Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ-մեկ ես մտածում եմ, որ կարող է 10 տարվա ընթացքում ուղղակի սխալ եմ ապրել, երբ նախագահ էի». Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ ընտրություններին մասնակցելու է եւ կրելու է

Հունվար 28,2021 00:53

«Իմ կարծիքով, պետք է օրենքով խիստ պատիժ սահմանել՝ սուտ ասող պաշտոնյայի նկատմամբ: Չափազանց խիստ: Հակառակ դեպքում ոնց որ ամեն ինչ մոռացվում է: Հիմնական սուտասանը գիտեք ով է մեր երկրում: Քաղաքական մշակույթ է դարձել: Մեկ-մեկ ես մտածում եմ, որ կարող է 10 տարվա ընթացքում ուղղակի սխալ եմ ապրել, երբ նախագահ էի: Մի դեպք չկա, երբ մեկն ասեր՝ այսինչ օրն այսինչ բանն եք ասել ու պարզվեր՝ սխալ է»,- 3 ԶԼՄ-ի՝ Hayeli.am-ին Politik.am-ին եւ  Yerevan.Today-ի հետ հարցազրույցում ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ըստ նրա, Ադրբեջանը ռազմագերիներին չի տալիս, որովհետեւ գերիներին պահելով՝ խնդիր է ստեղծում Ղարաբաղի հատվածի բանակի համալրման համար. «Հեռահար նպատակը սա է, պարզ երեւում է ու պետք է անկեղծ դրա մասին խոսել: Ասում են՝ ով նոյեմբերի 9-ից հետո հայտնվել է այնտեղ, ռազմագերու կարգավիճակ չի կարող ունենալ, ինչի՞ համար են սա ասում: Գերի պահելը անշնորհակալ բան է: Ես Ղարաբաղի նախագահ եմ եղել, մենք բազմաթիվ գերիներ ենք ունեցել ու Կարմիր խաչով հանձնել ենք: Երբ գերի ես պահում, ճնշման տակ ես, Ալիեւը, այո, մշտական ճնշման տակ է գերիների հարցով: Եվ եթե ինքը պահում է, պահում է շատ կոնկրետ նպատակով, որովհետեւ այդ գործիքն օգտագործում է Ղարաբաղի անվտանգության համակարգի մնացած բեկորները քայքայելու համար: Նույնիսկ, եթե այս գերիներին տա, ուրիշ գերիներ են վերցնելու ու պահելու են այնքան ժամանակ, քանի դեռ այս իշխանությունը չի վստահեցրել իրենց, որ այստեղից որեւէ զինվորական Ղարաբաղ չեն ուղարկելու: Գինը սա է լինելու եւ մեր իշխանությունը սրան գնալու է, որովհետեւ իրենց քթից բռնած՝ ոնց ուզում, տանում են»:

Ըստ Քոչարյանի, այս իշխանությունները իրենք իրենց «սուպեր սոսնձով» կպցրել են իրենց աթոռներին, բայց ամեն ինչ դեռ առջեւում է: Նա ասաց, որ առաջին շաբաթ ընտրություն կար՝ գնալ նրանց հեռացնելու լեգիտի՞մ ճանապարհով, թե՞ հեղափոխության ճանապարհով. «Քաղաքական դաշտում հույսերը կտրվեն՝ լինելու է հեղափոխական ճանապարհով: 17 կուսակցությունները փորձել են դա անել լեգիտիմ ճանապարհով՝ չի ստացվել»:

Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ այդ 17 կուսակցությունները, եթե չլինեին, իշխանությունները արտահերթ ընտրությունների մասին չէին խոսի. «Եթե հայտարարեն արտահերթ ընտրություններ ու վարչապետը չլինի վարչապետ, այդ ընտրություններում, դա ես կհամարեի ձեռքբերում»: Քոչարյանն ասաց, որ հիմա ակտիվ չի ներգրավվել գործընթացներում, որոշ հանդիպումներ է միայն ունեցել. «Իմ քայլը» խմբակցության համար ես մի մարդ եմ, որին պահել են 2 տարի բանտում ու ինձ իշխանություն տալու պարագայում սուրը հանելու եմ ու վրեժխնդիր եմ լինելու իրենց հետ: Իրենց դա են սրսկել…Պատճառը դա է, որ ես ինձ հեռու պահեցի գործընթացներից, որ իմ գործոնը չօգտագործվի՝ 20-30 պատգամավորի վախեցնելու համար: Տրամաբանական էր: Հետագա պրոցեսներին, եթե լինեն ընտրություններ, ունենք քաղաքական պայքարի համար ամբողջ գործիքակազմը, կա նաեւ թիմ»: Նա հայտարարեց, որ եթե արտահերթ ընտրությունները լինեն, ճիշտը մասնակցելն է. «Այո, մասնակցելու ենք եւ կրելու ենք: Պայքարելու ենք եւ կրելու ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031