«Չորս տարի է, ինչ պետական պաշտոն չունեմ եւ զինվորական կենսաթոշակառու եմ։ Խելացի մարդիկ, որոնք գոնե փոքր-ինչ կրթություն ունեն, գիտեն՝ ոչ պետական պաշտոնի մարդիկ չեն կարող որոշում ընդունել։ Ես Շուշիում եղել եմ կամավոր եւ փորձել եմ աջակցել կազմակերպել տեղի աշխարհազորը»,-«Եռաբլուրում» այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Շուշիի անկման փաստին՝ ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նա նշեց․ «Շուշիի մարտական գործողությունները, ինչպես նաեւ՝ մյուս հատվածների մարտական գործողությունները, ղեկավարել է բանակի ղեկավար կազմը։ Բոլոր հարցերը նրանց է պետք տալ։ Բայց այն, որ բարձր մակարդակով հայտարարում են, թե Շուշիի հարցը եղել է բանակցությունների սկզբում, թե Շուշին դժգույն քաղաք էր կամ հայկական չէր, բերում են կասկածամտության, թե ինչպես եղավ Շուշիի անկումը։ Այդ հարցերին թող պատասխանեն իրենք եւ հատկապես իրավապահները»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ