Ինչպես արդեն հայտնել էինք, հանրահավաքի մասնակիցները հինգշաբթի՝ հունվարի 28-ին, հավաքվել էին Հանրապետության հրապարակում, այնտեղից երթով շարժվեցին դեպի գլխավոր դատախազության շենք։ Գլխավոր դատախազին ժամանակ տվեցին, սակայն նա չներկայացավ, որից հետո որոշեցին գնալ կառավարության շենք և «ազատագրել» այն։
Կառավարության շենքի դիմաց վահաններով արդեն սպասում էին ոստիկանության զորքերը։ Քաղաքացիները փորձեցին ճեղքել ոստիկանական պատը, ինչի արդյունքում սկսվեց բախում ոստիկանների և քաղաքացիների միջև։ Բերման են ենթարկվել քաղաքացիներ։ Նրանց շարքում է նաև Արշակ Զաքարյանը, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
Հայաստանի ավանդական ուշույի ֆեդերացիայի նախագահ կոչ արեց քաղաքացիներին նահանջել՝ նշելով, որ իրենք արդեն ապացուցեցին, որ հավաքվածները պատրաստ էին «ազատագրել» կառավարության շենքը։ Ոստիկանությունը հավաքի կազմակերպիչներին պահանջեց դադարեցնել հավաքը, քանի որ հավաքի խաղաղ բնականոն ընթացքը խաթարվել է և հավաքի մասնակիցները բռնության կոչեր են հնչեցրել։
Քաղաքացիները հեռացան կառավարության շենքի հարակից տարածքից։ Տիգրան Չոբանյանը հայտարարեց, որ իրեն պատասխանատու է համարում ամբողջ գործընթացի համար․ «Ես կարծում եմ, որ այսօր մենք արեցինք այն, ինչ մեր ուժերից վեր էր՝ ցույց տալով, որ մենք պատրաստ ենք լինել մեր խոսքի տեր»։
Կարդացեք նաև
Նա նշեց, որ կվերլուծեն կատարվածը, հանդես կգան կոչերով՝ գործողություններ կատարելու համար․ «Հիմա թաքցնելը այլևս անհնարին է, բոլորը հասկանում են, թե ինչ գործողության մասին է խոսքը։ Եվ մենք պետք է վաղը, վաղը չէ մյուս օրը՝ ընդամենը 2-3 օրվա ընթացքում իրականացնենք այս գործառույթը»։
Տիգրան Չոբանյանը կատարվածը պարտություն անվանեց և պատճառաբանեց, որ ուժերը անհավասար էին․ «Ցավոք սրտի, մենք այսօր պարտվեցինք ոչ թե այն պատճառով, որ մեր կամքն էր թույլ, այլ պարտվեցինք, որովհետև մենք քիչ էինք։ Եթե մենք լինեինք բավարար չափի, վստահ եմ, ոստիկանությունը այլ պահվածք կունենար և մեզ կպաշտպաներ»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ