Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մոսկվայից՝ կանգառ Երեւանում

Հունվար 29,2021 12:00

«Հարատեւ եւ բոլորի շահերը հասցեագրող խաղաղություն» է անհրաժեշտ, ասում է պաշտոնական Երեւանը՝ Իրանի ԱԳ նախարարին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը կարեւոր էր Իրանի ազգային անվտանգության տեսանկյունից, սա Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆի խոսքն է՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում: Նախարարը հիշեցրել է, որ Իրանը «մեծ ջանքեր է գործադրել» հակամարտության տարածաշրջանային լուծում առաջարկելու համար: «Մենք շատ ուրախ ենք, որ Ռուսաստանի Դաշնության ջանքերով գտնվեց մի լուծում, որը շատ նման է մեր առաջարկածին: Եվ այն բերվել է գործնական հարթություն», – հավելել է Զարիֆը: «Կարծում եմ, որ այսօր նախապատրաստվել են պայմաններ Ղարաբաղի բարգավաճման համար, հիմք է նախապատրաստվել տնտեսական եւ տրանսպորտային նախագծերի շուրջ համագործակցության համար», – ասել է Զարիֆը:

Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը, ինչպես նաեւ այլ երկրներ հետաքրքրություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի տնտեսության վերականգնման հարցում, իր հերթին նշել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Մենք կասկածներ չունենք, որ Իրանը շահագրգռված կլինի միանալ այս նախագծերին: Ռուսաստանը նույնպես անմիջականորեն մասնակցելու է այն ջանքերին, որոնք բխում են տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին համաձայնագրերից:

Հաշվի առնելով դա՝ արդեն կան հատուկ ծրագրեր, փոխվարչապետների մակարդակով ստեղծվել է եռակողմ մեխանիզմ, որն առաջիկայում պետք է անցկացնի առաջին հանդիպումը: Բացի Ռուսաստանից, Իրանից, Թուրքիայից, կան շատ ցանկացողներ, որոնք ուզում են միանալ տնտեսության վերականգնմանը», – ասել է Լավրովը՝ Զարիֆի հետ բանակցություններից հետո: Ինչպես նշել է Լավրովը, այսօր ավելի ու ավելի շատ նախաձեռնություններ են հնչում, որ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը ձգտում են տարածաշրջանում նոր հարաբերություններ կառուցել՝ հաշվի առնելով նոր իրողությունը:

«Հաշվի առնելով մեր երկրների դերակատարությունը մեզ շրջապատող տարածաշրջանում՝ մենք շահագրգռված ենք խորացնել համագործակցությունն այնպիսի հարցերով, ինչպիսիք ենք Պարսից ծոցի անվտանգությունը, աֆղանական կարգավորման խնդիրները, եւ իհարկե, կարելի է քննարկել իրավիճակը, որն առաջացել է Լեռնային Ղարաբաղի շուրջ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պայմանավորվածությունից հետո»,- ասել է Լավրովը:

Զարիֆը չի թաքցրել, որ իր այցի նպատակներից է՝ հնարավորություններ մշակել, որոնք բխում են Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ Ռուսաստանի նախագահի ղեկավարությամբ ձեռբերված պայմանավորվածություններից:

Արցախյան թեման ռուս-իրանական բանակցությունների օրակարգի հիմնական հարցերից էր: Նկատենք, Մոսկվա Զարիֆը ժամանեց Բաքվից, որտեղ հանդիպել էր Ադրբեջանի ղեկավարության հետ եւ հայտարարել, թե Իրանը պատրաստ է մասնակցել պատերազմի հետեւանքով Ադրբեջանին անցած տարածքների վերականգնմանը:

Թե ռուսական, թե իրանական կողմը շեշտում են վեցակողմ նախաձեռնության մասին, որն առաջարկել են Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները, նրանք կարեւորում են, որ նախաձեռնությունը կներառի՝ Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանն ու Հայաստանը:

Բայց արդյո՞ք սա մի ձեւաչափ չի դառնա, որը կգործի ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի, եւ առհասարակ, որքանով է Հայաստանի համար թուրք-ադրբեջանական նախաձեռնությունը լինելու շահավետ: Պաշտոնական Երեւանից առայժմ հստակ պարզաբանումներ չկան այս առիթով, պարզ չէ, թե նման վեցակողմ նախաձեռնությունում կոնկրետ ինչ ձեռքբերումներ, ինչ առավելություններ կարող է ունենալ Հայաստանը:

Այսպիսով, տարածաշրջանի բոլոր խաղացողների հստակ է, որ Իրանը ձգտում է միանալ տարածաշրջանի տնտեսական զարգացման ուղղված նախագծերին։

Հունվարի 26-ին մեկնարկեց Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցը Երեւան: Հունվարի 27-ին ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը Զարիֆի հետ հանդիպմանը ուշագրավ դիտարկում արեց:

ՀՀ ԱԳ նախարարը նախ նշեց, որ Հայաստանը կարեւորում է Իրանի հետ առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, սերտ առեւտրատնտեսական կապերը, համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, որ Իրանը Հայաստանի 4-րդ առեւտրային գործընկերն է, եւ, բնականաբար, մեր օրակարգում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում առեւտրատնտեսական փոխգործակցության խթանումը: «Այժմ մեր տարածաշրջանն առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների, որոնք ստեղծվել են ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու Ադրբեջանի վտանգավոր փորձի արդյունքում: Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի եւ ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տեւական խաղաղության համար կամ դիտարկվել որպես տարածաշրջանային համագործակցության հնարավորություն: Իրանը տարածաշրջանում կարեւոր երկիր է, եւ մենք հարգում ենք Իրանի մոտեցումները, որով նա կառուցում է իր հարաբերություններն անմիջական հարեւանների հետ:

Այնուհանդերձ, կուզենայինք մեկ անգամ եւս շեշտել, որ միայն հարատեւ եւ բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը, որտեղ չկան «հաղթողներ եւ պարտվողներ», այսպես կոչված, «հաղթանակներ կամ պարտություններ», կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության եւ զարգացման առաջմղման համար»:

Իրանի ոգեւորությանը, տարածաշրջանային նոր հնարավորությունների սպասմանն, այսպիսով, պաշտոնական Երեւանը հակադարձել է, որ ներկայիս իրավիճակն այնքան էլ միանշանակ՝ «հարատեւ եւ բոլորի շահերը հասցեագրող խաղաղություն» չէ:

Ավելի ուշ կայացավ Զարիֆի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ։ Ողջունելով Իրանի ԱԳ նախարարին՝ Փաշինյանը նշել է. «Տարածաշրջանի կայունությունը, խաղաղությունը եւ կայուն զարգացումը, կարծում եմ, մեր ընդհանուր հետաքրքրությունների տիրույթում է: Իհարկե, մեր երկրների հարաբերությունները հիմնված են ավանդական բարեկամության վրա, եւ միշտ ուրախ ենք Իրանի ներկայացուցիչներին ընդունել մեր երկրում եւ մեր կառավարությունում»:

Իրանի ԱԳ նախարարն իր հերթին նկատել է. «Մենք Հայաստանի Հանրապետության հետ ունենք շատ ջերմ հարաբերություններ: Անձամբ Ձեր անձի նկատմամբ Իրանում մեծ հարգանք են տածում, այն քաջության վերաբերյալ, որ Դուք խաղաղության ուղղությամբ այդ քայլը վերցրեցիք: Մենք ձեզ հետ ունենք ընդհանուր տարածաշրջանային մտահոգություններ: Այդ հակամարտության հենց առաջին իսկ օրվանից եւ՛ ձեզ հետ, եւ՛ տարածաշրջանի այլ երկրների հետ միշտ կապի մեջ ենք եղել եւ ցանկանում ենք այդ կապը պահպանել՝ ունենալով համագործակցության հեռանկարներ: Ե՛վ երկկողմ, եւ՛ բազմակողմ ձեւաչափով հնարավորություններ ունենք համագործակցելու, եւ լավ կլիներ այսօր միասին այդ հարցերի շուրջ քննարկումներ ունենանք»: Ապա, Զարիֆը հավելել է. «Անշուշտ, Դուք գիտեք Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը ճգնաժամի վերաբերյալ. դա միջազգային իրավունքի պահպանումն է, ժողովուրդների պահպանումը, փոքրամասնությունների պահպանումը, ինչպես նաեւ տարածքային ամբողջականության պահպանումը եւ ուժի չկիրառումը»:

Ըստ կառավարության տարածած մամլո հաղորդագրության՝ ՀՀ վարչապետը եւ Իրանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի եւ զարգացումների շուրջ, կարեւորել են տարածաշրջանային կայունության ապահովման եւ այդ ուղղությամբ կառուցողական փոխգործակցության ոգով աշխատանքը: «Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված՝ կան եւ՛ մարտահրավերներ, եւ՛ հնարավորություններ, եւ միայն համատեղ կառուցողական ջանքերի, համապատասխան միջավայրի միջոցով հնարավոր կլինի կայունություն եւ երկարատեւ խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Վարչապետը նշել է, որ դեռեւս չլուծված են մնում շատ հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, եւ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Փաշինյանն ընդգծել է, որ կարեւորագույն առաջնահերթություն է շարունակում մնալ ռազմագերիների վերադարձը, եւ հայկական կողմի ընկալումն այն է, որ նոյեմբերի 10-ի հայտարարության 8-րդ կետը պետք է կատարվի առանց նախապայմանների»:

Նիկոլ Փաշինյանը եւ Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադարձել են նաեւ երկկողմ հարաբերությունների օրակարգին եւ տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին, կարեւորել են տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը եւ վերագործարկումը, ինչը կնպաստի առկա տնտեսական ներուժի իրացման ծավալների ավելացմանը: «Քննարկվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ հավանական ծրագրերին վերաբերող հարցեր: Կողմերը վերահաստատել են փոխշահավետ գործակցությունը շարունակելու պատրաստակամությունը»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 28.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031