Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տողատակում՝ ստեղծվող արտոնյալ կառույցների պատժիչ բնույթն է

Հունվար 29,2021 14:00

Հունաստանի Հանրապետության գերագույն հատուկ դատարանն արտակարգ բարձրագույն դատական մարմին է, որի ձեւավորման հիմքը սահմանված է Հունաստանի սահմանադրության հոդված 100-ով: Հատուկ դատարանը մշտապես գործող մարմին չէ եւ ձեւավորվում է միայն բացառիկ դեպքերում, երբ առաջանում են այս դատարանի իրավասության շրջանակներին պատկանող, սահմանադրությանը համապատասխան վարույթներ։

Ըստ Հունաստանի սահմանադրության՝ այս դատարանը բարձրագույն «սահմանադրական» եւ «ընտրովի» դատարան է։ Այն հիերարխիկ որեւէ կապ չունի Հունաստանի երեք մշտական գերագույն դատարանների՝ վճռաբեկ դատարանի, պետական խորհրդի եւ հաշվառնական պալատի հետ, գտնվում է ավելի բարձր աստիճանասանդղակին, քան վերոնշյալ երեք դատարանները։ Գերագույն հատուկ դատարանը չի պատկանում արդարադատության համակարգի որեւէ ճյուղին (քաղաքացիական, քրեական, վարչական):
Հատուկ դատարանի հայտ է ներկայացրել նաեւ Հայաստանը:

Հանրային քննարկման է ներկայացվել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը, որով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի կազմով: Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաեւ ստեղծել մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 10 դատավորի թվակազմով։ Ըստ նախագծերով առաջարկվող փոփոխությունների՝ Վճռաբեկ դատարանում քրեական պալատը գործելու է 8 դատավորի թվակազմով, իսկ քաղաքացիական եւ վարչական պալատը՝ 13 դատավորի թվակազմով:

Հակակոռուպցիոն դատարանի ստեղծման պատճառաբանությունը հետեւյալն է. գործերի քննության ու արդարադատության արդյունավետության բարձրացում, կոռուպցիայից եւ քաղաքական գործիչների ու ազդեցիկ շրջանակների անիրավաչափ ազդեցությունից զերծ, անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից կոռուպցիոն գործերով արդարադատություն իրականացնելու իրավասություն:

Նախատեսվում է, որ դատավորներից 20-ը կքննեն ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից եւ հայցապահանջներից բխող գործերը:

Ի դեպ, ՀՀ կառավարությունը դեռեւս 2019թ. հոկտեմբերի 10-ին իր թիվ 1332-Ն որոշմամբ հաստատել էր Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը: Կային գնահատականներ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագրի, ինչպես նաեւ կոռուպցիայի ընկալումը հասարակության շրջանում, սահմանվել էր հակակոռուպցիոն ռազմավարության նպատակն ու խնդիրները, կոռուպցիայի կանխարգելումը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը եւ այլն:

Ըստ փորձագետների, վերջին երեք տարվա վիճակագրական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ մեկ տարվա կտրվածքով արձանագրվում է մոտավոր 1300 կոռուպցիոն բնույթի հանցագործություն, եւ ստացվում է, որ հնարավոր հակակոռուպցիոն դատարանի 20 դատավորներից յուրաքանչյուրի վարույթում տարեկան քննվելու է շուրջ 65 գործ, չհաշված այն հանգամանքը, որ նշված գործերից մի մասը կարող է չհասնել անգամ դատարան եւ ավարտվել մինչ դատական վարույթում:

ՀՀ սահմանադրությամբ արգելվում է հատուկ կամ արտակարգ դատարաններ ստեղծելը: Խոսքը 92 հոդվածի մասին է:
Հատուկ դատարանի մասին պատմությունը մեզ հուշում է, որ այն ստեղծվել է 1920թ. Մայիսյան ապստամբությունից հետո` ժամանակավոր օրենք ստեղծվեց արտակարգ դատարանների մասին, Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի կողմից:
Պատճառաբանությունն այս դատարանի ստեղծման նաեւ այն է, որ մեր դատարանները գտնվում են գերծանրաբեռնված վիճակում, հետեւաբար, կթեթեւանան քրեական գործեր քննող դատավորների վարույթները, կբեռնաթափվեն, ըստ էության, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները:

Միեւնույն ժամանակ, արձանագրվում է, թե կոռուպցիա չկա, կոռուպցիոն բնույթի հանցագործությունները նվազել են, հետեւաբար, ինչ է ստացվում. որ հատուկ դատարանում հարաբերական անդորր ենք ապահովում, իսկ ընդհանուր իրավասության դատարաններում գործերի բաշխման անհավասար պայմաննե՞ր:

Նախատեսվում է, որ հատուկ դատարանի դատավորների վարձատրության չափն ավելի մեծ է լինելու, քան մյուս դատարանների դատավորներինը, մի դեպքում ծանրաբեռնված դատարանների դատավորների աշխատավարձի ցածր լինելը, մյուս կողմից՝ դատարանների կազմ, որը վարձատրվելու է ամիսներով սպասող գործեր քննելու համար:

Ըստ նախագծի, հակակոռուպցիոն դատարանի եւ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր չեն կարող դառնալ այն դատավորը, նախկին դատավորը, դատախազը, նախկին դատախազը, քննիչը, նախկին քննիչը, հետաքննիչը, նախկին հետաքննիչը, օպերլիազորը, նախկին օպերլիազորը, փաստաբանը եւ նախկին փաստաբանը, եթե վերջիններս վերջին 5 տարվա ընթացքում ստացել են նախագծով նշված կարգապահական տույժերից մեկը։

Նախագծերով սահմանվել է, որ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի եւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի համալրման գործընթացին ներգրավվում է 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն ունեցող երեք անձ, որոնց կարծիքները ԲԴԽ անդամները հաշվի են առնելու դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու համար քվեարկությունն իրականացնելիս:

Այսինքն, դատավոր դառնալու համար ավելի խիստ չափորոշիչներ կան, քան դատավորներին «ընտրիչ» մարմնի: «Ընտրիչ» մարմնում կարող են հայտնվել մարդիկ, ովքեր որեւէ հասարակական կազմակերպությունում երեք եւ ավելի տարի ներգրավված են եղել կոռուպցիոն թեմաներով ուսումնասիրմամբ կամ դրանց մասին փորձագիտական հրապարակումներով: Այլ թեմա է, թե այդ հասարակական կազմակեպության փորձագետը որ երկրի շահերն է սպասարկել այստեղ, որոշակի դրամաշնորհի միջոցով կատարել փորձագիտական աշխատանք:

Անհասկանալի փորձագետների ինստիտուտի ներգրավմամբ խաթարվում է առաջին հերթին Բարձրագույն դատական խորհրդի անկախությունը, կասկածի տակ է դրվում դատարանների եւ դատավորների անկախության երաշխավորի կարգավիճակը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031