«Բոլորս գիտակցում ենք պահի լրջությունը, բոլորս տեղյակ ենք, որ բանակը վիրավոր է: Ազգովի պարտավոր ենք դիմանալ եւ դիմադրել մինչեւ մեր բանակը ոտքի կկանգնի եւ մեր ազգի արժանապատվությանը տեր կկանգնի»,- լրագրողներին այսօր ասաց «Ազգային-ժողովրդավարական բեւեռի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
Սակայն նա բանակը ոտքի կանգնեցնողների մեջ ներկայիս իշխանություններին չի տեսնում: «Մեր համար նրանք շուտվանից արդեն իշխանություն չեն: Նոյեմբերի 9-ից հետո նրանք ասպարեզում ընդհանրապես պետք չէ երեւային: Ցավալին այն է, որ պահի լրջությունը չգիտակցելով՝ նրանք տակավին շարունակում են կառչած մնալ իրենց աթոռներին: Բայց մենք համոզված ենք, որ այս վիճակը երկար չի տեւելու, ժողովուրդը դուրս է գալու այս ծանր հոգեվիճակից եւ ամեն ինչ իր տեղն է ընկնելու: Ազգովի լծվելու ենք գործի, ազգովի դիմադրելու ենք եւ բոլորս միասին, ինչպես այսօր մեր ընկերներից մեկը նշել էր, բոլոր ճանապարհները տանելու են դեպի ԱԶԳ-ԲԱՆԱԿ»,-ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
Հարցին, թե Վազգեն Մանուկյանն օրերս ասել է, որ եթե սահմանադրական ճանապարհով չկարողանան հասնել Փաշինյանի հրաժարականին, ժողովուրդն իրավունք ունի ապստամբության դիմել, ինչի մասին ժամանակին իրենք էլ էին խոսում: Հնարավո՞ր է նրանց հետ համագործակցություն, Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց. «Մենք պատրաստ ենք գործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնց համար Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը ամեն բանից վեր է: Իսկ ձեր թվարկած ուժերը, կարծում եմ, շատ հեռու են այդ ամենից»:
Սեֆիլյանը վստահ է, որ ժողովրդի մեջ այսօրվա իշխանությունների հեռանալու պահանջ կա եւ նա դա կանի, երբ շուտով կհաղթահարի սուգը, դուրս կգա դեպրեսիոն իրավիճակից: Բայց իշխանությանը կհեռացնի առանց զենքի կիրառության, այլ իր ակտիվությամբ:
Կարդացեք նաև
Aravot.am-ը հիշեցրեց, որ իշխանությունները այս պատերազմում պարտվելու պատճառ համարում են նաեւ այն, որ բանակում դասալքություն կար, որ քաղաքական կուսակցությունները եւ ուժերը, տարբեր կազմակերպությունները ջոկատներ չկազմեցին եւ չգնացին հայրենիքը պաշտպանելու կամ լքեցին իրենց վստահված դիրքերը եւ հարցրեց, թե «Սասնա Ծռեր»-ը ջոկատներ ունեցե՞լ է: «Ձեր հարցը շատ տարողունակ է եւ եթե փորձենք այսօր թվարկել, թե որոնք էին մեր պարտության պատճառները, կարելի է ժամեր խոսել: Ես կարող եմ հակիրճ ասել. այն ինչ տեղի ունեցավ, երկար տարիներ պատրաստվում էր: Դա վստահաբար դավադրություն էր: Դավադրություն էր նաեւ այդ պատերազմին չպատրաստվելու հանգամանքը, որ բոլոր իշխանությունները այդպես են վարվել»:
Մեր պնդմանը՝ պատասխանել, թե այնուամենայնիվ, իրենք մարտի դաշտում զինվորներ կամ ջոկատներ ունեցե՞լ են, պարոն Սեֆիլյանը պատասխանեց. «Անձամբ ես ֆիզիկապես չեմ մասնակցել, սակայն այդ 44 օրը անընդհատ եղել ենք ամեն ինչի մեջ եւ փորձել մեր հնարավորության սահմաններում ընդհանուր գործին օգուտ տալ: Դժվար է հաշվել, բայց հաստատ 100-ից ավելի մարդ եղել է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ