«Արցախի հիմնահարցը լուծված չէ, կա հիմնական առանցքային հարցը, որը Արցախի կարգավիճակի հստակեցումն է, որի մասին խոսել են նաեւ համանախագահ երկրները՝ արտգործնախարարների մակարդակով»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց արտգործնախարար Արա Այվազյանը:
Նա նշեց. «Որպեսզի խոսենք տարածաշրջանում կայունության, անվտանգության, խաղաղության մասին, նախեւառաջ պետք է ստեղծվի վստահության մթնոլորտ: Եվ վստահության մթնոլորտը ստեղծվում է շատ կարեւոր հարցերի լուծման պարագայում, նախեւառաջ՝ մեր գերիների ազատ արձակման հարցում: Ադրբեջանը պետք է հասկանա, որ սա հումանիտար հարց է: Եթե այս հարցը շարունակի շահարկվել, ես վստահ եմ, որ այն լինելու է արդեն խնդրահարույց Ադրբեջանի համար»:
Հարցին՝ հեռանկարում տեսնո՞ւմ ենք արդեն այդ հարցի լուծման միտումներ՝ նախարարը պատասխանեց. «Ես վստահեցնում եմ, որ կա միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը ամենօրյա ռեժիմով աշխատում է: Մեր գծով միջազգային ճնշումը օրեցօր աճում է: Հուսով եմ, Ադրբեջանը կհասկանա, որ այդ հարցը պետք է ունենա հրատապ լուծում»:
Հարցին՝ կարգավիճակի հարցով որեւէ ժամկետներ չեն նշում, ե՞րբ կարող ենք ակնկալել այդ հարցով ձեռքբերումներ՝ Արա Այվազյանը պատասխանեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ արտգործնախարարները նշում են, որ կան առանցքային հարցեր, որոնք պետք է հասցեագրվեն եւ առանցքային հարցը մնացել է ԼՂ կարգավիճակի հստակեցման հարցը. «Օրերս համանախագահները հանդիպում են ունեցել ու ակնկալում ենք նրանց առաջիկա այցը տարածաշրջան: Տարածաշրջանը չպետք է ունենա հաղթողներ եւ պարտվողներ: Բոլորի կողմից կա ըմբռնում, որ եթե խոսում ենք խաղաղության մասին, ապա դա պետք է լինի արժանապատիվ խաղաղություն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ