Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հաղթող ղեկավարներին դավաճանի պիտակ կպցրեցինք, արկածախնդիրներին ծափահարեցինք եւ ծափահարում ենք. Տիգրան Հակոբյան

Հունվար 29,2021 10:15

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումից:

Նորից հասկացա, որ տարիներ շարունակ ինքնախաբեությամբ ենք զբաղվել։

Ինքներս մեզ ազգովի համոզել էինք, որ արդարության ու ոգու մարտիկներ ենք, եւ այնպես էլ չհասկացանք, որ արդարությունն ու ոգին կարող են փշրվել մեծ ու անողորմ ուժի հարվածի արդյունքում։ Այն ուժի, որին տասնամյակներով ծաղրում էինք։

Ինքներս մեզ կտրել էինք աշխարհից, աշխարհի պահանջներից, խուլ էինք իմաստուն գործիչների զգուշացումներին, հաղթող ղեկավարներին դավաճանի պիտակ կպցրեցինք, արկածախնդիրներին ծափահարեցինք եւ ծափահարում ենք։

Ինքներս մեզ առասպելների գիրկը գցեցինք, ազգային սնապարծությամբ սնվեցինք։ «Հիմարը կարծում է, որ աշխարհի ամենաբարձր սարը բարձրությամբ հավասար է իր տեսած սարին»․․․։

Բայց զոհվեցին, զրկանքներ կրեցին ու դեռ կրելու են ոչ «հավերժ պատերազմի», «Քուռ-արաքսյան պետության» գաղափարաբանության մոլագարները…

Համոզված եմ, որ մահվան աչքերին էին նայում մեծամասամբ այն հերոսները, որոնք համոզված էին, որ թշնամանքը, դաժանությունը, մարդատյացությունը անպտուղ են, աննպատակ։ Կռվում եւ զոհվում էին մեծամասամբ նրանք, որոնք արհամարհում էին պատերազմը, բայց պատրաստ էին ամենը կորցնել, նույնիսկ սեփական կյանքը․․․

Եթե չեք հավատում, ծանոթացեք զոհվածների ցուցակներին, գտեք ստեղծագործ ուսանողների, արհեստավորների, պատերազմին միշտ պատրաստ, բայց պատերազմ ատող սպաների, խաղաղություն քարոզող Դավիթ Մաթևոսյանի, շշմելու արձակ գրող Վարդան Ամալյանի, Հաջյան եղբայրների, Սևակ Սաղաթելյանի, Աբգար Նազարյանի, հարյուրավորների ու հարյուրավորների անունները․․․ Որոնց շրթունքներից չէիք լսի «նոր պատերազմ՝ նոր տարածքներ», «Բաքվում չայ ենք խմելու» զառանցանքները․․․

Եվ փորձեք գտնել զոհվածների, գերիների ցուցակներում «հավերժ պատերազմի» ջատագովներին, «ոչմիթիզականներին», «Սեվրի պայմանագրով» Հայաստանը լայնացնողներին․․․ Չկան, կամ գրեթե չկան․․ Փորձեք գտնել նրանք վիրավոր Արցախում, սահմանների նոր խրամատներում, օգնություն հավաքող, վիրավորներին խնամող կամավորական խմբերում։ Չեք գտնի այնտեղ, բայց կգտնեք սոցցանցերում, հեռուստաեթերում կեղծիքի, ատելության խոսքերով, ժողովրդին «ժեխ» դիմելաձեւով, նոր պատերազմին պատրաստվելու կոչերով, հուսահատություն սերմանելով ժողովրդի մեջ։ Նոր պատերազմի, որում նահատակվելու են նորից ուրիշները, «ժեխը»․․․

Հազարավոր զոհեր, հաշմանդամ երիտասարդներ, վիրավոր Արցախ, տնտեսական սոսկալի վնաս, ժողովրդի արդեն երկու սերնդի տանջալի աշխատանքի արդյունքների ոչնչացում, համազգային հոգեբանական սթրես, միմյանց հոշոտելու պատրաստակամություն, ինքնիշխանության նվազում․ այս ամենը վճարն է մեր հավաքական անմտության․․․

Բայց, համոզված եմ, մենք հաղթելու ենք։ Հաղթելու ենք շնորհիվ այս պարտության, շնորհիվ մեր այսօրվա տառապանքների ու հուսահատության, քանի որ այս անգամ դասեր քաղելու ենք, չենք կարող չքաղել։ Այս պարտության մեջ գտնելու ենք մեր ապագա հաղթանակների գաղտնիքը, եւ այլեւս այն չենք կորցնելու։ Պարտության ու տառապանքի Գողգոթայով անցնելիս, մենք մաքրվելու ենք, գիտակցելու ենք, որ սխալ էինք, անհեռատես, ինքնահավան, ագահ ու կարճամիտ։ Որ հավաքական միտքը, կամքը, ներքաղաքական համերաշխությունը, սեփական պատասխանատվությունը, աշխատասիրությունը, ազգային բարդույթների հաղթահարումը, իրավահավասարությունն ու արդարությունն են լինելու այն օրհնված կրակը, որում կոփվելու է մեր անպարտությունը, ձեւավորվելու է ապագային միտված մեր ինքնությունը։

Ուրեմն, Փառք մեր բանակին եւ ժողովրդին, հավերժ հիշատակ մեր նահատակներին․․․ Կեցցե ապագա Հայաստանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Դրա համար?Հ2 հռուստաալիքին զրկեցիք լիցեզիայից և նրա տեղը դրեցիք ATV-որը բացի տասնյակ անգամ ցուցադրած սերիալներից այլ բան չի սփռում՝գտնում եք որ մարզերի բնակիչներին այդ էլ շատ է?:
    Հա,ասեմ,որ Ձեր այս հոդվածը անհասցե է՝և նալին է խփում և մեխին՝ձին այդպես էլ շի ,,պայտվում,,….:
    Կարևորը մոռացա՝Դուք մեզ զրկեցիք Անգլիայի առաջնությանը հետևելու մեր իրավունքից ասեմ?թե հնարավորությունից?,:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031