Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մեկ անգամ դիլետանտիզմի մասին

Հունվար 28,2021 10:00

«Չկարողացա հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը եւ դրանից առաջացող խոչընդոտները։ Մասնավորապես, այն հարցերում, որոնք վերաբերում էին զորահավաքին, Անվտանգության խորհրդի դերակատարությանը եւ գործառույթներին, Հայաստանի Զինված ուժեր-ՊԲ-Արցախի նախագահ գործառույթներին եւ պաշտոնեական փոխհարաբերություններին, Արցախում ինքնապաշտպանության կազմակերպմանն ու բնակչության տարհանմանը», – վերջերս «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում խոստովանել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որն այդ պաշտոնն էր զբաղեցնում արցախյան պատերազմի ժամանակ՝ այն պատերազմի, որում մենք ջախջախիչ պարտություն կրեցինք:

Եվ իսկապես՝ ո՞վ էր Արցախում կազմակերպում ինքնապաշտպանությունը՝ Նիկոլ Փաշինյա՞նը, Դավիթ Տոնոյա՞նը, Օնիկ Գասպարյա՞նը, Արայիկ Հարությունյա՞նը, Ջալալ Հարությունյա՞նը, գուցե Սամվել Բաբայանը կամ Աննա Հակոբյա՞նը: Պաշտպանության նախկին նախարարը իրավացի է այն առումով, որ այդ հարցի սահմանադրական կարգավորումները հստակ չեն, եւ պատերազմի ժամանակ դա իսկապես կարող է նպաստել խառնաշփոթի առաջացմանը: Այս կամ այն գործողություն իրականացնելու հրամանը պետք է տրվի մեկ կետից եւ անվերապահորեն կատարվի բոլորի կողմից:

Ի դեպ, դա վերաբերում է նաեւ ԱԱԾ-ին, որն, ի վերջո, նույն զինվորական ծառայությունն է իրականացնում:

Բայց ավելի շատ, քան օրենսդրական բացերը, անհստակությանը եւ խառնաշփոթին նպաստում էր Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարության եւ առաջին հերթին՝ վարչապետի դիլետանտիզմը: Հայտնի օրինաչափություն է. որքան մարդ տգետ է, այնքան՝ ինքնահավան, որեւէ նոր բան սովորելու անընդունակ եւ, որպես կանոն՝ պարանոյային հակված: 2,5 տարի պաշտոնապես գերիշխող մտայնությունն այն էր, որ մեր գեներալների եւ բարձրաստիճան սպաների զգալի մասը դավաճան է ու հեղափոխության թշնամի: Այդ միտքը հաջողությամբ մտցվել է լյումպենացված զանգվածի գլուխը՝ «բա ճիշտ էր արել Նիկոլը, որ Աննային ուղարկել էր գլխավոր շտաբ՝ դավաճանությունն էր ուզում կանխել»: Պետության եւ բանակի մասին նման պատկերացումներով դժվար է հաղթել պատերազմում:

Մինչդեռ վստահ եմ, որ մեր գեներալների, սպաների ու զինվորների ճնշող, բացարձակ մեծամասնությունը հայրենասեր, իրենց գործին նվիրված ու խիզախ մարդիկ են: Պարզապես քաղաքական ղեկավարությունը պետք է

ա/ վստահի նրանց գիտելիքներին, ականջալուր լինի նրանց հայտնած տեղեկություններին, ոչ թե ղեկավարվի սեփական երեւակայությամբ ու ամբիցիաներով,

բ/ նրանց առջեւ դնի հստակ եւ իրագործելի խնդիրներ:

Իսկ ընդհանրապես այն մոդելը, որով գործում է մեր բանակը, հնացել է, եւ այստեղ, այո, պետք է մեղադրել ոչ միայն ներկա, այլեւ նախորդ իշխանություններին: Խորհրդային մոդելը, ըստ որի՝ պետք է հավաքագրել հնարավորինս շատ զինվորների եւ նրանց ուղարկել խրամատներ, մրցունակ չէ ՆԱՏՕ-ի որդեգրած ժամանակակից մոդելի դեմ, երբ մասնագետները նստած են ռազմական գործողություններից տասնյակ կիլոմետր հեռու ղեկավարման կետերում եւ համապատասխան կոճակներ են սեղմում: Հուսամ, Հայաստանի հաջորդ ղեկավարությունը բավականաչափ գիտելիքներ կունենա՝ դա հասկանալու համար:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Ruben says:

    Հին, բայց չբացահայտված թեմա է դիլետանտիզմն ու դիլետանտները:
    Պատկերացնենք, որ 1990-ից ի վեր Հայաստանում օգտագործվում է մի ծրագիր, հիմնականում քաղաքականություն մտած շրջանակների համար, որը կարելի է անվանել «դիլետանտներ»:
    «Դիլետանտները նման չեն սովորական լրտեսներին: Նրանք ոչ մեկի մոտ կասկած չեն հարուցում: Նրանց գործողությունները անհնարին է նախապես հաշվարկել: Նրանք ամենասովորական մարդիկ են, հետեւաբար ոչ մեկին չեն հետաքրքում: Որպեսզի դիլետանտները ճակատագրական սխալներ չկատարեն, նրանց չի կարելի ծանրաբեռնել առաջադրանքներով: Նրանք պետք է կատարեն միայն տարրական ֆունկցիաներ: Նրանց օգտագործում են առանց իրենց տեղեկացնելու:»
    Ինչ-որ մեկին ճանաչեցի՞ք:
    Դիլետանտները չեն կարող անկախ և ինքնիշխան պետություն կառուցել և կառավարել:

  2. Armen says:

    Ես չգիտեմ, կարելի՞ է դոլլարային միլիոնատեր գեներալին համարել հայրենասեր: Մյուս կողմից էլ, եթե նա չմասնակցեր պետական մակարդակով կատարվող առուծախին, ապա այդ համակարգում ի՞նչ գործ ուներ: Հանդուրժել ենք ազգային ժողովում պետության գլխավոր գործող անձանց գնդակահարությունը, բարևելու պատճառով քաղաքացուն ծեծելով սպանելը, մեր հերոս գեներալներին չարչիության սովորեցնելը և հանկարծ զարմանում թե ինչի՞ էս օրին հասանք: Քանի չեն պատժվում պետական հանցագործություն իրականացրած պաշտոնյաները, որոնք աղավաղել են պետության զարգացման նորմալ ընթացքը, 10-20 տարի հետո նորից ենք զարմանալու: Իսկ որպեսզի ավելի ակնառու լինի եկողների համար, նմանի(նմանների) արձանը անհրաժեշտ է դնել Երևանի բանուկ խաչմերուկներից մեկում, տակը նշելով՝ արտահայտեք Ձեր վերաբերմունքը: Քաղաքացին հաստատ կկողմնորոշվի….

  3. Ruben says:

    Կառավարման ցանկացած ոլորտում հետընթաց և հետամնացություն է:
    Ամենապարզունակ օրինակներ.
    Զոհվում էին հետեւակայինները БМП 1-ի ու БМП 2- ի մեջ, տանկիստները Т 72 տանկերի մեջ, հրետանավորները հրետանային ինքնագնաց կայանքների (հաուբիցների)՝ САУ-ի մեջ, զենիթայինները (հակաօդային պաշտպանություն դիվիզիոն) զենիթային ինքնագնաց համալիր՝ ЗСУ-23-4 «Шилка»-ի ու հակահրթիռային համալիրների (ԶՀՀ) մեջ և այլն: Հիմնական պատճառներից մեկը.
    զրահատեխնիկայի վրա (զրահի վրա) բացակայում էին պասիվ (դինամիկ) պաշտպանությունը (որոշ մեքենաների վրա ժանգոտվել էին և չէին գործում կամ դատարկ էին): Իսկ խոսել զրահի ակտիվ պաշտպանության մասին՝ ոչ մի գեներալի (էլ չեմ ասում հրամանատարների) մտքով չեր անցնում: Ցավոք, նրանք տգետ դուրս եկան «բայրաքթար» բղավելով:
    Կառավարությունը լաց է լինում՝ «փող չկա, չի մնացել»: Ավելի քան մեկ տարի առաջ կառավարությունը հայտարարեց, որ մենք միանում ենք Եվրո վճարումների միասնական տարածքին (Single Euro Payments Area — SEPA համակարգին): Թվում էր, թե ստորագրել են Եվրամիության հետ ասոցացման ակտ: Ջրի՞նք:
    Հանրապետության կենտրոնական բանկը, որը 100% -ով պատկանում է կառավարությանը, արդեն համագործակցու՞մ է և ունի՞ պաշտոնական գրանցում Միջազգային հաշվարկների բանկի («Bank for International Settlements», Basel, Switzerland) հետ: Թե՞ դա անհրաժեշտ չէ հանրապետությանը:
    Շատ բաներ կարելի է թվարկել: Մի խոսքով, նախկին և ներկա իշխանավորների «սխրագործությունների» պատճառով պետականությունը կանգնած է փլուզման եզրին:

  4. Լավատես says:

    Չեմ կարծում, որ դիլետանտների հետ գործ ունենք, այդ պաշտոններում պատահական մարդիկ չկան, նրանց տասնյակ տարիներ նախապատրաստում են գլոբալ ուժերը, որոնց նպատակն է վերացնել ազգային պետությունները եւ դրանց վերածել կոռպոռացիաների։

    • Լավատես says:

      Կան նորմալ նստակյաց կյաանքով ապրող տեղաբնիկներ, կան նորմալ քոչվոր կյանքով ապրող քոչվորներ, այս երկուսն իրար ջան են ասում ու ջան լսում, կան այլասերված լուսանցքային տեղաբնիկներ՝ շիզոներ, քաղքենիներ, գեղցիներ, չտեսներ, անհաջողակներ ու նեղացածներ եւ կան այլասերված լուսանցքային քոչվորներ, որոնք անցել են նստակյաց կյանքի, էս երկու տեսակի այլասերվածներն էլ իրար են ջան ասում ու ջան լսում: Այսօր աշխարհը բաժանվել է երկու գլոբալ ճամբարների՝ մեկը այլասերվածների ճամբարն է, մյուսը՝ նորմալների: Այս երկու՝ այլասերվածների ու նորմալների ճամբարների միջեւ գլոբալ ճակատամարտ է գնում: Այլասերվածներն իրենց մարդկանց են ներդնում նորմալների իշխանական համակարգում այլասերված տեղաբնիկներից, դե մենք էլ մեր նորմալ քոչվորներին պետք է ներդնենք այլասերված քոչվորների իշխանական համակարգում: Դե սա ԱԱԾի մակարդակի գործողություններ են, գլոբալ կառույցները՝ ցանցային կառույցներ են, մենք պետք է սովորենք ստեղծել ցանցային պետություն, որը պետք է մեր ոչցանցային պետության հզոր թիկնապահը պետք է լինի:

  5. Ruben says:

    Մի պատմություն հայկական կկվի, թուրքական աղվեսի, ռուսական ագռավի և անգլիական բուլդոգի մասին: https://m.mamul.am/am/post/22198

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031