ԵՊՀ պատմության ֆակուլտետում բացվել է հետախույզ Վահագն Թումասյանի անվան լսարանը:
Հետախույզ, փոխգնդապետ Վահագն Թումասյանը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի: Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Վահագն Թումասյանը փրկել է 82 զինվորականի կյանք: Հերոսական արարքից օրեր անց՝ հոկտեմբերի 12-ին նա միայնակ գնացել էր հերթական կարևոր առաջադրանքը կատարելու ու զոհվել Ջաբրայիլում՝ թշնամու հրթիռակոծության հետևանքով:
Aravot.am-ի հետ զրույցում հերոսի մտերիմ ընկերը` Սենեք Շահբեկյանը, որի նախաձեռնությամբ էլ կայացել է լսարանի բացումը, Վահագն Թումասյանին այսպես է բնորոշում. «Վահագնը որպես ընկեր արտակարգ մարդ էր: Նա հանրապետության 80 տոկոսի հետ ընկերություն էր անում, մենք ուսանողական ընկերներ էինք եւ 20 տարի ընկերություն էինք անում…Ինքը կերպար էր: Եթե ես լծակներ ունենայի, կամ վարչապետ լինեի, Ազգային հերոսի կոչում կշնորհեի` նկատի ունենալով իր անցած ուղին: Մենք միայն ընկեր չենք կորցրել, ազգը կորցրել է լեգենդար հետախույզի: Վահագնը 82 հոգու կյանք է փրկել իր կյանքի գնով, որոնք նույնպես ներկա էին համալսարանում լսարանի բացմանը…Վահագնը շատ հոգատար հայ էր, ընտանիքի հրաշալի զավակ…Մենք բոլորս ադաշ էինք ասում իրեն, իսկ իր սիրած արտահայտությունն էր «մեռնեմ ջանիդ», մեզ ընկեր չէր ասում, ասում էր` ախպեր»:
Սենեք Շահբեկյանը հիշում է. «Երբ պատերազմը սկսվել էր, 10-ամյա աղջիկս ամեն օր հարցնում էր` պապ, էն բանը դեռ չկրակեցի՞ն, Իսկանդերի հետ էր: Զանգում էի Վահագին, ասում էի, երեխան հետաքրքրվում է: Ժպտալով պատասխանում էր` ասա մեռնեմ ջանիդ, դրա ժամանակն էլ կգա: Վերջին անգամ հանդիպեցի իր հետ հոկտեմբերի 9-ին, ասաց՝ արդեն վիճակը լուրջ է, դուք էլ պիտի օգնեք, իսկ հոկտեմբերի 12-ին զոհվեցին` ինքը, Ասատրյան Վահագնը…Ինձ ասում էր, դու մի արի, դու միայն օգնությունը կազմակերպի Ջավախքից…»:
Մեր զրուցակիցը կարեւորում է հերոսների անուններով լսարանների բացումը. «Ցանկանում եմ, որ սերունդները տեսնեն, թե ինչ հերոս ուսանողներ է ունեցել Մայր բուհը: Ես, որ ընդունվել եմ, տեսել եմ Թաթուլի անվան լսարանը, նույն կերպ էլ ցանկացա, որ Թումասյանի անունով լսարան լինի: Ուրախ եմ, որ համալսարանն աջակցեց այդ հարցում…Պարտավորվածություն եմ զգում, որ մտերիմ ընկերոջս անունով լսարան է բացվել: Սերունդները պետք է ճանաչեն ոչ միայն Վահագնին, այլ բոլոր հերոսներին, որոնք ընկան հայրենիքը պաշտպանելիս: Պատմության ֆակուլտետի ուսանողներից եւս 9 հոգի զոհվել է` 18, 19 տարեկան տղաներ: Նրանց նկարները եւս փակցված են ԵՊՀ-ում, բոլորը մեր հերոսներն են»:
Հերոսի ընկերը նշեց, որ Վահագն Թումասյանն ավարտել էր ԵՊՀ պատմության ֆակուլտետը, հետո արեւելագիտականում ադրբեջաներեն է սովորել, տիրապետում էր ադրբեջաներենին, թուրքերենին եւ մի շարք այլ լեզուների, մասնագիտացել էր Ճապոնիայում,Հունաստանում, Ռուսաստանում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Սենեք Շահբեկյանը: