Լրահոս
Օրվա լրահոսը

Կույրերը՝ կույրերի առաջնորդ

Հունվար 29,2021 10:00

Այն, որ երկիրը ազգային աղետի հասցրած վարչապետն ու նրա թիմը պետք է հեռանան իշխանությունից, գոնե ինձ համար ակնհայտ է: Սակայն ընդդիմությունը (թե՛ 17 կուսակցությունները եւ թե՛ մնացած ընդդիմադիր խմբերը) պետք է պատասխանեն երկու հարցի.

1/ քաղաքական ի՞նչ ծրագիր են նրանք իրականացնելու հայկական պետականության փշրանքները փրկելու համար,

2/ ինչպես են նրանք պատկերացնում իշխանափոխությունը:

Վերջերս Արարատ քաղաքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ 17 կուսակցությունների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը խոսել է «շենքեր գրավելու եւ զոռով իշխանություն փոխելու» հնարավորության մասին: Այսինքն՝ գործել այնպես, ինչպես Փաշինյանն էր գործում 2018 թվականին: Ամենայն հարգանքով, ենթադրում եմ, որ 17 կուսակցություններին դա չի հաջողվի, որովհետեւ նրանք չեն կարողանում փողոց հանել տասնյակ հազարավոր մարդկանց, իսկ միայն այդ դեպքում է հնարավոր «անպատիժ» գրավել շենքեր, փակել փողոցներ եւ, ի վերջո, հեղափոխություն անել:

Բայց զուտ տեսականորեն եկեք ենթադրենք, որ ի հայտ կգա մի նոր պոպուլիստ եւ դեմագոգ, որը հաջողությամբ կիրականացնի այդ ծրագիրը: Մի՞թե դա լուծելու է որեւէ հարց:

Նույն Արարատ քաղաքում «Առավոտը» հարցազրույցներ է վերցրել վարչապետի կողմնակիցներից, որոնք վստահ են, որ Փաշինյանը ոչ մի բանում ոչ մի մեղք չունի եւ պետք է շարունակի ղեկավարել երկիրը: Նրանք ֆեյքեր չեն, հատուկ պատրաստված մարդիկ չեն՝ նրանք մեր ժողովրդի ներկայացուցիչներն են, որոնք դատողություններ են անում իրենց ունեցած գիտելիքների եւ տեղեկությունների շրջանակներում: Այդ զանգվածն ունի իր մտավոր մակարդակին եւ հայրենիքի ու պետության մասին իր պատկերացումներին համապատասխան վարչապետ:

Ստացվում է համարյա աստվածաշնչյան սյուժե. «Թողեք նրանց. կույրեր են, կույրերի առաջնորդ: Երբ կույրը մեկ ուրիշ կույրի է առաջնորդում, երկուսն էլ փոսն են ընկնում» (Մատթեոս, 15;14)՝ այդ թեմայով կա Պիտեր Բրեյգել-ավագի հրաշալի կտավը: Հիմա պատկերացրեք, որ այդ կույրերին սկսում է առաջնորդել մեկ այլ կույր առաջնորդ՝ փողոցի միջոցով եկած առաջնորդներն այսօր այլ որակներ չեն կարող ունենալ: Ո՞ւմ է ղեկավարելու, ում վրա հենվելու այդ առաջնորդը: Բնականաբար, նույն զանգվածի: Եթե դրանից ինչ-որ բան փոխվելու է, ապա միայն դեպի վատը. նոր հեղափոխությունները եւ խժդժությունները է՛լ ավելի կծանրացնեն մեր վիճակը:

Ավելի իրատեսական սցենարները երեքն են.

ա/ արտահերթ ընտրություններ չեն անցկացվում, Փաշինյանը մնում է մինչեւ 2023 թվականը եւ հերթական ընտրությունների ժամանակ, ամենայն հավանականությամբ, վերարտադրվում է,

2/ Փաշինյանն այս տարի անցկացնում է արտահերթ ընտրություններ, մնալով վարչապետի պաշտոնում, եւ գրեթե 100 տոկոս հավանականությամբ վերարտադրվում է,

3/ արտահերթ ընտրություններն անցկացվում է մեկ այլ վարչապետի առկայությամբ, եւ այդ դեպքում ընդդիմությունն ունի որոշակի շանսեր: Բայց անգամ այդ պարագայում չեմ բացառում, որ վերոնշյալ զանգվածը Հայաստանում մեծամասնություն է կազմում, եւ դարձյալ ձայն կտա Փաշինյանին: Դա կնշանակի մի կողմից՝ որ նրա լեգիտիմությունն այլեւս ոչ ոք չի կարող վիճարկել, մյուս կողմից՝ պատմական այս փուլում մենք չենք կարող պետություն ունենալ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Պարզ ու յստակ է թէ արտահերթ ընտրութիւնները միակ լուրջ, բանական եւ տրամաբանական լուծումն ու դարմանն են այս ծայրագոյն ճգնաժամին: Սակայն այս անգամ եւս – ինչպէս որ՝ 2018ի աշնան -, ժամանակը ի վնաս Փաշինյանին է գործում: Սակայն այժմ աւելի վատ է այս տուեալը, «իմքայլականների» համար: Որովհետեւ այդ անգամ՝ գոնէ դա հասկացած էին, ու այդ պատճառով ալ աւելի արագացուցին ընտրութիւնները: Սակայն այս անգամ կարծում են թէ այդպէս չէ, թէ ընդհակառակը, ժամանակով, կարող են դեռ բաներ մը շտկրտել, մեղմացնել տեղի ունեցած Աղէտին ներազգային հետեւանքները: Այս՝ հիմնական սխալ մըն է: Շատ սխալ հաշիւ է: Նոյնիսկ եթէ յառաջիկային նշանակալից նոր սխալներ չգործէ այս վարչակարգը, արդէն իսկ տեղի ունեցած Աղէտը հետզհետէ աւելի շեշտակի կերպով պիտի տեղաւորուի, խորանայ մարդոց գիտակցութեան մէջ: ժամանակի ընթացքին, ամէն հայ աւելի եւ աւելի պիտի անդրադառնայ Հայութեան կրած ջախջախիչ պարտութեան, անասելի կորուստներին: Որու պատասխանատւութիւնը, բառին ամենատարրական եւ առարկայական իմաստով իսկ, կրելու է օրուայ իշխանութիւնը: Անհնար է որ այս պատառը, իշխանութեան կարծածին չափ հեշտօրէն կուլ տայ Հայութիւնը: Դեռ չխօսելու համար համաճարակի աւերներուն եւ երկրի տնտեսական փլուզման մասին, յաւելեալ օրհասական վիճակներ, որոնք պիտի միայն վատթարանան գալիք ամիսներին եւ նոյնիսկ տարիներին: Թերեւս այս մարտավարական հաշիւով է որ ընդդիմութիւնը անել կացութիւն է ստեղծում, որպէսզի ուշանան ընտրութիւնները… Իսկ ամէն դէպքում, ես իսկապէս զարմանում եմ որ այս կացութեան մէջ, կան մարդիկ որ տրամադիր են ստանձնելու իշխանութիւնը…

  2. Ruben says:

    Մի պատմություն հայկական «կույր» կկվի, թուրքական աղվեսի, ռուսական ագռավի և անգլիական բուլդոգի մասին. https://m.mamul.am/am/post/22198
    Մի պատմություն էլ Արարատյան «կույր ճանճի» մասին. https://www.youtube.com/watch?v=_HoVirWBUig
    Սա էլ «կույրերի առաջնորդի» մասին.
    https://www.youtube.com/watch?v=auKN4BBpXHw

  3. Նարեկ says:

    Պարոն Աբրահամյան, իսկ ինչու եք վստահ, որ Ա եւ Բ դեպքերում Փաշինյանը վերարտադրվելու է: Նրա վարկանիշն այն չէ, ինչ 2018-ին: Սյունիքից նրա վտարումը՝ վառ ապացույց: Նախկինում իշխանության վերարտադրության գործը կամակերպում էին ամեն տեսակ Թոխմախ-Լիսկա-Շմայս-Լֆիկ-ները: Հիմա ով պիտի նման բան անի Փաշինյանի համար: Անուններ կնշեք:
    Կրկնեմ ձեր նախորդ նյութերից մեկի տակ իմ գրած մեկնաբանությունը՝ այնպես իմպերատիվ տոնով եք գրում, ասես ապագայից եք եկել ու ամեն ինչ գիտեք:

    Ես դեմ եմ, որ Փաշինյանը մնա ու դեռ ընտրությունն էլ իր օրոք լինի, դեմ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա: Բայց վստահ եմ, որ ցանկացած իշխանության կազմակերպած ընտրության դեպքում այս երկուսը չեն հաղթելու: Առավելագույնը, որ կարող է լինել՝ Փաշինյանը մի փոքր թիմով կլինի ԱԺ-ում:

  4. Աշոտ says:

    Ողջունում եմ Ձեր իրատեսությունը:
    Բայց, երրորդ տարբերակում վերոնշյալ զանգվածը փոքրամասնություն կկազմի:
    Պատմական այս փուլում պետականության ճգնաժամը կհաղթահարվի Աստծո օգնությամբ, Ձեր նմանների մասնակցությամբ:

  5. henri says:

    Իսկապէս վեր դարձուր,վար դարձուր ստեղծուած կացութիւնը անլուծելի է ,քանի երկու կողմերէն ալ կուրութիւնը տիրող է ։ Եթէ համբերութիւն ունենանք ,կը թողունք որ վարչապետը շարունակէ իր պետական գործերու անտեսումը և զբաղի մի միայն
    ինքնարդարացումներով ,ինչպէս միշտ , իմ քայլականները զզուեցնելու աստիճան , ի վերջոյ աչքերը կրնան բացուիլ և վերընտրութիւնը մեծապէս կը դժուարանայ ։
    Ակաթա Քրիստի մը պէտք է որ հրաշալի վէպով մը անմահացնէ մեր Նիկոլիկը ։

  6. Լավատես says:

    Մենք ազգովին պետք է լուծենք ընդամենը երկու խնդիր՝ ինչպե՞ս լավագույներին ու պատասխանատուներին բերենք իշխանության՝ մեզ կառավարելու եւ ինչպե՞ս վատերին, անպատասխանուտուներին հեռացնել մեզ կառավարող իշխանությունից, երբ մեր դեմ են գործում ներդրված օտարին ծառայող յան ազգանունով հայեր կամ ոչհայեր: Սրանք ոչ ստանդարտ համաշխարհային մակարդակի խնդիրներ են եւ պահանջում են ոչ ստանդարտ լուծումներ: Իհարկե, սա ԱԱԾի խնդիրներն են, համոզված եմ, որ ավելի շուտ վաղ քան թե ուշ կունենանք համաշխարհային մակարդակի Ազգային Անվտանգության Ծառայություն:
    Այսպիսով, առաջին խնդիրը՝ ինչպե՞ս ընտրել լավագույներին: Ինձ օրինակ դուր է գալիս լոբբիզմը, ամեն ընտրող լոբբիստ է՝ ֆինանսավորում է եւ ամեն կերպ աջակցում է իր պատգամավորին, բնական է, հիմարին կամ օտար գործակալին չես ֆինանսավորի: Նույն մեխանիզմով էլ լուծում ենք երկրորդ խնդիրը՝ չենք ֆինանսավորում ու հետ ենք կանչում պատգամավորին, որը չի արդարացրել կամ պարզապես է՛լ ավելի լավագույնի ենք որոշել ընտրել: Մտածել է պետք..

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031