Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն հաստատեց Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները. ինչպես են քվեարկել հայ պատգամավորները

Հունվար 28,2021 14:42
exxv

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում քննարկեց ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության լիազորությունների վերանայման հարցը:

Քվեարկության էր դրված «Էական մարտահրավեր՝ ԵԽԽՎ-ում ՌԴ-ի պատվիրակության՝ դեռևս չվավերացված հավատարմագրերի հարցում» խորագրով բանաձևը: Զեկույցի հեղինակն է ավստրիացի պատվիրակ Ստեֆան Շենախը:

Բանաձևում ամրագրված է. «Զեկուցողը ուշադրություն է հրավիրում Ռուսաստանի Դաշնությունում սուր բացասական միտումներին ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության հետ կապված, որոնք բացասական ազդեցություն են ունենում ՌԴ-ի ստանձնած հանձնառությունների իրականացման հարցում: Զեկուցողն իր մտահոգությունն է հայտնում քաղաքացիական հասարակության վրա ճնշումների, արտախորհրդարանական ընդդիմության ճնշումների, մամուլի ազատության հարցում»:

Բանաձևով ԵԽԽՎ-ն կոչ է անում Ռուսաստանին անհապաղ ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին և կատարել խելամիտ հետաքննություն նրա թունավորման հետ կապված՝ համագործակցելով «Քիմիական զենքի արգելման կազմակերպության» հետ:

Բանաձևում կա նաև մտահոգություն այն առիթով, որ ՌԴ գլխավոր դատախազությունը ԵԽ քաղաքական ուսումնասիրությունների դպրոցը ներառել է այսպես կոչված ոչ ցանկալի կազմակերպությունների ցուցակում:

Բանաձևում զեկուցողն առաջարկում է, որ Վեհաժողովը վավերացնի Ռուսաստանի Դաշնության պատվիրակների հավատարմագրերը և վերադառնա առաջընթացի գնահատմանը, երբ այս տարվա վերջին ներկայացվի մոնիտորինգի զեկույց:

Նշենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովը խորհուրդ է տվել ամբողջությամբ հաստատել ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները:

Քննարկման ընթացքում պատվիրակներից շատերը առաջարկություններ էին ներկայացրել, որ բանաձևում փոփոխություններ կատարվեն և չհաստատվեն ՌԴ-ի պատվիրակության լիազորությունները: Սակայն այդ առաջարկները մերժվեցին:

Ի վերջո, բանաձևը ձայների 107 «կողմ», 36 «դեմ» և 24 «ձեռնպահ» հարաբերակցությամբ ընդունվեց:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներից քվեարկությանը մասնակցել են իմքայլական պատգամավորներ Տաթևիկ Հայրապետյանը, պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նրանք բոլորը «կողմ» են քվեարկել բանաձևին:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031