Հարցին՝ ի՞նչ կարծիք ունի Քոչարյանի՝ «կրելու ենք» արտահայտության մասին՝ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը պատասխանում է.
«Եթե այլընտրանքը լինի Քոչարյանի եւ ներկա իշխանության միջեւ, Քոչարյանը շանս չունի: Ըստ էության ինքը նաեւ այդ խնդիրներն է պատկերացնում, որովհետեւ լավ գիտի, որ այս հասարակությունն իրեն չի ընդունում, իր վերադարձը չի ուզում: Եթե որոշ հատված էլ ուզում է փոխել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, ապա ակամա դառնում է այդ նույն իշխանության պաշտպան, երբ հասկանում է, որ ընտրությունը Քոչարյանի եւ նրանց միջեւ է»:
Հնարավո՞ր է մինչեւ ընտրություններ այսպես ասած երրորդ բեւեռի ձեւավորում: Այդ մասին Եռաբլուրում հայտարարել էր նաեւ Վահան Բադասյանը: Սաֆարյանը դա հնարավոր է համարում, բայց որոշ վերապահումներով.
«Եթե այդ երրորդ բեւեռը լինելու է բռնության բեւեռ, պետք չի թույլ տալ այդ բեւեռը ձեւավորվի: Բադասյանն այսօր խոսում էր վարչապետին զենքով ոչնչացնելու մասին: Ավելի լավ է այդպիսի բեւեռ ընդհանրապես չլինի, որովհետեւ դրանից մենք արդեն ունենք: Քոչարյանի բեւեռը հենց դա է: Ինչ վերաբերում է այնպիսի մի բեւեռին, որ ներկա իշխանության մեջ չի, նախկինում չի եղել, ապա դա միայն ողջունելի է: Ես շահագրգռված կլինեմ, որ այդպիսի ուժեր թափ առնեն, ուժեղանան: Դա ոչ միայն ընտրության բազմազանությունը կմեծացնի, կստեղծի կոալիցիաներ կազմելու, ազգային համերաշխության կառավարություն ձեւավորելու, միգուցե իշխանությունը նրան փոխանցելու հնարավորություն: Այսինքն` այս երկրի համար դա ամենալավ տարբերակն է: Կոալիցիոն կառավարությունների միջոցով կարող են չեզոքացվել այն վտանգները, որ գալիս են մեկ ուժով կառավարումից»:
Կարդացեք նաև
Իսկ կարո՞ղ է նույն երրորդ բեւեռը ձեւավորել Քոչարյանը, բայց մնալ դրա ստվերային ղեկավար:
«Եթե հասկանա, որ իր դեմքով իշխանության գալու շանս չունի, վստահաբար գնալու է այդ ճանապարհով: Բայց պետք է ուշադիր լինել, որ հոկտեմբերքսանյոթյան բեւեռը ստվերային չլինի, իր սեւ գործը չանի, Քոչարյանն էլ հանդես չգա ընտրություններով երկիրը աղետից փրկող մեկը»,- եզրափակեց քաղաքագետը:
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում