Այսօր Եռաբլուրում Aravot.am-ը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հարցրեց՝ ստեղծված իրավիճակում եկեղեցու մեղքի բաժինը տեսնո՞ւմ եք՝ հաշվի առնելով, որ երկար տարիներ եկեղեցու տարբեր հոգեւորականների կապում էին տարբեր կոռուպցիոն գործարքների, նյութական արժեքների հետ եւ եկեղեցին հիմնավոր չէր հերքում այդ բոլոր լուրերը:
Կաթողիկոսը պատասխանեց. «Յուրաքանչյուր անձի կարելի է մեղադրանք ներկայացնել: Պետք է այդ մեղադրանքները փաստվեն, պետք է այդ մեղադրանքները հաստատվեն եւ այն ժամանակ կարելի է խոսել, ե՛ւ քննադատել, ե՛ւ պատասխանատվության կանչել՝ ընդհուպ նաեւ եկեղեցուն, եկեղեցու ղեկավարությանը: Երեւույթներ՝ այո: Իմ կողքին կանգնած է Նավասարդ սրբազանը: Նավասարդ սրբազանը ստացել է նվեր՝ ինչ-որ ավտոմեքենա՝ «Բենթլի» եւ այդ «Բենթլի» ավտոմեքենան ինքը հետագային վաճառել է, նվիրել է գումարը կարիքավորներին: Եվ շահարկել նման երեւույթները, չեմ կարծում, որ ճիշտ է: Ինչո՞ւ չի խոսվում այն մասին, անդրադարձ չի կատարվում, որ եկեղեցականներն այսօր կարիքավորի աստիճանում իրենց առաքելությունն են իրականացնում անտրտունջ կերպով: Ծանոթացեք մեր եկեղեցականների կյանքին եւ գործունեությանը, նրանց կենցաղին, նրանց վիճակին եւ կտեսնեք: Թերեւս, բարվոք վիճակում ապրող մեկ-երկու եկեղեցական կա, բայց դա բնորոշը չէ դառնալու ողջ եկեղեցականության համար»:
Հարցրեցինք՝ իսկ երբ աշխարհիկ հաճույքների՞ց են օգտվում այդ հոգեւորականները, մենք փոքր ազգ ենք ու տարբեր օբյեկտներում՝ սրճարաններ, վատ օբյեկտներում տեսնում ենք իրենց պահվածքը ու հենց դա է, որ եկեղեցու նկատմամբ հավատը սասանում է՝ վեհափառը պատասխանեց. «Եթե այդ աշխարհիկ հաճույքները հարվածում են եկեղեցականի կամ եկեղեցու վարկին, ուրեմն դա արժանանում է համապատասխան, համարժեք գնահատանքի եկեղեցու իշխանության կողմից: Եկեղեցին խիստ վերաբերմունք է դրսեւորում նման երեւույթների նկատմամբ: Եկեղեցու վերադասը, եկեղեցու իշխանությունը: Իսկ պարզ հաճույքներ՝ բնական է, որ պետք է եկեղեցականը գնա քեզ հետ նստի սրճարան, քեզ հետ զրուցի, քեզ հետ մտքերով կիսվի, քեզ աջակից, օգնական լինի իր խորհուրդներով, եթե դու հարցեր, խնդիրներ ունես: Ոչինչ: Չպետք է դիտարկել սա՝ որպես շեղում իր առաքելությունից, իր կոչումից, իր՝ աստվածաշնչական պատվիրաններից ու պատգամներին հավատարմությունից: Եթե երեւույթներ են, որոնք դատապարտելի են, առաջին դատապարտողը եւ խստագույնս պատասխանատվության կանչողը եկեղեցին է, եկեղեցու վերադաս մարմինը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ