Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երկրաշարժերը Աստվածընկալում

Հունվար 29,2021 12:30

Աստվածընկալ գյուղը պատմական Նիգ գավառի հին բնակավայրերից է: Ներկայիս լքված գյուղատեղին Երնջատափ գյուղից մոտ 2 կմ արեւմուտք է, Քասախ կիրճում, գետի աջ բարձր դարավանդի վրա: Տեղում պահպանվել են բնակելի տների ավերակներ, արտադրական շինությունների հետքեր եւ այլն: Գյուղը լքվել է 1930-ական թվականներին: Ըստ ավանդության՝ Աստվածընկալն իր անունը ստացել է հայտնի քանդակազարդ խաչից, որի օրինակով խաչքար է պատրաստվել:

Աստվածընկալ գյուղատեղի հարավային մասի փոքրիկ հրվանդանի վրա համանուն, նշանավոր վանքի ավերակներն են, որի ամենահին շինությունը՝ բազիլիկ եկեղեցին, կառուցվել է 4-5-րդ դարերում, իսկ նրա հյուսիսային պատին կից, 13-րդ դարում, իշխանաց իշխան Քուրդ Վաչուտյանն ու նրա կինը՝ Մամիկոնյան գերդաստանի դուստր Խորիշահը, կառուցել են Սբ Նշան կաթողիկե (գլխավոր) եկեղեցին եւ քառասյուն գավիթը: Թորոս Թորամանյանն ուսումնասիրելով եկեղեցին, նշել է, որ կաթողիկեն կառուցվել է Անիի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ձեւով եւ չափերով: Կաթողիկեն գմբեթավոր դահլիճ է՝ մեկ զույգ որմնամույթերով, խորանի երկու կողմերում կառուցված կրկնահարկ ավանդատներով: Գմբեթը հենված է եղել որմնասյուների վրա: Առաջին հարկի ավանդատների դռները բացվում են բեմի վրա: Եկեղեցին ունի երկու դուռ, որից գլխավորը՝ արեւմտյան ճակատի շքամուտքն է, հարդարված դեկորատիվ քանդակներով, իսկ մյուսը՝ հարավային կողմից բացվում է բազիլիկ եկեղեցու մեջ: Արտաքինից եկեղեցու արեւելյան եւ հյուսիսային պատերին կան եռանկյունաձեւ խորշեր:

Կաթողիկե եկեղեցու կառուցումից անմիջապես հետո՝ 1244թ., նրան արեւմուտքից կից կառուցվել է ընդարձակ գավիթը, զարդարված ստալակտիտներով, որը իր տիպի մեջ լավագույններից է: Այն կառուցել է Հովհաննես ճարտարապետը:

Աստվածընկալը դարերի ընթացքում վնասվել է բազմաթիվ երկրաշարժերից եւ մեզ է հասել կիսավեր վիճակում: Ըստ որոշ ուսումնասիրողների, վանքը կործանվել է 1827թ. երկրաշարժից: Սակայն 1831թ. այստեղ այցելած Ի. Շոպենը գրել է, որ եկեղեցին բավականին լավ պահպանված է: Ուստի, այն հիմնականում ավերվել է 1840թ. հունիսի 20-ին՝ երկրաշարժից: Քանդվել են բազիլիկ եկեղեցու, կից խորանի ու դամբարանային սենյակի ծածկերը, աստիճանաբար խարխալվել ու ընկել է եկեղեցու գմբեթը, գավթի աջակողմյան սյան տեղախախտումից ավերվել է կտուրի հյուսիս-արեւմտյան մասը: Այդ առթիվ, Երեւանի նահանգի 1840թ. երկրաշարժից տուժած վանքերի եւ եկեղեցիների ցուցակում նշվել է. «Աստուածընկալ գեղջ սուրբ Խաչ եկեղեցւոյ տաճարի գմբեթն խախտեալ է մասնաւոր եւ քանի մի քարինս անկեալ»:

Աստվածընկալի պատերը վնասվել ու վտանգավոր ճաքեր են ստացել նաեւ 1988թ. Սպիտակի երկրաշարժի ժամանակ եւ ներկայումս վանական համալիրը վերականգնվում է:

ԱՐՄԵՆ ԱՍԱՏՐՅԱՆ
Գիտաշխատող
Աստվածընկալ վանքի լուսանկարը՝ Վիքիպեդիայից:

«Առավոտ» օրաթերթ
28.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031