Հավաստիացնում է «Առնո Բաբաջանյան» համերգասրահի եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Նաղդյանը
Երբ Հայաստան ժամանած զբոսաշրջիկներն ու հյուրերը մայրաքաղաքի Հանրապետության հրապարակից քայլում են դեպի Աբովյան փողոց, մշտապես հիանում են աջ կողմում գտնվող սեւ եւ կարմիր տուֆերի համադրությամբ ու յուրօրինակ ճարտարապետական ոճով 1900-ականների սկզբին կառուցված շենքով, որը հայտնի է որպես ֆիլհարմոնիայի փոքր դահլիճ եւ 2003 թվականից կրում է Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահ անունը։ Այստեղ 1932-ից գործում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան։
Շուրջ 20 տարի է՝ «Առավոտի» հետ զրույցներում շատ արվեստագետներ հավաստիացնում են, որ դրսից եւ ներսից շատ գեղեցիկ այս շենքը կորցրել է իր երբեմնի փառքը։ Նրանք նշում են, որ ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում ժամանակին իրենց փորձերն ու համերգներն են անցկացրել մեր պետական կոլեկտիվները, այդ թվում՝ ջազ նվագախումբը, գուսանական, պարի, երգի-պարի անսամբլները եւ այլն։
Այս դահլիճում 1924թ. առաջին անգամ կայացել է Ալեքսանդր Սպենդիարյանի բեմելը պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Հիշում են, որ համերգասրահի դիմացի շենքում են ապրել մեր մեծերից շատերը, այդ թվում՝ Հովհաննես Թումանյանը, Նիկոլ Աղբալյանը եւ մյուսները։ Եղանակային բարենպաստ պայմաններում դահլիճի պատուհանները համերգների ժամանակ չեն փակվել, ժողովուրդն էլ փողոցից հետեւել, ունկնդրել է համերգները։ Ասում են նաեւ, որ հայաստանցի եւ հյուրախաղորդ արվեստագետներն էլ արձագանքել են փողոցից հնչող բիսերին ու բրավոներին։ Իսկ հյուրախաղերի են եկել այնպիսի մեծություններ, ինչպիսիք են «Մետրոպոլիտեն- օպերայի» աստղեր Լուսի Ամարան, Լիլի Չուքասզյանը, ռումինահայ օպերային բաս Դավիթ Հովհաննեսը, բուլղարահայ տենոր Կարպիս Զոբյանը, ջութակահար Պավել Կոգանը, դաշնակահար Դավիթ Օյստրախը… բոլորին չես թվարկի։ Այստեղ մշտապես բեմ են բարձրացել Կոմիտասի անվան լարային քառյակը՝ առաջին կազմից սկսած, Գոհար Գասպարյանը, Զառա Դոլուխանյանը, Պավել Լիսիցյանը եւ այլք։
Կարդացեք նաև
Իսկ թե ինչու է համերգասրահը տեւական ժամանակահատված կորցրել դասական երաժշտարվեստին ծառայելու առաքելությունը, մեր զրուցակիցները բացատրում են վատ ակուստիկայով, որը հետեւանք է 1960-ականներին կատարված վերանորոգման, երբ ակուստիկան բարելավելու նպատակով դահլիճի պատերի մեջ տեղադրված դատարկ կուժերը հանվել են։
«Առավոտը» կապվեց «Առնո Բաբաջանյան» համերգասրահի եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Նաղդյանի հետ։ Վերը շարադրվածի առիթով մեր զրուցակիցն առաջինն անդրադարձավ դահլիճի ակուստիկայի խնդրին՝ հավաստիացնելով, որ հրավիրել է մասնագետ, որը կարծիք է հայտնել, թե ժամանակին պատերի մեջ տեղադրված կուժերը չհանվեին, միեւնույն է, խնդիրը չէր լուծվի, դա ընդամենը 3-5 տոկոսով է ազդում ակուստիկայի վրա։ Մասնագետն ասել է նաեւ, որ դահլիճի ծանր վարագույրները 50 տոկոսով կլանում են ձայնը։ «Խորհրդակցել եմ նաեւ ճարտարապետի հետ, որ դահլիճի պատմական տեսքը պահպանելով լուծումներ առաջարկի։ Եվ ընդհանրապես, ունենք կոսմետիկ վերանորոգման խնդիր»,- նշեց պարոն Նաղդյանը։ Մեր զրուցակիցը համակարծիք է, որ պետք է վերականգնել իրենց մոտ անցկացվող դասական երեկոների ավանդույթը, իր խոսքերով՝ դասական դաշտի համար ստեղծելով բավարար պայմաններ։ Հավելեց նաեւ, որ համերգասրահի ռոյալը «դարն ապրել է». «Անհրաժեշտ է, որ նման համերգասրահն ունենա առնվազն մեկ Steinway ռոյալ…»։
Հետաքրքրվեցինք նաեւ պետական ֆիլհարմոնիայի կազմում ընդգրկված չորս կոլեկտիվների ճակատագրով՝ Հայաստանի պետական ժողգործիքների անսամբլի (ղեկավար՝ Նորայր Դավթյան), Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական անսամբլի (ղեկավար՝ Արթուր Շահնազարյան), Ֆոլք-մոդեռն ժողգործիքների նվագախմբի (ղեկավար՝ Լեւոն Թեւանյան) ու Հայաստանի գուսանական եւ ժողովրդական երգի պետական անսամբլի (ղեկավար՝ Գեւորգ Մանասյան), որոնք, դժվար է հիշել, թե վերջին անգամ երբ են մեկնել հյուրախաղերի։ Դրան հակառակ՝ օրերս ռուսաստանյան պետական առաջին ալիքով անդրադարձ եղավ մի ադրբեջանցի օպերային երգչի հոբելյանին, որը ժողովրդական երգ կատարելիս նկարահանվել էր մեր շքեղ ժողգործիքների ֆոնին։ «Յուրաքանչյուր կոլեկտիվ պետք է ունենա իր մշակված զարգացման հեռանկարային ծրագիրը։ Տնօրենները զբաղված են դրանով»,- հակիրճ պատասխանեց պարոն Նաղդյանը։
Դիտարկմանը, թե նույնիսկ այս ոչ ծավալուն զրույցից պարզ է դառնում, որ անհրաժեշտ են ֆինանսական շոշափելի ծախսեր եւ պարտադիր են ոչ միայն նախարարության «մինչեւ վերջին լուման հաշվված» միջոցների նպատակային օգտագործում, այլեւ հավելյալ միջոցներ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ճիշտ կառավարման դեպքում, համոզված եմ, որ բացի վարձակալության եւ տոմսերի վաճառքից ստացված գումարներից, անհրաժեշտ է ներգրավել բարերարների, նրանց հետ հաստատելով բարեկամական կապեր»։
Ի դեպ, Արտյոմ Նաղդյանը ուսանել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում եւ ԱՄՆ-ի Warner Brothers-ում` ստանալով համապատասխանաբար թավջութակահարի եւ միջոցառումների կառավարչի մասնագիտություններ։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.01.2021