Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկո՛լ Փաշինյան, քեզ նույնպես հրավիրում ենք դատախազության շենքի մոտ»․ Արշակ Զաքարյան

Հունվար 28,2021 17:29

Հանրապետության հրապարակում հունվարի 28-ին հայահավաք էր կազմակերպվել։ Հավաքը սկսվեց աղոթքով, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայոց բանակի նահատակների հիշատակը։

Այնուհետև ռեժիսոր Արշակ Զաքարյանը հայտարարեց, որ վերկուսակցական հավաք է, սակայն կուսակցությունները չեն բացառվում․ «Բոլորս այսօր այստեղ եկել ենք որպես հայեր, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ»։

Նա նշեց, որ պահանջն այն է, որ ներկա իշխանությունները օր առաջ դադարեցնեն իրենց գործունեությունը, ձևավորվի ժամանակավոր կառավարություն, որն էլ իր հերթին կկազմակերպի արտահերթ ընտրություններ։

Նա նաև հայտարարեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանին՝ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի մասին հնչեցրած սպառնալիքի առնչությամբ։

Արշակ Զաքարյանը առաջարկեց, որ հավաքվածները գնան և շրջափակեն գլխավոր դատախազության շենքը․ «Ճիշտ է, առաջարկություններ եղել են՝ կառավարության շենքը։ Կառավարության շենքը դատարկ է, ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, պատրաստ է հայտնվել որևէ մի բունկերում, եթե հանկարծ այստեղ կատարվեն ինչ-որ գործողություններ, որոնք սպառնան նրան։ Ժամանակ տանք գլխավոր դատախազին։ Երկար ժամանակ չի պահանջվում, հավատացած ենք, իր տնից գալ դատախազություն։ Եվ պահանջել գլխավոր դատախազից իրեն հանձնված հիմքերի հիման վրա ձերբակալել երկրի գլխավոր մեղավոր Նիկոլ Փաշինյանին»։

Այնուհետև նա դիմեց վարչապետին․ «Նիկո՛լ Փաշինյան, ժամանակին դու հայտարարել ես, որ ժողովրդի պահանջով պատրաստ ես վար դնել քո լիազորությունները։ Բայց դու երբեք այս երեք տարիների ընթացքում մեկ անգամ չես համարձակվել գալ և կանգնել այն ժողովրդի առաջ, որը դա պահանջում է, անկախ ժողովրդի քանակից։ Դու միշտ որակել ես, որ դա ժողովուրդ չի, որ դա ինչ-որ կուսակցության հավաք է, որ դա ինչ-որ խմբակ է։ Ես հավատացած եմ, որ այստեղ կանգնածների մեծ մասը իրար չեն էլ ճանաչում։ Այստեղ հավաքվել են անկախ Հայաստանի քաղաքացիներ, որոնք այստեղ չեն եկել ո՛չ կուսակցությունների, ո՛չ խմբավորումների կամ ո՛չ որևէ անհատի կանչով։ Այստեղ հավաքվել են մարդիկ, որոնք որ մտածում են, որ սա այսպես այլևս շարունակվել չի կարող, որ սա տանում է կործանման։ Եվ ժամ առաջ, Նիկո՛լ Փաշինյան, քեզ նույնպես հրավիրում ենք դատախազության շենքի մոտ։ Եթե դու միայն քո ընտրողներին, որը իրականում քո հայտարարած 80 տոկոսը չէ, ընտրություններին մասնակցել է ընտրողների մոտավորապես 50 տոկոս, ավելով եմ ասում, որի 80 տոկոսը կազմում է Հայաստանի ընտրազանգվածի մոտավորապես 34 տոկոսը։ Դու 34 տոկոս ընտրազանգվածի ընտրած վարչապետն ես, որի կեսից ավելին, ես համոզված եմ, որ այսօր հաստատ պահանջում են»։

Քաղաքացիները շարժվեցին դեպի գլխավոր դատախազության շենք։

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031