Լրահոս
Օրվա լրահոսը

Լինելով 26 տարեկան՝ հասցրել եմ մասնակցել երկու պատերազմի. զինվորները շնորհավորում են Բանակի օրը

Հունվար 28,2021 14:34

«Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, կործանվում` դրա պակասի պատճառով… Հայրենապաշտական դաստիարակություն- ահա՜ մեր փրկության խարիսխը»,-նժդեհյան այս տողերը բոլոր ժամանակներում արդիական են։

Եվ այսօր էլ, ով առաջնորդվում է այս պատգամով` հայրենապաշտ է, քանզի միայն հայրենիքին հազարավոր թևերով կապված մարդուն հաղթել չի լինի։

Հակոբ Ավանեսյան

-Յուրաքանչյուր արցախցի առաջին հերթին զինվոր է, ով ամեն վայրկյան պատրաստ է պայքարի հանուն անկախության ու ազատության։ Քանզի ազատ ապրելու տենչը մեզ հետ ծնվեց ու այն մենք կրում ենք մեր հոգում և մտքում,-ասում է Հակոբ Ավանեսյանը` ավելացնելով,- Ես՝ լինելով 26 տարեկան, հասցրել եմ մասնակցել 2 պատերազմի` Ապրիլյան ու Արցախյան 2-րդ գոյամարտի։ Ես ամեն անգամ համոզվել ու համոզված եմ՝ մեր զինվորի ոգին քարից էլ ամուր է։ Կարող եմ հազարավոր օրինակներ բերել։ Իհարկե, այս պատերազմը մեզ համար ոչ ցանկալի վերջաբան ունեցավ, բայց… Բայց այն վայրկյանը, երբ լեռնական արցախցին գեթ մի վայրկյան դադարեց պայքարելուց, ապա դատապարտված ենք կործանման ու մենք մեր տեղը կգտնենք պատմության թափանիվի վրա։ Այս պահին մեր ազգին պետք է համախմբվածություն։ Հանուն մեր ազգի, մի բուռ Արցախի ու մեր վաղվա սերունդների։ Դեռ Ավոներ, Անդրանիկներ, Վարդաններ պիտի ծնվեն ու մենք պիտի վերականգնենք մեր պետականությունը Արարատյան։ Եվ անկասկած մենք ծնկի կբերենք քոչվոր ոսոխին։ Պատի՛վ ունեմ։

Գեորգի Իսրայելյան

Կապ հաստատեցինք նաև մի քանի օր առաջ բանակից զորացրված Գեորգի Իսրայելյանի հետ։ Հարցին, թե հե՞շտ էր բաժանվել սիրելի բանակից, նա այսպես պատասխանեց.

-Չեմ կարող համարել, որ ես բաժանվել եմ բանակից, որովհետև 2019 թ. հունվարի 21-ին նման մոտեցումով չեմ գնացել բանակ։ Ես այդ օրվանից մինչև կյանքիս վերջ մեր հայրենիքի, բանակի զինվորն եմ։ Իմ ընկերներին, ովքեր հիմա բանակում են գտնվում, մաղթում եմ ուժ, էլի ուժ և ամուր կամք… Պատի՛վ ունեմ։

Հարություն Հարությունյան

Բժիշկ Հարություն Հարությունյանն իր երդմանը հավատարիմ է մնացել: Նա հիմա էլ անձնվիրաբար է կատարում իր մարդասիրական առաքելությունը: Մի երկու խոսք ցանկացավ ասել և շնորհավորել զինվորին՝ հայ մարդուն, բանակի օրվա կապակցությամբ, վերջում բանաստեղծություն ստացվեց:

Ամեն մի հայ հսկա մի բերդ,

Մագաղաթի այրված մի թերթ:

Ամեն մի հայ կանգուն տաճար,

Կյանքը դժվար, միտքը՝ հանճար:

Ամեն մի հայ հերոսի մայր,

Մեր թիկունքին կանգնած մի ժայռ:

Ամեն մի հայ ինքնին հերոս,

Մթության մեջ հույսի փարոս:

Ամեն մի հայ նետ ու նիզակ,

Ամուր բռունցք, ահեղ մի զարկ:

Ամեն մի զարկ թշնամու դող,

Մսրա Մելիք պատառոտող:

Այսպիսինն է ազգը հայոց`

Չի նմանվում երբեք այլոց:

Ցեղասպանված ու սիրտը խոց,

Եվ աչքերում կրակ ու բոց:

-Հայ զինվորին բազկի ուժ և անսասան կեցվածք,-այսպես շնորհավորեց նա:

Հայկ Մարգարյան

«Առավոտ» օրաթերթի նախորդ համարներից մեկում տպագրվել էր նաև բժշկական համալսարանի ուսանող Հայկ Մարգարյանի հետ  հարցազրույցը, որտեղ խոսել ենք պատերազմի ընթացքում իրենց կատարած մեծ աշխատանքի մասին: «Պատերազմի ընթացքում շատ-շատ մեծացավ և ամրապնդվեց կարեկցանքի և խնամք տանելու պարտավորությունը պացիենտի հանդեպ»,-ասել էր Հայկը: Նա ևս ունի իր փոքր ուղերձը՝ մեր զինվոր եղբայրներին ուղղված:

-Շնորհավորում եմ հայոց բանակի իմ եղբայրներին։ Թող Աստծո աջը զորավիգ լինի հայոց բանակին և առավել հզորացնի: Իմ անպարտելի զինվոր եղբայրներ, ցանկանում եմ ծառայեք խաղաղ երկրում և ժամանակին վերադառնաք ձեր ընտանիքներ: Դուք լավագույնն եք ու ամեն օրը ձե՛րն է, հավատացեք։

Վովա   ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031