-Հորկո՜ւր, ես կածի՜, հաջող (Հորաքո՜ւյր, ես գնացի՜, հաջող)…
Բանակ էր զորակոչվել պատանի Սերոբը՝ դպրոցին դեռ նոր հրաժեշտ տված: Ճանապարհին պատահաբար հանդիպեց Տաթևին՝ իր համագյուղացուն, որը չնայած տարիքով իրենից այնքան էլ մեծ չէր, բայց դե «հորքուր» էր կանչում: Սասունցու իր բարբառով ուրախ-ուրախ այսպես հրաժեշտ տվեց նրան՝ թևերը լայն բացած: Ով իմանար, որ այս խոսքերը ճակատագրական պիտի դառնային նրա համար:
Ընտանիքի ավագ արու զավակն էր Սերոբ Թորոսյանը՝ Սերոբ պապի անվանակիր թոռը: Երկու եղբայր էին: Որքա՜ն երազանքներ ունեին ծնողները նրա հետ կապված…
2020թ. սեպտեմբերի 27-ին պատերազմի բոթը այրող լավայի նման լափեց ողջ հայությանը: Նա էլ դիրքերում էր մարտական ընկերների հետ: Հադրութում էր ծառայում: Այդ օրից ծնողներն այլևս լուր չստացան իրենց զավակից: Հայաստանը դարձավ սև ու սգի մի հովիտ. ամենուրեք զոհված զինվորների մարմիններ էին հանձնում հողին, իսկ Սերոբից՝ ոչ մի լուր, ոչ մի զանգ: Էլ դուռ չմնաց, որ չծեծեցին…
Կարդացեք նաև
– Իմ տղան ո՜ղջ է,- մղկտում էր մայրը:
– Երանի՜ նրանց, ում որդիները գերեզման ունեցան: Նրանց ծնողները գոնե լաց լինելու ու խնկարկելու տեղ ունեցան, իսկ ե՞ս…,- մրմնջում էր թալկացած հայրը:
Սիրտ կեղեքող սպասումն ավարտվեց: Ճանաչեցին Սերոբի մարմինը: 2021 թ. հունվարի 27-ին Ներքին Բազմաբերդի հասարակությունը դեպի հավերժություն ճանապարհեց իր երրորդ զավակին: Նրա մարմինն ամփոփվեց համայնքի դիմաց՝ Արցախյան երկրորդ պատերազմի զոհերի նորաբաց պանթեոնում:
Ննջիր խաղաղությամբ, հայրենիքի զինվոր, հավերժի ճամփորդ, անմահ Սերոբ:
Արմինե ՎԱՐԴԱՆՅԱՆ
Ներքին Բազմաբերդ
28.01.2021