«Քաղաքական, ռազմական առումով, տեղ-տեղ դավաճանության առումով մեղավորներին պետք է պարզել։ Քաղաքական առումով դրա գնահատականները կտա ժամանակը»,-«Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում այսօր խոսելով պատերազմում պարտվելու մեղավորների մասին՝ ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը։
«Հայտարարում են՝ սա դավաճան է, նա դավաճան է։ Եթե կա փաստ, այդ մարդկանց միանշանակ ձերբակալել է պետք։ Ռազմական սխալներ, իհարկե, կան։ Այսօր ավելի շատ պետք է վերլուծենք, թե ինչու պարտվեցինք։ 18, թե 20-րդ օրը ես ասում էի՝ եթե մի շաբաթ էլ դիմանանք, խաղաղություն է լինելու։ Այդպես էի ասում, որովհետեւ այդ օրերին Ալիեւն արդեն պատրվակներ էր բռնում, ասում էր, որ հայերը 25 տարի խրամատ են փորել, այդքան հեշտ չի գրավելը․․․Եկել էր մի պահ, երբ Ալիեւն արդարանում էր, թե ինչու լուրջ հաջողություններ չունի։ Պաշտպանության նախկին նախարարը, այսօրվա նախարարը, գլխավոր շտաբը պետք է վերլուծեն այս ամենը։ Ես մեղավորությունը չեմ բարդում մեր ռազմավարական գործընկերոջ վրա»,-արձագանքելով Aravot.am-ի հարցին, թե արդյոք մեր ռազմավարական գործընկերները մեղավորություն չունեի՞ն՝ հավելեց Արամ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ երբ ՀՀ-ն մտնում էր ԵՏՄ, իսկ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե մենք գնում ենք ԵՏՄ՝ նախընտրելով անվտանգությունը, հիմա ինքը չի կարող ասել, թե Սերժ Սարգսյանն է մեղավոր․ «Մշտապես դեմ եմ եղել ԵՏՄ-ին եւ հիմա էլ դեմ եմ, կողմ եմ ասոցացման համաձայնագրին, որովհետեւ մեր անվտանգությունը չապահովվեց։ Ուստի խնդիրներն անվանական չեմ դնում։ Այսօր պետք է ոտքի կանգնել, ոչ թե իրար դավաճան անվանել եւ բզկտել»։
Aravot.am-ի մեկ այլ հարցին ի պատասխան, թե այս իշխանության օրոք հնարավո՞ր է գնահատել կատարվածը եւ հետեւություններ անել, Արամ Սարգսյանը հարցադրում արեց․ «Քսան տարի քաղաքականության մեջ եմ, եւ բոլոր իշխանությունների օրոք այդ հարցն ինձ տվել են։ Իսկ մենք ի՞նչ իշխանություն ենք ուզում, որի օրոք հնարավոր լինի գնահատական տալ։ Իսկ ո՞ւմ օրոք է եղել, որ ես վախեցել եմ գնահատական տալ։ Եթե կաշկանդվեի, Պուտինին կգովեի։ Գնացեք հարցրեք նրանց, ովքեր միայն Ռուսաստանին են գովում, որպեսզի «դաբրո» ունենան, որ վարչապետ դառնան»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ