Լրահոս
Օրվա լրահոսը

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է` պետք է գտնել լուծումներ բոլոր մակարդակներում պատշաճ կրթություն ապահովելու նպատակով

Հունվար 28,2021 15:12

Քննարկվել է ուսումնական հաստատություններում համավարակի կանոնների պարզեցման հարցը

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը քննարկելու, որոշակի սահմանափակումներ վերանայելու նպատակով Առողջապահության նախարարությունում կայացել է հանդիպում առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի, Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանի, շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչների, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների մասնակցությամբ:

Անդրադարձ է կատարվել սանիտարական և համաճարակային բոլոր այն պահանջներին, որոնցով կարգավորվում են հանրակրթական ու նախադպրոցական հաստատությունների աշխատանքները կորոնավիրուսային հիվանդության պայմաններում:

Լենա Նանուշյանը նշել է, որ հաշվի առնելով հանրապետությունում առկա համաճարակաբանական կայուն իրավիճակը` վերանայվել են որոշակի սահմանափակումներ, «Կորոնավիրուսային հիվանդությամբ (Covid-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, այդուհանդերձ չպետք է թուլացնել զգոնությունը և պատրաստ լինել վարակի հնարավոր հաջորդ ալիքին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության ձգվածությունը՝ պետք է գտնել լուծումներ բոլոր մակարդակներում պատշաճ կրթություն ապահովելու նպատակով։ Նա կարևորել է ուսումնական հաստատությունների համար կիրառվող կանոնների պարզեցման անհրաժեշտությունը՝ միաժամանակ սահմանելով առավել հետևողական վերահսկողություն դրանց պահպանման ուղղությամբ։

Այդ համատեքստում քննարկվել են դասարաններում սովորողների առավելագույն թվի սահմանափակման վերանայման, սննդի կազմակերպման կանոնների, սոցիալական հեռավորության պահանջների փոփոխության հարցերը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը բարձրացրել է նաև նախադպրոցական հաստատություններում ընդունելությունը վերսկսելու հարցը՝ հաշվի առնելով, որ մանկապարտեզներում այժմ նոր ընդունելություն չի կատարվում՝ պայմանավորված առողջապահության նախարարի՝ համաճարակի տարածումը կանխարգելող հրամանի սահմանափակումներով։ Ներկայումս մանկապարտեզներ են հաճախում միայն 2019-2020 ուսումնական տարում ու դրանից առաջ հաստատություններ ընդունված այն երեխաները, որոնց ծնողներն աշխատում են, և նրանք չունեն խնամող:

Աշխատանքի վերադառնալ ցանկացող և այս ընթացքում աշխատանքի անցած ծնողների համար խնդիրն օրակարգային է և ունի ինչպես սոցիալական, այնպես էլ կրթական առաջնային նշանակություն:

Նշված հարցերի լուծման արդյունավետ տարբերակ գտնելու նպատակով կողմերը սահմանափակումների վերանայմանը միտված բոլոր հնարավոր տարբերակներն ու առաջարկները քննարկելու պայմանավորվածություն են ձեռք բերել: Մասնավորապես նախապատրաստվում է առողջապահության նախարարի համապատասխան հրամանների փոփոխություն, որը կիրականացվի առաջիկա օրերին։

ՀՀ ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031