Երկու օր առաջ Գյումրու ծննդատանը ծնվել է արցախյան գոյամարտում նահատակված գյումրեցի հերոս Ալեն Ստեփանյանի քրոջ՝ Գայանե Ստեփանյանի որդին։ Նրան անվանել են Ալեն՝ ի պատիվ քեռու։ Ալենը Գայանեի երկրորդ որդին է։
Գայանեն մեզ պատմեց, որ եղբայրը 19 տարեկան էր, ժամկետային զինծառայող։ Նա 1 տարի, 3 ամիս ծառայում էր Հայոց բանակում՝ Հադրութում։ Քույրն ասաց, որ եղբայր սերժանտ է եղել, առաջնագծի դիրքի ավագ, զոհվել է հոկտեմբերի 1-ին։
«Երեխաս ծնվել է նույն ծննդատանը, որտեղ ծնվել է եղբայրս, նույն քաշով՝ 3 կիլոգրամ, 200 գրամ, նույն անուն-ազգանունով՝ Ալեն Ստեփանյան։ Ցանկությունս մեկն է, մեր նոր սերունդն ապրի խաղաղ երկնքի տակ, կյանքում չտեսնի, չզգա այն, ինչ մենք տեսանք ու զգացինք ու դեռ զգալու ենք մեր ողջ կյանքի ընթացքում։ Ուզում եմ, որ բոլորի տանն այսպիսի վերածնունդներ լինեն։ Իմ որդին քեռուն շատ նման է։ Եղբայրս շատ նպատակներ, երազանքներ ուներ, որոնք կիսատ մնացին․․․ Դրանք կապված էին ուսման, սպորտի հետ, տարբեր սպորտաձևեր էր պարապում։ Բանակ գնալուց առաջ տարկետում տվեցին, չվերցրեց, ուզում էր ժամանակին գնալ, ծառայել»- Aravot.am-ին պատմեց Գայանեն։
Կարդացեք նաև
Ալենը նրանց միակ եղբայրն էր, երկու քույր, մեկ եղբայր էին։
Գյումրու ծննդատան տնօրենի ժ/պ Էդգար Սուքիասյանն էլ մեզ հետ զրույցում կարևորեց ժողովրդագրական աճը, ասաց, որ երկրաշարժից հետո զոհեր ունեցող ընտանիքները, թեկուզ բարձր տարիքում երեխաներ էին ունենում, որպեսզի համալրեին բացը։
Ըստ Էդգար Սուքիասյանի, նույնը պիտի լինի այս պարագայում՝ հետպատերազմյան Հայաստանում։
«Ծնելիության աճը պիտի դառնա ռազմավարական ծրագիր, ինչպես աշխարհի շատ երկրներում, Հայաստանում խիստ ուշադրություն պիտի դարձնեն, մարդիկ պիտի վստահ լինեն, որ իրենք ուշադրության կենտրոնում են ու չմտահոգվեն իրենց երեխայի ապագայի մասին։ Պիտի հասնենք դրան»,-ասաց տնօրենի ժ/պ-ն։
Ըստ նրա, մարդիկ չպիտի բավարարվեն երկու երեխայով, դրանով ազգը չեն բազմացնի, պիտի ունենան 3-րդ, -4-րդ երեխան՝ իհարկե, լինելով, որ սոցիալական խնդիրներ չեն ունենա, գտնվում են պետության ուշադրության կենտրոնում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ