«Եթե սահմանադրական ճանապարհը արդյունք չտա, պետք է ապստամբություն անել»,- օրերս Արարատի մարզի Արարատ քաղաքում տեղի ունեցած հերթական մարզային հանդիպման ընթացքում հայտարարել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն «Ժամանակ»-ի հետ զրույցում, անդրադառնալով Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, նշեց. «Ես առիթ ունեցել եմ ասելու, որ եթե այդ ուժերը՝ նախկինները, նոյեմբերի 9-ից հետո այդ շոկային իրավիճակում չհասնեն իշխանափոխության, որը և հաշվարկել էին, գնալու են ուժային տարբերակի։ Նրանք այդ մասին անթաքույց հայտարարել են։ Մենք Հոկտեմբերի 27, Մարտի 1 տեսած ժողովուրդ ենք, ու չի բացառվում, որ նրանք գնան այդ տարբերակով»։
Ըստ Մակեյանի՝ իրենք այլ ճանապարհ չունեն. «Այն մեխանիզմը, որ ներկայացնում են այդ ուժերը, միամիտների համար է՝ մեկ տարով գա Վազգեն Մանուկյանը… իրենք պարզապես ուզում են ընտրական համակարգն իրենցով անել։ Հիմա տեսնում են՝ դա էլ չի ստացվում, դրա համար էլ, կարծում եմ, մեծ հավանականություն կա Հոկտեմբերի 27-ի կրկնության»։
Ապստամբության սցենարը, Մակեյանի դիտարկմամբ, խիստ վտանգավոր է. «Լուծումն իշխանությունների ձեռքում է։ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, թույլ չտա, որ իր դեմ Հոկտեմբերի 27 անեն։ Նման զարգացումները պետության համար, որի հիմքերը արդեն խարխլված են, վտանգավոր են։ Իշխանությունները չպետք է այդքան լավատես լինեն»։
Կարդացեք նաև
Մարիամ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: