Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը չի հեռանում, ուրեմն կհեռացնենք՝ զենքով, ես պատրաստ եմ… ես սկսելու եմ կազմակերպել այսօրվանից». Վահան Բադասյանը՝ մինչեւ ձերբակալվելը

Հունվար 28,2021 16:56

«Նիկոլ Փաշինյանին պետք է ֆիզիկապես հեռացնել, նաեւ զենքի միջոցով»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱՀ «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար, Մարտական Խաչի ասպետ Վահան Բադասյանը, որը Եռաբլուր էր եկել՝ Բանակի տոնի առթիվ:

Նա ասաց, որ մենք մեր մեջքը պետք է ուղղենք, բայց առաջին հերթին մենք պետք է ազատվենք բանակի գլխավոր հրամանատարից՝ Նիկոլ Փաշինյանից. «Նա այլեւս պարտության սիմվոլ է, իսկ մեր բանակը անպարտելի է, պարտված չէ: Դա պետք է անենք ազգովի եւ համաժողովրդական անենք: Դա հեռու չէ, սարերի հետեւում չէ, մենք պարտավոր ենք ու պետք է անենք: Նիկոլ Փաշինյանը պարզապես ավելացրեց Եռաբլուրի տարածքը: Կործանեց բանակը: Ամբողջ հրամանատարական կազմը, պետք է բոլոր պատասխանատուներին արդեն դատական կարգով հեռացնենք: Իսկ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնենք ոչ միայն որպես պարտության սիմվոլ, այլ որպես թշնամի: Արցախի իշխանությունների ամբողջ կազմը նույնպես պետք է փոփոխվի»:

Հարցրեցինք՝ հեռացնելու ի՞նչ ճանապարհներ կան, նա չի պատրաստվում հեռանալ՝ Բադասյանը պատասխանեց. «Տարբեր: Ընդհուպ մինչեւ ֆիզիկապես հեռացնելով»: Զարմացած հարցերին՝ ինչպե՞ս, ո՞նց՝ Բադասյանը մանրամասնեց. «Այսինքն, դա ենթադրում է, որ թշնամուն մենք պետք է վերացնենք: Այո՛, նաեւ զենքի միջոցով: Այո՛, ես սպառնալիքի կոչեր եմ անում ու գիտակցաբար եմ անում, թող ինձ ԱԱԾ-ն ձերբակալի: Ես թշնամուն սպառնալիք եմ տարածում: Ձեզնից ցանկացած որեւէ մեկը պետք է ցանկանա թշնամուն ոչնչացնել: Նա ենթակա է ոչնչացման: Անհատները դա պետք է անեն, մեկը ես՝ պատրաստ եմ»:

Հարցին՝ այդպես կլուծվե՞ն բոլոր խնդիրները, որոնք ծառացել են Հայաստանի առաջ՝ Բադասյանը պատասխանեց. «Այդտեղից է պետք է սկսել: Նախ պետք է մենք մաքրենք երկիրը թշնամուց, հետո մյուս հարցերը լուծենք: Ես Նիկոլ Փաշինյանին համարում եմ թշնամի»:

Հարցին՝ Քոչարյանն է ակտիվացել, հնարավո՞ր է համախմբում իր շուրջ՝ Բադասյանը պատասխանեց. «Ես միանշանակ բացառում եմ ե՛ւ հներին, ե՛ւ այս մի տականքին»: Իսկ թե ո՞վ կփոխարինի Փաշինյանին՝ Բադասյանն ասաց, որ անուններ չի տա, պետք է նախ ազգային ուժ ձեւավորել, այդ ուժն էլ կընտրի առաջնորդին:

Նա ասաց, որ ռազմական խորհուրդ են ստեղծելու ու ռազմական այդ խորհրդի որոշումներով էլ առաջնորդվելու են:

Վահան Բադասյանը համոզմունք ունի, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի գնաց ծրագրավորված. «Սկսած 2001 թվականից, երբ ինքը հայտնի հոդվածով հանդես եկավ, այդ օրվանից նա պատրաստվել է պատերազմի: Նրան հայտնաբերել են եւ պատրաստել են դրսի ուժերը, որպեսզի նա դավաճանի երկրին, հետո արդեն թշնամություն անի»: Թե դրսի ուժեր ասելով՝ ո՞ր երկրներին նկատի ունի՝ Բադասյանը պատասխանեց՝ Ադրբեջան, Թուրքիա եւ այլ ուժեր:

Վահան Բադասյանն ասաց, որ ցավոք, ժամանակին Փաշինյանին սատարել է՝ ատելով հներին. «Բայց նա դավաճանեց առաջին հերթին հեղափոխությանը, չպատժեց հանցավոր հներին ու ինքը առաջ բերելով իր ծրագիրը՝ անթույլատրելի բան կատարեց: Նա դավաճանեց նաեւ մեզ: Ինքը ստում է առավոտից երեկո, մատը մատին չի տալիս գերիների հարցով, ոչինչ չի հասկանում կառավարումից: Ինքը միայն հասկանում է ստելուց եւ ուտելուց: Միակ թշնամին ինքն է, դավաճանողներ չեն եղել: Արտահերթ ընտրություն պետք չի, ինքը պետք է հեռանա եւ վերանա: Չի հեռանում, ուրեմն կհեռացնենք՝ զենքով»:

Մենք ճշտեցինք՝ դուք անձամբ կազմակերպո՞ւմ եք ինչ-որ բան՝ Բադասյանը պատասխանեց. «Այո, ես սկսելու եմ կազմակերպել այսօրվանից, թող ԱԱԾ-ն գա իմ հետեւից: Ես դա պատասխանատու հայտարարում եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ». Իր այդ հայտարարությունից հետո ԱԱԾ-ն ձերբակալել է Բադասյանին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031