Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի ազատվում Լեւոն Յոլյանից

Հունվար 28,2021 13:30

Թերեւս բոլորի համար ակնառու է, որ Հայաստանի գրեթե բոլոր լրատվամիջոցները ողողված են այս կամ այն ոլորտում պետական պաշտոնատար անձանց կողմից չարաշահումների կատարման, այդ առնչությամբ պատշաճ պետական վերահսկողության բացակայության կամ մեղավոր անձանց պատասխանատվության չենթարկելու զանազան փաստերով: Հետպատերազմյան ժամանակաշրջանում հատկապես առանձնակի ուշադրության արժանացան «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության, այդ թվում՝ հիմնադրամից պետական բյուջե գումար փոխանցելու, ինչպես նաեւ Պաշտպանության նախարարության կողմից թանկարժեք գնումներ կատարելու գործընթացի շուրջ մամուլում պտտվող լուրերը: Մինչդեռ որեւէ անգամ չբարձրաձայնվեց այն անհերքելի իրողությունը, որ այդ առնչությամբ պետք է պաշտոնական տեղեկատվություն եւ պարզաբանում պահանջել «Հայաստան» համահայկական հիմնադրամում ու Պաշտպանության նախարարությունում հաշվեքննություն եւ ստուգում իրականացնող սահմանադրական մարմնի՝ Հաշվեքննիչ պալատի ղեկավարից:

Այն, որ Հաշվեքննիչ պալատն անկախ պետական մարմին է, որը հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում հաշվեքննություն է իրականացնում պետական բյուջեի եւ համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, պետական եւ համայնքային սեփականության օգտագործման օրինականության եւ արդյունավետության նկատմամբ, ամրագրված է Սահմանադրության 198-րդ եւ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 4-րդ եւ 5-րդ հոդվածներում: Իսկ այն, թե ինչո՞ւ Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը բացահայտ եւ անթաքույց կերպով չի իրականացնում հանրությանը ժամանակին, մասնագիտական եւ անկողմնակալ տեղեկատվություն ներկայացնելու նույն «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 3-րդ հոդվածով ամրագրված պարտակունությունը, առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս:

Եվ սա աներկբա է, քանզի Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնը դեռեւս զբաղեցնող, կենսաթոշակային տարիքի նախաշեմին գտնվող Լեւոն Յոլյանը որդեգրել է այսպես կոչված «ջայլամային» քաղաքականություն` նպատակ ունենալով հնարավորինս երկարաձգել իր պաշտոնավարումն այդ պաշտոնում: Վերջինիս գործելաոճն ակնհայտ է, որ ձեռնտու է իշխանությանը, քանզի Հաշվեքննիչ պալատի ոչ ուժեղ ղեկավար ունենալն ուղղակի համեմատական է թույլ պետական հաշվեքննության կամ պետական հաշվեքննության ընդհանրապես բացակայության հետ: Սա հնարավորություն է ընձեռում ՀՀ կառավարությանը, որպեսզի վերջինս համոզված կերպով վստահ լինի իր բոլոր գործողությունների նկատմամբ օրենքով սահմանված պատշաճ հաշվեքննության չիրականացման մեջ, ինչը կարող է հանգեցնել զսպումների մեխանիզմի բացակայության, իսկ երբեմն նաեւ` ամենաթողության… Արդյունքում` իրավական առումով խախտվում է Սահմանադրության 4-րդ հոդվածով նախատեսված իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման սկզբունքը, ինչպես նաեւ գործնականում խափանվում է պետական ապարատի բնականոն գործունեությունը:

Հատկանշական է այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն բարձրաձայնում է կոռուպցիայի դեմ պայքարի եւ այդ առնչությամբ կոնկրետ քայլեր իրականացնելու մասին, սակայն իշխանության եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից որեւէ գործուն քայլ չի ձեռնարկվում բազմազան աղմկոտ կոռուպցիոն դրվագներում ու քրեաիրավական բնույթի գործերում ներգրավված Լեւոն Յոլյանին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու կամ գոնե` պաշտոնանկ անելու ուղղությամբ: Եվ այս ամենը կատարվում է այն պայմաններում, երբ Լեւոն Յոլյանին առնչվող կոռուպցիոն եւ քրեաիրավական պատմությունները պարբերաբար լուսաբանվում են լրատվամիջոցներում, ինչպես նաեւ այդ մասին բազմիցս հայտարարվում է Ազգային ժողովի բարձրագույն ամբիոնից: Օրինակ՝ 25 միլիոն դոլար չինական վարկի ծախսման հետ կապված Հաշվեքննիչ պալատի ստուգումների կամ Լեւոն Յոլյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց բիզնեսների առնչությամբ աղաղակող հրապարակումները, որոնք ոչ այլինչ են, քան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հանցագործության մասին հաղորդումներ: Ակնհայտ է, որ իշխանական թիմն ուղղակիորեն հովանավորում է Լեւոն Յոլյանին, այլապես չէր ցուցաբերվի բացարձակ անգործություն եւ Լեւոն Յոլյանն այսքան երկար ժամանակ չէր շարունակի պաշտոնավարել ՀՀ բարձրաստիճան պաշտոնում: Հավելեմ, որ նշված անգործության եւ հովանավորության պատճառները պարզաբանելու առնչությամբ մեր փաստաբանական խումբը պաշտոնապես հարցում է ուղարկել Նիկոլ Փաշինյանին, ինչի պատասխանը, ի թիվս այլ փաստերի, ծրագրված է հրապարակել նախատեսվող ընդարձակ մամուլի ասուլիսի ժամանակ:

Արամ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

իրավագետ

«Առավոտ» օրաթերթ
27.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031