Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բենիամին Պողոսյան․«Լայնածավալ մարտական գործողություններ սկսվելու հիմքեր չկան, բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանը չի ձեռնարկի քայլեր, որպեսզի Արցախի հայ բնակչության համար անվտանգության խնդիրները սրվեն»

Հունվար 28,2021 20:10

Նոյեմբերի 9-ից հետո՝ զինադադարի մասին եռակողմ ստորագրված հայտարարությունից հետո ՀՀ-ի առջեւ անվտանգային մարտահրավերներն ավելին են, քան մինչեւ պատերազմն էր, եւ եթե պետությունը ծանր պարտություն է կրում,  կապիտուլացվում, ապա անհնար է, որ մարտահրավերներն ավելի քիչ լինեն, կամ անվտանգության մակարդակն ավելի նվազի։ Այս մասին այսօր «Հոդված 3» ակումբում «Բանակը եւ անվտանգության նոր մարտահրավերները պատերազմից հետո» թեմայով քննարկմանն ասաց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։ Նրա ներկայացմամբ՝ Արցախի եւ ՀՀ-ի անվտանգային միջավայրը մեկ ընդհանուր միջավայր է, եւ հիմա փաստացի Արցախն  առկախված վիճակում է։

«Անվտանգության մարտահրավերները շարունակվում են, հասկանալի է, որ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու հիմքեր չկան, քանի դեռ ռուսական խաղաղապահներն այնտեղ են, բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանը չի ձեռնարկի քայլեր, որպեսզի Արցախի հայ բնակչության համար անվտանգության խնդիրները սրվեն եւ աստիճանաբար արտահոսք սկսվի։ Դրա համար տարբեր մեթոդներ կան՝ մանր սադրանքներ ճանապարհներին եւ այլն, իսկ ռուս խաղաղապահներն այնպես չէ, որ  ամեն մետրի վրա կանգնած են»,-ասաց քաղաքագետը։

Նա նաեւ նշեց, որ հիմա Արցախում ՀՀ քաղաքացիների զինծառայության հետ կապված իրավիճակն անհասկանալի է՝ մի կողմից էլ ծնողները չեն ուզում իրենց երեխաներն այնտեղ ծառայեն,  Ադրբեջանի դիրքորոշումը պարզ է՝ դեմ են,  հստակ չէ ՌԴ-ն  ինչ դիրքորոշում կունենա․«Բայց բոլորս ենք հասկանում, 70-80  հազար բնակչություն ունեցող մի պետություն չի կարող իր անվտանգությունն ապահովել, հետեւաբար, սա նույնպես լուրջ խնդիր է»։

Անդրադառնալով Հայաստանի հանրապետության սահմաններին, պարոն Պողոսյանն, օրինակ բերեց Սյունիքի սահմանները, նշելով՝  մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովված չէ․«Մեր քաղաքացիներն ամեն օր հարկադրված են  իրենց առօրյա խնդիրների նպատակով դուրս գալ ՀՀ  տարածքից եւ մտնել «Ադրբեջանի տարածք» եւ մենք ընդամենը երաշխիքներ ունենք, ՌԴ սահմանապահ զորքերն են Սյունիքում, ինչը հստակ չէ՝ ի՞նչ իրավական կարգավորումներով են այնտեղ, եթե  միջադեպ լինի,  ի՞նչ իրավական կարգավորումներով են լուծվելու»։

Տարածաշրջանային անվտանգության մասին էլ քաղաքագետն ասաց, որ  տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունն աճում է, մյուս կողմից՝ ՌԴ-ն հակված է առայժմ Թուրքայի հետ կարգավորել տարածաշրջանն  ինչ-ինչ պայմանավորվածությամբ․«Հիմա Հայաստանն ու Ադրբեջանը բաժանված են Թուրքիայի եւ ՌԴ-ի  միջեւ, չեմ բացառում, որ նմանատիպ պայմանավորվածություններ լինեն նաեւ Վրաստանի առնչությամբ։ Սա եւս մեզ չի կարող գոհացնել։ Ես միանշանակ գտնում եմ, որ Թուրքիան շահագրգռված չէ, որ ՀՀ-ն ուժեղանա կամ  տնտեսապես հզորանա։ Հետեւաբար, այն խոսակցությունները, ենթակառուցվածքների  ապաշրջափակումից հետո թուրքական գումարները կհոսեն ՀՀ,  մենք տնտեսապես կուժեղանանք կամ թուրք զբոսաշրջիկները կգան Հայաստան եւ մենք, վերջապես, կսկսենք լավ ապրել, դրանք տրամաբանությունից դուրս են»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031