Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հասարակության ամենալայն՝ անտարբեր շերտի պատճառով վտանգված է Հայաստանի պետականությունը …

Հունվար 29,2021 13:30

Թե ինչ տեղի ունեցավ Ադրբեջան-Թուրքիա տանդեմի եւ Արցախի միջեւ 2020թ. պատերազմի ընթացքում, այսպես, թե այնպես, համարյա բոլորս ենք տեղեկացված ու դրա վերաբերյալ բազմաթիվ եւ բազմապիսի վերլուծություններ են հրապարակվել, որոնցում, իհարկե, բացակայում են մի շարք մութ հարցերի հստակ պատասխանները: Այդ վերլուծություններն իրականացվում էին այնքանով, որքանով դրանց հեղինակները տիրապետում էին առկա տեղեկատվությանը, իսկ իրականում այն բավականին թերի է եւ աղճատված:

Չցանկանալով խորանալ այդ վերլուծությունների մութ շերտերի մեջ, քանզի դրանք որոշակիորեն դուրս են սույն նյութի ասելիքից, նշենք միայն, որ փաստորեն եղավ ամենավատթարը. կորցրեցինք Արցախի մի մասը, տվեցինք մի քանի հազար մատղաշ զոհեր, ունեցանք հազարավոր անհետ կորածներ ու գերիներ, որը ջարդեց ողջ հայության ողնաշարը: Ասեմ, որ արձանագրված արդյունքը լրիվ անակնկալ էր ինչպես հայության, այնպես էլ աշխարհի համար…: Եվ այս ամենը նաեւ նրա համար, որ տասնյակ տարիներ շարունակ հայկական կողմից աշխարհին մշտապես հրամցվում էր այն միֆը, որ Արցախի բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է եւ շատերի համար նրա հետ գործ ունենալը պարզապես դյուրին չի լինի: Այլ խոսքով, նրա հետ գործ ունենալը շատ նման կլինի կրակի հետ խաղ անելուն: Սակայն ժամանակի ընթացքում միֆերը միշտ էլ փլվում են եւ Արցախյան բանակի միֆը եւս արժանացավ այդ ճակատագրին:

Իհարկե, Արցախի կապիտուլյացիան կապել միայն Արցախի բանակի միֆի հետ, մեծագույն սխալ կլինի, քանզի դրան նպաստեցին բազմապիսի այլ հանգամանքներ եւս: Դրանցից մեկն էլ ռազմաճակատում տիրող բարոյահոգեբանական վիճակն էր, որը դրսեւորվեց բազում բացասական անակնկալներով, ընդհուպ՝ դիրքերում գտնվող բազմաթիվ «կռվողների» մասսայական դավաճանություններով՝ մարտական դիրքերի դասալքությամբ: Բնական է, որ նման պարագայում ունեցանք այն, ինչ ունեցանք…:

Եղածը եղավ, այնպես որ, պետք է արագ խելքի գանք, փորձենք ամեն գնով շարունակվելիք պատերազմի դեմն առնել եւ ուղղենք մեր ողնաշարը ու ամեն ինչ անենք, որպեսզի աստիճանաբար ետ բերենք կորցրածը եւ կամաց-կամաց տիրենք հետագա նախաձեռնությանը:

Այժմ տեսնենք, թե ինչ իրական նախադրյալներ կան դրան հասնելու համար: Բնական է, որ առաջին հերթին պետք է ունենալ այնպիսի հասարակություն, որը Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ լցված լինի մեծ վրեժով, ոչ մի կերպ չհամակերպվի եղած կորուստների հետ եւ պատրաստակամ լինի անհնարինն անել պարտության խարանը պատվով մաքրելու համար: Իսկ այսօր ունե՞նք նման հասարակություն, որը պատրաստ է դրան: Վերլուծելով մեր հասարակության այսօրվա շերտերի նկարագիրը, ցավոք, այնքան էլ հուսադրող պատկեր չի ուրվագծվում: Այժմ մի քիչ ավելի մանրամասն:

Ներկա հասարակությանը պայմանականորեն կարելի է բաժանել երկու հիմնական մասի. հայրենասեր՝ հայրենիքի համար ամեն ինչի պատրաստ եւ անտարբեր, որոնց բացի իրենց անձնական կյանքից, համարյա ոչինչ չի հետաքրքրում եւ նրանք պատերազմից հետո եւս շարունակում են ապրել իրենց նախկին՝ առօրյա, անհոգ ապրելակերպով: Այլ խոսքով, կարծես տեղի ունեցածը նրանց վրա որեւէ ազդեցություն չի էլ թողել… Ցավոք, հայրենասեր շերտի համեմատությամբ նրանց թվաքանակն էապես ավելի մեծ է եւ ակնհայտ է, որ հասարակության նման բազայով շատ դժվար է ձգտել եւ փորձել հասնել ռեւանշի…:

Չեմ ուզում անցնել զգացմունքային դաշտ, սակայն զարմանալ կարելի է, քանզի դեռ երեկ էր, որ կորցրեցինք Արցախի մի ահռելի հատվածը, կորցրեցինք 18-22 տարեկան՝ նոր բողբոջող հերոս տղաների մի ամբողջ սերունդ եւ մեծ թվով կամավորներ ու Արցախի խաղաղ բնակիչներ, ովքեր իրենց կյանքը դրեցին նաեւ այս շերտի մարդկանց ու նրանց ընտանիքների խաղաղ եւ ապահով ապրելու համար, սակայն նրանք թքած ունեն այդ ամենի վրա ու իրենց այնպես են պահում, կարծես այդ ամենը հենց այդպես էլ պետք է լիներ:

Նրանց թվում է, որ իրենք պետք է վայելքների եւ խաղաղության մեջ ապրեն, իսկ ուրիշների երեխաներն իրենց կյանքի գնով փորձեն պատերազմի դեմն առնել, զոհեն իրենց կյանքը եւ ապահովեն նրանց խաղաղ ու վայելուչ կյանքը: Չէ, պարոններ, այդպես չի լինում եւ չի լինելու: Մի օր թուրքերը գալու են եւ փակելու են ձեր վայելքների ճանապարհները…: Այնպես որ, խելքի եկեք եւ ձեզ արտոնյալի տեղ մի դրեք, քանզի թուրքի համար դուք եւս ընդամենը թնդանոթի միս եք…: Հիշեցնեմ, որ նրանք առաջին հերթին դավաճաններին են մորթում…

Ցավալին այն է, որ Հայաստանի հասարակության մեջ այդ շերտը թվաքանակով մեծամասնություն է կազմում եւ հարյուրամյակներ փայփայած պետականություն ունենալու մեր երազանքի պահպանումն ու զարգացումն անհնարին է առանց այդ շերտի լուրջ մասնակցության, քանզի թուրքը չի հանգստացել եղածով եւ ամեն ինչ անելու է, որպեսզի գրավի նաեւ Արցախի մնացած մասը, ինչու ոչ՝ նաեւ Հայաստանից որքան հնարավոր է շատ տարածքներ: Թող զարմանալի չհնչի, եթե ասեմ, որ նրանք նպատակադրվել են գրավել ընդհուպ Երեւանը: Իսկ այս պայմաններում հասարակության այդ շերտի նման պահվածքը ոչ այլ ինչ է, քան ջուր լցնել Թուրքիայի նպատակների իրականացման ջրաղացին, որի հետեւանքով լրջորեն կվտանգվի եւ մեր երկիրը, եւ նրա պետականության գոյությունը:

Այնպես որ, պահը օրհասական է, սթափվեք եւ խելքի եկեք, ձերբազատվեք ձեր հաճույքների դաշտից եւ ձեր ազգակիցների հետ կանգնեք հայրենիքի պաշտպանության կողքին: Իհարկե, այդ ամենը մարդու արյան մեջ պետք է լինի, սակայն ավելորդ չեմ համարում եւս մեկ անգամ ձեզ հուշել, որ ձեր նման պահելաձեւով մեծ հարված եք հասցնում մեր երկրի ու նրա պետականության գոյությանը …

Ամեն դեպքում, հուսով եմ, որ ասվածը ձեզ նիրհից կարթնացնի, կփորձեք ետ նայել դեպի ձեր նախնիների գեների ակունքներին, կբացեք ձեր հոգու աչքերը, մի քիչ կփոխվեք եւ բացի ձեր անձից, մի քիչ կսիրեք նաեւ ձեր հայրենիքը …

Կարծում եմ՝ հասկացաք …
Փառք մեր ժողովրդին, փառք մեր հերոսներին …

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
28.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031