Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ իմանա, գուցե մեր կառավարությունը մեզ անակնկալ անի, գան՝ ասեն՝ հենց այս պահին դուրս եկեք». Տիգրանաշենի բնակիչները կասկածը սրտում ապրում են

Հունվար 28,2021 19:01

Փախստականի կենսակերպն ու հոգեվիճակը չհաղթահարած՝ տիկին Մանյային եւ նրա ամուսնուն՝ 88-ամյա Վլադիմիրին, կյանքը նոր մարտահրավեր է նետում: Ամուսիններն անհանգստացած են, հնարավոր է օր ծերության կրկին ստիպված լինեն երկրորդ անգամ լքել իրենց կյանքում ստեղծած ապրուստը: Ասում են՝ մեծահասակ են, այս անգամ չեն դիմանա: Ամուսինները Տիգրանաշենում ապրելու Գետաշենից են եկել՝ արցախյան առաջին պատերազմից հետո: Փախել են վրայի հագուստով, ունեցվածքից անգամ մեկ ասեղ չեն հասցրել փրկել:

 

Տիգրանաշենում զրոյից տուն-տեղ են դրել, տնտեսություն ստեղծել: Այդ տարիքում էլ Վլադիմիր Սարայանը այգում աշխատում է, նապաստակներ եւ տնային այլ կենդանիներ է պահում: Բայց ինչ լսել է, որ Տիգրանաշենն էլ կարող է հանձնեն, ինչպես Հայաստանի այլ  բնակավայրերը  տեղը չի գտնում: Չնայած՝ այս տարիքում հասկացել է՝ ունեցվածքը հեչ բան է մարդկային կյանքերի համեմատությամբ:

«Մի անգամ արդեն այդ ամենն ապրել ենք: Ամեն ինչ թողել՝ եկել ենք: Երեք հարկանի շենք էինք սարքել: Հիմա մի քանդված տուն է, իրար ենք գցել ապրում ենք, բայց ուզում են Քյարքիից էլ մեզ հանեն: Էդ քանդված տանն էլ արժանի չենք: Չգիտենք՝ ինչ կլինի: Եթե մեր պետությունը մեզ այստեղից հանի, մեզ տուն տալո՞ւ է: Չգիտես՝ ինչ է մտածում այս պետությունը, այս կառավարություն կոչվածը, որը պինդ նստել է: Ադրբեջանցին ինչ ասում է, խելոք կատարում են: Սա էլ մեր հայրենիքն է կոչվում, բայց մեր հայրենիքում էլ մեզ մեր տնից հանում են»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Մանյա Սարայանը:

Նրա խոսքով, ոչ մի հստակ բացատրություն չեն տալիս՝ Տիգրանաշենը հանձնում են, թե՝ ոչ, տիգրանաշենցիներն էլ արդեն երկու ամսից ավել է կասկածը սրտում ապրում են, ձեռքները չի գնում տնտեսությունում մի բան ավելացնեն, հակառակը՝ որոշ բնակիչներ մտադիր են տները վաճառել: Սակայն այդ հարցում էլ բախտները չի բերել. 30 տարուց ավելի է Տիգրանաշենի գույքը կադաստրային գրանցում չունի. Մարդիկ իրենց տներում ապրում են առանց սեփականության վկայականների: Հաշվառման հասցեն էլ Պարույր Սեւակ համայնքի փողոցներից մեկում է:

Վլադիմիր Սարայանը հոր պատմությունները հաճախ է հիշում՝ թուրքի հետ խաղաղ ապրել չի լինի. «Հայրս ասում էր՝ լավ է Սովետը եկավ, մինչեւ այդ էլի նույնն է եղել՝ հայն ու թուրքը կռվել են: Սովետը եկավ բարիշացրեց, բայց վերջում էլ Գորբաչովը բանի տեղ չդրեց՝ Սումգայիթը, Բաքուն, Կիրովաբադը կոտորեցին, գետաշենում 30 մարդ սպանեցին:  Բայց պրծավ, էլ չենք կարող միասին ապրել:

Սովետը պիտի գա, նրան էլ մեզ էլ ղեկավարի, որ մենք կարողանանք միասին ապրել: Էս աշխարհը ինչ ստեղծվել է, հայն ու թուրքն իրար հետ կռվել են: Սովետը եկած վախտն էլ անգամ թուրքերը հարձակվել են՝ Կիրովաբադը վերցրել են, Ազատը, Կամոն վերցրել են, Մարտունաշենը վերցրել են, մնացել է մի Գետաշեն»:

Արարատի մարզի Տիգրանաշեն՝ Քյարքի, գյուղը, որի շուրջ արդեն երկու ամսից ավելի է խոսակցություններ են պտտվում, թե հանձնելու են Ադրբեջանին, անմիջապես Հայաստանի հյուսիսը հարավին կապող հիմնական Մ2 մայրուղու հարեւանությամբ է: Քյարքին խորհրդային տարիներին ադրբեջանական անկլավ է եղել հայկական տարածքում: Երեւանից մոտ 60 կիլոմետր հեռավորության վրա է: Արցախյան պատերազմի տարիներին Քյարքին անցել է Հայաստանի զինված ուժերի վերահսկողության տակ: Այստեղ հիմնականում ապրում են փախստականներ՝ Բաքվից, Գետաշենից, Սումգայիթից եւ այլ բնակավայրերից: Տեղացիներ էլ շատ կան:

Ցույց տալով Տիգրանաշենի վերեւի հատվածով անցնող ավտոմայրուղին Տիգրանաշենի բնակիչ Նորիկ Մելքոնյանն ասում է՝ այս ճանապարհը մեծ նշանակություն ունի Հայաստանի համար, այստեղով գնում են Ջերմուկ, Գորիս, Մեղրի, Արցախ, եւ չի պատկերացնում՝ ինչպես կարող են Տիգրանաշենը հանձնել: Նրա խոսքով, եթե կառավարությունը գյուղի բնակիչներին զինի, պատրաստ են ադրբեջանցիների հետ մարտի բռնվել՝ միայն թե հողերը չտան: Բայց վստահ չէ, որ կառավարությունը կկանգնի բնակիչների թիկունքին:

Ավտոմայրուղու այդ հատվածում գրեթե կլոր տարին գյուղատնտեսական փոքրիկ շուկա է գործում: Տիգրանաշենի նաեւ հարակից գյուղերի բնակիչներն իրենց այգու բերք ու բարիքն այստեղ են վաճառում:

Նորիկ Մելքոնյանը 8 երեխա ունի: Նրանցից ոմանք ամուսնացել՝ հայրական տունը լքել են, ոմանք էլ այս գյուղում են մնացել եւ տուն-տեղ դրել: Ասում է՝ 30 տարի այս գյուղում է ապրում եւ Տիգրանաշենն իր բնակլիմայական պայմաններով  տարբերվում է տարածքի բնակավայրերից. «Լավ գյուղ է, արեւոտ ու պայծառ: Ներքեւներում ցուրտ է լինում, այստեղ՝ արեւ: Խաղաղ, շատ լավ գյուղ է: Ադրբեջանցիների սահմանից կտրված է, կարծես մի կղզի լինի: Այստեղից դեպի նրանց կողմը մոտ 7 կիլոմետր տարածք կա: Գյուղը չորս կողմից հայկական բնակավայրերով է շրջապատված: Եթե գյուղը հանձնեն, նրանք ո՞նց պիտի անեն: Գնալ-գալը ո՞նց պիտի լինի»,-բարձրաձայն մտորում է մեր զրուցակիցը: Իսկ հարցերի պատասխաններն օդում կախված են, քանի որ ոչ մի պաշտոնական պատասխան, ինչպես գյուղացիներն են պնդում, մինչ այսօր չեն ստացել: Նորիկ Մելքոնյանի խոսքով, միայն Արարատի մարզպետն է բանավոր ասել՝ հանգիստ եղեք գյուղը չենք տալու:

«Երբ մերոնք այս գյուղը վերցրել են, շատ մեծ ջերմոցներ են գյուղում եղել: Ծաղիկները, վառելիքը մեջը ադրբեջանցիներն ամեն ինչ թողել՝ գնացել են, ոչինչ չեն հասցրել վերցրել: Հիմա մտածում ենք՝ ո՞վ իմանա, գուցե մեր կառավարությունը մեզ անակնկալ անի, գան՝ ասեն՝ հենց այս պահին դուրս եկեք: Ես էլ շատ ունեցվածք ունեմ: Վարկեր եմ վերցրել խոշոր անասուններ եմ առել, մեղուներ ունեմ, հողեր ունեմ, մեկ հեկտար ծառ եմ տնկել, սպասում եմ բերքին: Եթե կառավարությունը շարունակելու է հողերը հանձնել, մեր մտավախությունը Տիգրանաշենի մասով էլ կլինի, իսկ, եթե պատրաստ չէ հողեր հանձնել, հլը որ հանգիստ կապրենք»:

Ի՞նչ է սպասվում Տիգրանաշենին ու նրա բնակիչներին Aravot.am-ի հարցին ի պատասխան, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից նախարարի մամլո խոսնակ Արմինե Մուրադյանն ասաց՝ հանձնման հետ կապված լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ըստ նրա, այդ մասին բազմիցս տարբեր հարթակներով, հանրությանն իրազեկել են:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Տիգրանաշենցիների հետ հարցազրույցների մյուս մասը եւ նրանց այլ խնդիրների վերաբերյալ նյութը՝ այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031