Երգիչ Արսեն Սաֆարյանը եղբոր՝ երաժիշտ Արթուր Սաֆարյանի հետ առաջիններից էր, որ պատերազմը սկսվելուց հետո, առանց վարանելու, մեկնեց առաջնագիծ՝ հայրենիքը պաշտպանելու գործին իր բաժին ուժը հասցնելու համար։ Երգիչը բեմը փոխարինեց պատերազմի դաշտով։ Զրույցը սկսեցինք հենց այս նոտայից մի քանի խորագրերով։
Պատերազմը ավարտվե՞լ է, թե՞ ոչ:
– Պատերազմը, որպես պատերազմ, ցավալի ու անսպասելի արդյունքներով ավարտվեց, բայց մեր մեջ այլ կարևոր պատերազմ կա: Այս ամենից հետո պիտի շատ եզրակացություններ անենք։ Եթե այս անգամ էլ եզրակացություն չարեցինք, հետո իրավունք չենք ունենալու պատերազմի մասին խոսելու: Մենք ինքներս մեր հետ ավելի անկեղծ պետք է լինենք: Ինչո՞վ էինք ուժեղ, ինչո՞վ էինք թույլ: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկենք, որ ունենանք արդի զինատեսակներով զինված բանակ, մարտունակ ու կազմակերպված բանակ: Իսկ այդ մասին պիտի մտածեն զինվորականից մինչև գեներալ։
Դուք եղել եք դիրքերում՝ առաջնագծում: Ի՞նչ տեսաք այնտեղ:
Կարդացեք նաև
– Ես զինվորական չեմ, որ մասնագիտական վերլուծություններ անեմ, բայց ես մարտի դաշտի ականատես եմ ու կարող եմ ասել բաներ, որոնց համար մասնագետ լինել պետք չէ: Ինձ համար մի քանի բաներ անհասկանալի էր… Պարտության առաջին մեխը այն է, երբ զինվորդ բարոյալքվում է, երբ զինվորդ իր ներսով պարտվում է, երբ թիկունքը ամուր չի զգում, երբ լսում է, որ ինչ-ինչ խաղեր կարող են լինել: Հիմա հնչում են տեսակետներ, որ մենք զենք ու զինամթերք չունեինք, մեր դեմ կռվում էին մի քանի բանակներ և այլն ու պարտությունն անխուսափելի է, բայց մենք ունեինք ամենակարևոր զենքը՝ ունեինք այնպիսի զինվոր, որ հրետակոծությունից հետո վեր էր կենում ու ասում. «Բա ինչո՞ւ չեն մոտենում» (նկատի ունի թշնամուն .Ն.Գ. )։ Իսկ եթե դու ունես նման զինվոր, դու արդեն հաղթած ես: Այլ խնդիր է, որ տակտիկական ու կազմակերպչական քայլեր պիտի իրականացվեին, որպեսզի զինվորի կյանքը ապահովված լիներ: Իսկ դրա համար գոնե մայր Արցախի սահմանագծով պետք էր հատուկ արդի դիրքային երկաթ բետոնե կառույցներ, որը ես չեմ տեսել։ Բայց չէ՞ որ այսքան տարիների ընթացքում այնտեղ կարելի էր անգամ չինական պատ սարքել…
Մյուս տեսանկյունից էլ կարող եմ ասել, որ թշնամին հաջողության չի հասել հատկապես այն հատվածներում, որտեղ եղել են փորձառու ու կոչումով դաշտային հրամանատարներ: Իսկ այս պատերազմը ցույց տվեց, որ մենք հենց այդպիսի հրամանատարների պակաս ունենք: Այն վայրում, որտեղ մեր ջոկատն էր դիրքավորված, մեր կողքին էին հզոր, ուժեղ, առաջին պատերազմում թրծված ավտոմատը ձեռքին՝ զինվորի կողքին կանգնած հրամանատարներ: Իսկ երբ հրամանատարդ կողքիդ է, դու հաղթահարում ես բոլոր վախերդ: Բայց երբ հրամանատարդ այն անձն է, որը չի տիրապետում տեղանքին, չգիտի աջ ու ձախ կողմերում ինչ կա, չգիտի որտե՞ղ է խմելու ջուրը կամ որքան կարող է զորքը մնալ թաքստոցում և այլն՝ այստեղ դու մեծ խնդիր ունես: Երբ հրամանատարդ գիտակ է՝ անգամ նահանջը կարող է կազմակերպված լինել: Մեր ջոկատը ոչ մի զոհ չի ունեցել: 6 վիրավոր ենք ունեցել՝ շնորհիվ մեր գրագետ հրամանատարների՝ Արթուր Ալեքսանյանի (Ամարասի Արթուր), գնդապետ Միշա Թադևոսյանի, փոխգնդապետ Ռոբերտ Ղուկասյանի, որոնք անձամբ գտնվում էին մարտի դաշտում:
Ձեզ ինչպե՞ս «դիմավորեցին» դիրքերում:
– Հիմա հումորի եմ վերածել, ասում եմ, որ աշխարհի բոլոր վայրերում ինձ շատ ջերմ ու սիրով են դիմավորել, բայց նման հրաշալի ու մահաբեր «հրավառությամբ» ինձ չէին դիմավորել: Իսկ այդ «հրավառությունը» տևեց 14 ժամ ու ինտենսիվ: Առաջին մի քանի ժամից հետո այն դարձավ սովորական, ու դու ձայներից սկսում ես արդեն գուշակել, հասկանալ, թե ինչ զինատեսակներից են կրակում, ֆիքսում ես լիցքավորման դադարները, իսկ այդ ընթացքում հասցնում ես երկու բառ փոխանակել խրամատիդ ընկերոջդ հետ, հետո նորից կրակ՝ միտքդ կիսատ ես թողնում, շարունակելու հույսով: Այդ պահին հասկանում ես, որ քո վերադարձը 50/50-է, բայց կամքդ ուժեղ է ու պայքարդ համառ։ Իսկ օրեր անց ոչ սովորականը դառնում է սովորական:
Զենքը մեկ-մեկ փոխարինու՞մ էիք կիթառով: Մի առիթով նաև ծափահարությունների փոխարեն կրակոցներ են հնչել…
– Ես Ռեմբոն չէի, որ գնացել էի մեծագույն ռազմական գործողություներ կատարելու: Ես պարզապես իմ հողն էի պաշտպանում: Բազայում, որը փոքր-ինչ ապահով էր, կարողանում էինք երբեմն երաժշտական դադարներ ունենալ: Իհարկե, թռչող «հրաշքները» ժամանակ առ ժամանակ մեր գլխավերևում էին հայտնվում: Ի դեպ տղաների կողմից ես միշտ հոգատարություն ու սեր էի զգում իմ հանդեպ:
Չեմ մոռանա, երբ 14 -ժամյա հրետակոծությունն ավարտվեց ու բոլորը սկսեցին իրենց փոսերից դուրս գալ, շատերը ինձ տեսան ու զարմացան: Չգիտեին, որ ես և եղբայրս իրենց հետ խրամատում էինք: Մի քանի օր անց իմացա, որ տղաներից մի քանիսը մոտեցել էին հրամանատարներին ու ասել, որ իրենք դիրքեր կբարձրանան, թող Արսենը մնա բազայում:
Իսկ ծափահարությունների առումով էլ ասեմ «Առավոտի» տնօրենի՝ Գարիկի, ով մեզ հետ դիրքերում էր, աղջկա ծննդյան օրն էր, ես հենց խրամատում սկսեցի երգել շնորհավորել ու երգի վերջում հրավառության փոխարեն հրանոթային կրակներ հնչեցին․ (ծիծաղում է Ն.Գ.)
Պատերազմի օրերին ռազմի դաշտից նկարներ հրապարակեցիք. Դրանք պարզապես նկարնե՞ր էին, թե՞ ասելիք կար:
– Առաջին թվացյալ հրադադարն էր, տղաներից մեկը սնիկերս տվեց, կարդացի գրությունը, անկեղծ՝ հուզվեցի … Շատ ցանկացա,որ այդ երիտասարդները, որոնք ուղարկել էին տեսնեին, որ իրենց ուղարկածները տեղ են հասել:
Իսկ կարտոֆիլ մաքրելու նկարը շատ պատահական եղավ: Ի դեպ, այդ նկարը հայտնվեց համացանցում: Եվ պատրաստվել էր պոստեռ այն համեմատությամբ, թե ադրբեջանցի երգիչը ինչով է զբաղվում պատերազմի ժամանակ, իսկ հայ երգիչը՝ ինչով:
Մյուս նկարը հրապարակվեց արդեն պատերազմի ավարտից հետո։ Կուսապատ գյուղի Ապայի հետ էր՝ մակագրել էի, որ «Իմ Արցախը դու ես , ու իմ Արցախը երբեք չի պարտվել, բանակն էլ» …
Այո, ես չեմ համարում, որ մեր բանակը պարտվել է: Սուտ են ասում։ Այլ խնդիր է, որ էդպես էր պետք: Էդ տղերքի հետ, ում հետ ես դիրքերում եմ եղել, այս ամեն ինչից հետո արցունքներն աչքերին զրուցել եմ: Նայում էին աչքերիս մեջ ու հարցնում. «Ե՞ս պարտվել եմ, դո՞ւ պարտվել ես: Մեր զինվորը չի՛ պարտվել: Ես չգիտեմ այսօր ինչ-որ հրամանատարի, բարձրաստիճան սպայի, կանչե՞լ են պատասխանատվության, կամ ովքեր դիրքերը թողել են, պատճառները ճշտե՞լ են, թե՞ ոչ: Ես չգիտեմ, գուցե կանչե՞լ են … Բայց զինվորի, հայրենասեր սպայի իմաստով բանակը չի պարտվել: Պարտվել է ռազմաքաղաքական ղեկավարությունը: Իսկ Ապան իմ Արցախն է, որ երբեք չի պարտվել։
Պատմությունն էլ, որ նայում ես, Արցախը եղել է այն կղզին, որի հետ չեն կարողացել սրով խոսել, որի հետ վերջում հաշվի են նստել: Զինվոր Արսեն Սաֆարյանը չի պարտվել, Արսեն քաղաքացին է նվաստացած ու դատարկված:
Պատերազմից հետո ես իմ տեղը չեմ գտնում: Ինձ թվում էր երազի մեջ եմ, փշրված: Այնպիսի զգացողություն ունեի, որ ինձ մի քանի հոգի ծեծել են, բայց ես ոչինչ չեմ կարողացել անել:
Մի փոքր էլ Ձեր անելիքների մասին պատմեք:
– Երբ Արցախից վերադարձա դեթրոյդահայ Անահիտ Դիլաքյանը կապվեց ինձ հետ, ասաց, որ ուզում են օգնություն ուղարկել Արցախ: Նրանք արդեն համացանցից տեղյակ էին, որ ես մարտի դաշտում էի: Իհարկե, ես ասացի, որ կան հիմնադրամներ, սակայն նրանք պնդեցին, որ միայն իմ միջոցով են ուզում օգնությունը տեղ հասցնել: Գնել էինք առաջին անհրաժեշտության իրեր՝ տաք հագուստներ, հիգիենայի պարագաներ, քաղցրավենիք և այլն ու արդեն պատրաստ էր, պետք է ուղարկեինք մեր ջոկատին և Օմարում գտնվող ջոկատին: Սակայն պատերազմն ավարտվեց, չհասցրեցինք և որոշեցինք այդ ամբողջ օգնությունը բաշխել մեր վիրավոր տղաներին:
Այցելեցի մի քանի հիվանդանոցներ՝ «Էրեբունի» բ /կ», «Աստղիկ» բ/կ »,և «Հայրենիքի վերականգնողական կենտրոն» : Զրուցեցինք նաև տղաների հետ, որոնց աչքերում միայն պայքար էր ու պատրաստ կրկին շարք վերադառնալու, կիսատ գործը ավարտին հասցնելու։
Վերադարձե՞լ եք կյանք:
– Պատերազմի հետևանքները սարսափելի էին, ամբողջ մի սերունդ զոհվեց, ունենք անթիվ վիրավորներ, ընդհանուր տրամադրության անկում, անորոշություն: Այդ ամենից հետո երգել շատ դժվար է, բայց պետք է աշխատենք, ոտքի կանգնեք: Այսքան դադարից հետո «Yans Music Holl» –ից համերգի հրավեր եմ ստացել , որը տեղի կունենա փետրվարի 14 -ին: Կհնչեն հին ու նոր երգեր: Մի քիչ կտխրենք, մի քիչ կժպտանք… բայց կյանքը շարունակվում է, ու մենք հիշելով պարտավոր ենք ապրել:
Զրույցը Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ