Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Այվազյան. Տարածաշրջանը չպետք է ունենա «հաղթողներ և պարտվողներ»

Հունվար 28,2021 14:30

ԱԳ նախարար Արա Այվազյանի ճեպազրույցը լրագրողների հետ «Եռաբլուր» պանթեոնում

Հարց. Պարոն նախարար, երեկ Իրանի արտգործնախարարին ընդունեցիք. արտգործնախարարությունը համապատասխան հաղորդագրություն տարածեց։ Իրանի արտգործնախարարը նաև խոսեց նաև Նախիջևանով երկաթգծի մասին՝ ասելով, որ դա հնարավորություններից մեկն է։ Այդ հարցը քննարկվել է, հաղորդակցական ուղիներից ի՞նչ մանրամասներ կարող եք ներկայացնել։

Արա Այվազյան. Ընդհանրապես խոսել ենք կոմունիկացիաների բացման վերաբերյալ, խոսել ենք` դրանց հնարավոր գործարկման պայմաններում ինչ մարտահրավերներ և հնարավորություններ են առաջանալու տարածաշրջանում, այդ իմաստով։ Որևէ կոնկրետ նախագիծ այս պահի դրությամբ հստակեցման առարկա չի:

Հարց. Հաղորդակցական ուղիների առումով Թուրքիայի հետ, օրինակ, բանակցություններ վարվո՞ւմ են, Կարս-Գյումրի։

Արա Այվազյան. Ոչ այս պահին։

Հարց. Պարոն Այվազյան, Դուք երեկ նշել էիք, որ մեր տարածաշրջանը առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների։ Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ ագրեսիայի արդյունքները կարող են հիմք դառնալ տևական խաղաղության համար։ Այսինքն, սա ի՞նչ է նշանակում, պարոն Այվազյան, խոսել հիմա փոխվստահության մթնոլորտի մասին, միասին տարածաշրջանում տնտեսական կապերի զարգացումը հնարավոր չէ՞։

Արա Այվազյան. Սա նշանակում է, առաջինը, որ Արցախի հիմնահարցը լուծված չէ: Կա հիմնական առանցքային հարցը, որն Արցախի կարգավիճակի հստակեցումն է, որի մասին խոսել են նաև համանախագահ երկրները՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով: Վստահ եմ, որ Դուք տեղյակ եք:

Երկրորդ. որպեսզի խոսենք տարածաշրջանում անվտանգության, կայունության, խաղաղության մասին, նախևառաջ պետք է ստեղծվի վստահության մթնոլորտ: Վստահության մթնոլորտը ստեղծվում է շատ կարևոր հարցերի լուծման պարագայում: Նախևառաջ՝ մեր գերիների ազատ արձակման հարցը: Կարծում եմ՝ Ադրբեջանը պետք է հասկանա, որ սա հումանիտար հարց է, և եթե այս հարցը շարունակվի շահարկվել, ես վստահ եմ, որ այն լինելու է խնդրահարույց նաև Ադրբեջանի համար:

Հարց. Մենք տեսնո՞ւմ ենք արդեն հեռանկարում այդ հարցը լուծվելու միտումներ:

Արա Այվազյան. Ես Ձեզ վստահեցնում եմ, որ կա միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն ամենօրյա ռեժիմով աշխատում է: Եթե մեր գծով ուշադիր հետևել եք, միջազգային ճնշումն օրեցօր աճում է, և հուսով եմ, որ Ադրբեջանը կհասկանա, որ այդ հարցը պետք է ունենա հրատապ լուծում:

Հարց. Պարոն Այվազյան, եռանախագահողները, նաև Ռուսաստանը՝ որպես հայտարարության համահեղինակ և նախաձեռնող կողմ, կարգավիճակի ժամկետների հետ կապված որևիցե հստակեցում չեն մտցնում. ասում են՝ պետք է դեռ քննարկվի այդ հարցը։ Մենք կարո՞ղ ենք տեսնել, որ Արցախի կարգավիճակի հարցը բանակցային սեղանին այնուամենայնիվ դրվելու է։ Ե՞րբ կարող ենք ակնկալել այդ հարցով ձեռքբերումներ։

Արա Այվազյան. Ես վստահ եմ, որ Դուք հետևել եք Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների հայտարարություններին, որտեղ նշվում է, որ կան առանցքային հարցեր, որոնք պետք է հասցեագրվեն։ Առանցքային հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցն է։ Օրերս համանախագահները հանդիպում են ունեցել, մենք մոտ ժամանակներս իրենց հետ կկապվենք և ակնկալում ենք իրենց առաջիկա այցը տարածաշրջան։

Հարց. Ե՞րբ են այցելելու։

Արա Այվազյան. Դրա մասին մենք հավելյալ, ըստ ընդունված կարգի, կտեղեկացնենք։

Հարց. Իսկ եթե հաղթող կողմը հայտարարում է, որ հարցը փակված է…

Արա Այվազյան. Երեկ ես հատուկ ընդգծեցի, որ եթե մենք խոսում ենք տարածաշրջանում կայունության և խաղաղության մասին, ապա պետք է ընդհանուր ըմբռնում լինի, որ տարածաշրջանը չպետք է ունենա «հաղթողներ և պարտվողներ»։

Հարց. Հայաստանի համար դա կարմիր գի՞ծ է։

Արա Այվազյան. Կարծում եմ, որ բոլորի կողմից կա ըմբռնում, որ եթե խոսում ենք խաղաղության մասին, ապա դա պետք է լինի արժանապատիվ խաղաղություն։

Շնորհակալություն։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031