Ինչպես արդեն հայտնել էինք, հայահավաքի մասնակիցները Հանրապետության հրապարակից շարժվեցին դեպի գլխավոր դատախազության շենք։
Այնտեղ ելույթ ունեցան հավաքին մասնակից մի շարք քաղաքացիներ։
Ռեժիսոր Արշակ Զաքարյանը հայտարարեց, որ գլխավոր դատախազին տված ժամանակը ավարտվել է, և կան հետագա գործողությունների վերաբերյալ առաջարկներ․ «Քանի որ դատախազությունը հրաժարվում է կատարել իր պարտականությունը և քանի որ դատախազությունը նույնպես պատկանում է ժողովրդին, մենք ինքներս ենք մտնում դատախազություն և այնտեղ կատարում ենք դատախազության դեր։ Նույնը՝ կառավարության մասին։ Մի անգամ արդեն կառավարության շենք գնացին տղերքը, որոնք արյուն էին թափել սահմանի վրա, և լսելով այդ դավադիր ստորագրության մասին` կռվող տղերքն եկան և կառավարության շենքը հետ վերցրին։ Իհարկե՛, չեմ խոսում այն խուժանի մասին, որոնք որ իմ կարծիքով, իշխանությունների կողմից ուղարկված էին, սկսեցին թալանել, ջարդել։ Մենք այդպիսի մտադրություններ չունենք, որովհետև այս շենքերը, այս կառույցները, այս ինստիտուտները պատկանում են մեզ՝ ազգին։ Եվ այսօր ազգի պահանջներից մեկն է, որ իրենք կատարեն իրենց պարտականությունը, որը նրանք հրաժարվում են կատարել։ Երկրորդ առաջարկն է՝ շարժվել կառավարության շենք և մտնել կառավարության շենք»։
Նա հարցրեց հավաքվածներին, թե որ տարբերակին են կողմ։ Այնուհետև հավելեց․ «Ես հրավիրում եմ մեր մտավորականներին, որովհետև մենք չենք եկել այստեղ ո՛չ արյուն թափելու, ո՛չ էլ բռնություն կիրառելու։ Կառավարությունը գրավել են թշնամիները, և մենք գալիս ենք ազատագրելու կառավարության շենքը թշնամիներից և հրավիրում ենք բոլոր նրանց, ովքեր պատրաստ են ստանձնել այս երկրի կառավարությունը, եթե դուք իրոք ունեք այդ քաղաքական կամքը։ Նորից եմ ասում, մենք այստեղ իշխանություն զավթելու մտադրություն ինքներս չունենք, բայց մենք կարող ենք ազատագրել այդ շենքը, և դուք պարտավոր եք գալ և ստանձնել ժամանակավոր կառավարումը»։
Կարդացեք նաև
Քաղաքացիները շարժվեցին դեպի կառավարության շենք։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ