Այսօր Հայոց Բանակի ծննդյան օրվա առիթով քայլերթից առաջ «Ազգային-ժողովրդավարական բեւեռ» նախաձեռնության անդամ Արա Պապյանը պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն բանին, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չի հերքում, որ քննարկվում է իրեն ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու հարցը, ասաց. «Դրան բացասական եմ վերաբերվում, որովհետեւ Լիլիթ Մակունցը այն թեկնածությունը չէ, որ կարողանա իրեն դրսեւորել: Ցանկացած մասնագիտություն որոշակի փորձառություն է պահանջում: Քիչ առաջ բանակի մասին էինք խոսում: Ինչո՞ւ այնտեղ աստիճանակարգ կա եւ միանգամից չեն նշանակում կորպուսի հրամանատար: Մարդը պետք է աճի: Իրենք ինչո՞ւ են կարծում, թե դիվանագիտությունն ավելի հեշտ աշխատանք է, քան, ասենք, դիվիզիա կամ կորպուս ղեկավարելը: Դա ավելի բարդ գործ է եւ այնքան նրբություններ ունի, որը միայն շփման ու տարիների աշխատանքով է գալիս: Իսկ Մակունցը այդ փորձը չունի: Միայն անգլերենի իմացությունը քիչ է: Լավ է, որ անգլերեն գիտի, իսկ թե ինչքան, չգիտեմ:
Մյուս կողմից, ինքն այն իշխանության ներկայացուցիչն է, որին սփյուռքը մերժում է: Իսկ հայկական դեսպանատներն առանց սփյուռքի աջակցության, համարեք, որ մի թեւը կոտրած թռչունի է նման: Մենք դրսում մշտապես սփյուռքի հետ ենք համերաշխությամբ աշխատում: Դա մեր հզորությունն է ու շատ երկրների դեսպանատներ նախանձում են, որ մենք ամեն տեղ մեկն ունենք, որի օգնությամբ հարց ենք լուծում: Ո՞վ պետք է Լիլիթ Մակունցի հետ համագործակցի, երբ բոլոր կուսակցությունները եւ մեծ կազմակերպությունները արդեն իսկ պահանջել են Մակունցի ղեկավարի եւ նրա քաղաքական ուժի ղեկավարի հրաժարականը: Այստեղ ասում են, թե դա քաղաքական նշանակում է լինելու: Բայց վատն էլ հենց դա է: Հիշեցնեմ, երբ Նիկոլ Փաշինյանը գալիս էր իշխանության, ասում էր՝ այլեւս վերջ, մեր դիվանագետները պետք է լինեն պրոֆեսիոնալ»:
Aravot.am-ի դիտարկմանը, թե կարծիք կա, որ Մակունցի նշանակումով Փաշինյանը ցանկանում է յուրայիններին Հայաստանից հանել եւ անվտանգ վայր տեղավորել, Արա Պապյանը պատասխանեց. «Մակունցի նշանակման առիթով ես էլ նման խոսակցություն լսել եմ: Երբ մարդիկ չեն հասկանում կադրային նշանակման տրամաբանությունը, փորձում են իրենց տրամաբանությամբ պատճառաբանություն գտնել: Մակունցը որպես պրոֆեսիոնալ դիվանագետ՝ չկա: Եթե որպես մարդ եւ կազմակերպիչ չկա, բնականաբար, ասում են՝ գնում է ինչ-որ մասնավոր հարցեր լուծելու: Նման տեսակետ գոյություն ունենալու իրավունք ունի: Իսկ այդպես է, թե այդպես չի, ցույց կտա առաջիկա ժամանակաշրջանը: Բայց ես կարող եմ ասել, եթե ինքը նշանակվեց, ձախողվելու է: Այս խոսքս լսեք: Դիվանագիտությունը պատկերացնում են ընդունելությունների ժամանակ բաժակ բարձրացնելը: Մինչդեռ դա ջունգլիների օրենքներով կատաղի պայքար է: Դիվանագիտության միայն գագաթն է երեւում, թաքնված մասը շատ ավելի դաժան է եւ այնտեղ սխալները չեն ներվում»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ