր), չմիջամտել Հայաստանում ընտրական գործընթացներին, հարգել արտակարգ կամ ռազմական դրության նորմերը, բացառել կոնտենտի հեռարձակումը, որը նվաստացնում է հայերի ազգային արժանապատվությունը և այլն: «Բացի այդ, այսօր Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը եզակի լիցենզիա է ստացել և կարող է առանց հավելյալ պահանջի հեռարձակվել ռուսական մալուխային ցանցում: Այսինքն՝ առավելությունները ոչ թե միակողմանի են, ինչպես նախկինում, այլ երկկողմանի»,- հավելել է Հակոբյանը:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ միջպետական պայմանագրում նմանատիպ կանոններ պետք է նախատեսվեին. «Եթե, ի տարբերություն նախորդ տարիների, ռուսական հեռուստաալիքները լիցենզիայի միջոցով չեն վերահեռարձակվելու, նշանակում է չկան մեխանիզմներ իրենց նկատմամբ կիրառելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։ Եվ համապատասխանաբար օրենսդրության կարևորագույն դրույթները պետք է տեղափոխվեն միջպետական համաձայնագիր։ Այսինքն՝ ֆորմալ առումով այս կարգի քայլն ուղղակի անհրաժեշտ էր, եթե այսուհետ ռուսական հեռուստաալիքները մեր հանրային մուլտիպլեքսով հեռարձակվելու են նաև Հայաստանի Հանրապետության տարածքում»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նա։
Թե ինչպես է դա պրակտիկ աշխատելու, Բորիս Նավասարդյանի դիտարկմամբ, դժվար է կանխատեսել. «Ես չեմ պատկերացնում, որ տարբեր քաղաքական և լրատվական ծրագրեր վարողները ծանոթ լինեն այդ կանոններին և երկրորդը՝ ծանոթ լինելով, պարտադիր համարեն դա կիրառել։
Հաշվի առնենք, որ նաև նախորդ տարիներին, երբ ռուսական հեռուստաալիքները Հայաստանում հեռարձակվում էին լիցենզիայի միջոցով, բացարձակապես հաշվի չէին առնում ՀՀ օրենսդրությունը և աշխատում էին այնպես, ինչպես ճիշտ էին համարում՝ նաև հայաստանյան թեմաները լուսաբանելիս։ Մասնավորապես՝ բազմաթիվ լիցենզիոն պայմանների խախտումներ էին թույլ տալիս նախընտրական արշավների ժամանակ իրադարձությունները լուսաբանելիս՝ հօգուտ այս կամ այն թեկնածուի կամ քաղաքական ուժի։ Սա լուրջ խնդիր է, և տեսնենք, թե ինչպես է իրականացվելու։ Մեխանիզմները բավականին բարդ են՝ ԱԳՆ նոտաներով և այլն… բայց թե ինչպիսի ազդեցություն կունենա, խիստ կասկածելի է, որ այդ մեխանիզմներն արդյունավետ կաշխատեն»։

Մարիամ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031