Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրապարակվել է ԼՂ-ի հակամարտությունից տուժած անձանց աջակցման՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և գործընկերների Ծրագրի առցանց տարբերակը

Հունվար 28,2021 19:50

Հունվարի 28, Երևան – ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը, Մշտական համակարգող Շոմբի Շարփի և ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի ղեկավարությամբ, գործընկեր ՀԿ-ների հետ միասին, հրապարակել է Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագիրը: Ծրագիրը նախապես ներկայացվել է Կառավարությանը և դոնոր համայնքին:

Արձագանքման ծրագիրը, որը լրացնում է Կառավարության աջակցության նախաձեռնությունները, գործելու է մինչև 2021 թ. հունիսը, և ծառայում է որպես համակարգման և պաշտպանության գործիք: Այն նախանշում է մարդասիրական աջակցության առաջնահերթությունները, մինչ օրս իրականացված ծրագրերը, ինչպես նաև՝ նոր միջոցների հավաքագրման կոչ է անում, որոնք անհրաժեշտ են Հայաստանում ապաստանած շուրջ 90,000 մարդկանց և նրանց հյուրընկալած համայնքների կարիքները հոգալու համար: Արձագանքման պլանը ներառում է 36 մարդասիրական գործընկեր և 62,6 մլն ԱՄՆ դոլարի ընդհանուր ֆինանսական պահանջներով 188 նախագիծ` վեց հիմնական ոլորտներում անհրաժեշտ օգնությունն ապահովելու համար (պաշտպանություն, այդ թվում՝ երեխաների պաշտպանություն, կրթություն, ապաստան և ոչ պարենային ապրանքներ; սննդի անվտանգություն և սնուցում, առողջապահություն և վաղ վերականգնում):

«Հակամարտության առաջին իսկ օրվանից, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, իր գործընկերների հետ միասին, ջանասիրաբար աշխատել է՝ հոգալու համար իրենց տները հարկադրված լքած անձանց առաջնային կարիքները, և այս Ծրագիրը ներկայացնում է էլ ավելի մեծ աջակցության և համերաշխության կարևոր նոր հնարավորություն՝ բարելավելով մարդասիրական դոնորների ներգրավումը», – նշել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը՝ Միջգործակալական արձագանքման ծրագրի ներկայացմանը:

Կառավարության ներկայացուցիչները, այդ թվում՝ գործընկեր նախարարությունները, բարձր են գնահատել ճգնաժամի արձագանքման շուրջ ՄԱԿ-ի, միջազգային հանրության և ՀԿ-ների հետ համագործակցությունը և կարևորել Արձագանքման ծրագրի դերը՝ գործընկերության հետագա ընդլայնման հարցում:

«Չնայած որ հակամարտությունն ավարտվել է, Հայաստանում փախստականների կարգավիճակում գտնվող մարդիկ հրատապ մարդասիրական աջակցության կարիք ունեն, ինչն էլ ավելի է սրվել ձմռան հետևանքով: Ծրագիրը Կառավարությանը աջակցելու մեր համատեղ ջանքն է՝ այս մարդկանց թե անմիջապես, թե միջնաժամկետ կտրվածքով աջակցելու նպատակով: Ծրագիրը նաև հաշվի է առնում հյուրընկալած համայնքները, որոնք սրտաբաց ընդունել են ժամանածներին», – ավելացրել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստը:

Մարդասիրական աջակցության և զարգացմանն ուղղված ծրագրերի միջև արդյունավետ կապը ապահովելու համար՝ Արձագանքման ծրագիրը մշակվել է COVID-19 սոցիալ-տնտեսական արձագանքման և վերականգնման պլանին և ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության շրջանակին համահունչ, որը կներկայացնի Հայաստանի հետ ՄԱԿ-ի համագործակցության առաջնահերթությունները 2021 – 2025 թվականներին:

Ծրագիրը նպատակ ունի ընդլայնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, մարդասիրական և զարգացման գործընկերների կողմից արդեն իսկ տրամադրված աջակցությունը, որը կարևոր ազդեցություն է ունեցել հակամարտության հենց սկզբից տեղահանված մարդկանց մի շարք կարևոր կարիքները հոգալու համար: 2020 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ՄԱԿ-ի գործակալությունները և գործընկերները տրամադրել են 33,330 ոչ պարենային ապրանք, այդ թվում՝ անկողնային իրեր, սրբիչներ, հիգիենայի պարագաներ և կենցաղային իրեր, 1,000 ծալովի մահճակալ, ինչպես նաև՝ վճարել են ապաստարանի դեր կատարած 64 օբյեկտի կոմունալ ծախսերը: Աջակցություն է ցուցաբերվել 11,500 դպրոցահասակ երեխաների, ովքեր ներկայումս միջնակարգ կրթություն են ստանում Հայաստանում: Բացի այդ, մի շարք այլ միջոցառումների հետ մեկտեղ, յուրաքանչյուր ամիս հարյուրավոր տոննա պարենային օգնություն է տրամադրվում շուրջ 18,000 մարդու:

 ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031