Լրահոս
Օրվա լրահոսը

Թրոմբը դառնում է մահվան պատճառ

Հունվար 28,2021 13:00

2020 թվականի տարեսկզբին սկսված համավարակը՝ կորոնավիրուսը, ահուսարսափ տարածեց ազգաբնակչության շրջանում։ Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, վիշտը պատեց մարդկանց, եւ մարդիկ կորցրեցին զգոնությունը, դրան գումարած՝ ընկավ մարդկանց իմունիտետը։ 2020 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մեծ թափ ստացավ կորոնավիրուսի տարածումը, ինչը, ցավոք, մեծացրեց նաեւ մահվան ելքերի թիվը։ Կորոնավիրուսի հետեւանքների վերաբերյալ զրուցեցինք «Նորմեդ» բժշկական կենտրոնի անոթային ծառայության ղեկավար, ԵՊԲՀ դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Արամ Խաչատրյանի հետ։

– Պարոն Խաչատրյան, ի՞նչ հետեւանքներ է ունենում կորոնավիրուսը։ Վերջին շրջանում մահացության դեպքերն աճել են։

– Արդեն մեկ տարի է, ինչ համաշխարհային առողջապահության ամենաարդիական խնդիրը դարձավ կորոնավիրուսային վարակը, որի ամենավտանգավոր ու հաճախ նաեւ մահացու բարդությունը թրոմբոզն է: Քովիդի ժամանակ մի կողմից ախտահարվում են հենց անոթների պատերը, մյուս կողմից՝ զարգանում է արտահայտված ջրազրկում՝ արյան «խտացում»: Այդ երկու գործոնները միասին բերում են երակների լուսանցքում արյան մակարդուկների՝ թրոմբների առաջացման: Դա է պատճառը, որ այժմ կորոնավիրուսային ինֆեկցիայի միջին եւ ծանր դեպքերում` պարտադիր, նշանակվում են հակամակարդիչ («արյունը ջրիկացնող») պրեպարատներ: Վերջիններիս կիրառման շնորհիվ քովիդի պատճառով մահացությունն ամբողջ աշխարհում էապես նվազեց: Խնդիրն այն է, որ երակներում առաջացած թրոմբի «գլխիկը» կարող է պոկվել եւ արյան հոսքի հետ հայտնվել սրտի, ապա թոքային զարկերակի մեջ: Այս բարդությունը կոչվում է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա (ТЭЛА), որը 30%-ի մոտ ավարտվում է մահով, մնացած դեպքերում զարգանում է թոքաբորբ:

– Ո՞ր դեպքում է առաջանում թրոմբ, եւ ինչպե՞ս կարելի է խուսափել դրանից։

– Ավելի քան 70% դեպքերում թրոմբներն առաջանում են ստորին վերջույթների երակներում, ընդ որում՝ թե մակերեսային, թե խորանիստ: Առավել վտանգավոր են խորանիստ (հիմնական) երակների թրոմբոզները: Հին մոտեցումների համաձայն՝ թրոմբի պոկված հատվածից պաշտպանվելու համար դեպի սիրտ տանող երակի մեջ տեղադրվում էր հատուկ մետաղական ֆիլտր, որը, սակայն, չէր վերացնում մակարդուկը: Նշանակվում էր 4-6 ամիս տեւողությամբ դեղորայքային բուժում, սակայն այդ պրեպարատները չեն լուծում թրոմբը, այլ ընդամենը կանխում են նոր մակարդուկների առաջացումը: Օրգանիզմն ինքն է մաքրում երակները իր իմունային համակարգի միջոցով: Սակայն այդ մոտեցումն այժմ վերանայվել է: Պարզվում է, որ այդ ֆիլտրերը, որոնք մնում են օրգանիզմում ամբողջ կյանքում, հաճախ իրենք են հետագայում թրոմբվում՝ բերելով շատ ավելի ծանր հետեւանքների՝ երկու ոտքի երակների թրոմբոզի: Իսկ ամիսների ընթացքում երակի մեջ մնացած թրոմբի դեմ ընթացող բորբոքային պրոցեսը բերում է երակների դեֆորմացիայի, եւ արդյունքում ամեն երկրորդ հիվանդի մոտ զարգանում է բավականին ծանր հետեւանք՝ հետթրոմբային հիվանդություն. ոտքի մշտական այտուց, ցավեր, մաշկի մգացում եւ կոշտացում, խիստ ցավոտ տրոֆիկ խոցերի առաջացում: Այսինքն, սուր խնդիրը շարունակվում է քրոնիկական հիվանդությամբ՝ դեֆորմացված երակների կրկնակի թրոմբվելու մեծ հավանականությամբ: Նման արդիական խնդիրն արդեն ունի ժամանակակից եւ վերջնական լուծում, որը հասանելի է նաեւ մեր երկրում:

– Հայաստանում իրականացվո՞ւմ է, արդյոք, թրոմբներից բուժում։

– «Նորմեդ» բժշկական կենտրոնում արդեն երկու տարի է, ինչ իրականացվում է խորանիստ երակները թրոմբներից ամբողջությամբ մաքրելու պրոցեդուրան՝ թրոմբոլիզիսը: Կատարվում է հիվանդ երակի ասեղային պունկցիա (ինչպես ներերակային ներարկման դեպքում), տեղադրվում է հատուկ կաթետեր, որի միջոցով խորանիստ երակների թրոմբները վերացվում են մի քանի ժամվա ընթացքում: Դա կարելի է համեմատել կաթիլային բուժում ստանալու հետ, բայց ոտքի երակի մեջ: Միջամտությունն իրականացվում է տեղային անզգայացման տակ եւ առանց կտրվածքների։ Ավարտելուց անմիջապես հետո բուժառուն վերադառնում է ակտիվ կյանքի: Փաստորեն, այս միջամտությունն ազատում է հիվանդին թե՛ թրոմբված երակների կողմից հետագայում խնդիր ունենալուց, թե՛ թրոմբը դեպի սիրտ պոկվելուց: Այստեղ ունենք շատ կարեւոր մի հանգամանք: Արյան մակարդուկը ժամանակի ընթացքում աստիճանաբար պնդանում է, ու գալիս է մի պահ, երբ թրոմբոլիզիսն արդեն անարդյունավետ է դառնում:

– Պացիենտը երբ պետք է դիմի բժշկին, որպեսզի բաց չթողնի ժամանակը եւ արդյունավետ բուժում լինի։

– Թրոմբոլիզիսի իրականացման համար օպտիմալ է առաջին 15 օրը, ուստի չի կարելի կորցնել թանկագին ժամանակը եւ հնարավորությունն արագ ու լիակատար ազատվելու այդ վտանգավոր հիվանդությունից: Այս առումով ունենք հասարակության ցածր տեղեկացվածության խնդիր. բուժառուների ճնշող մեծամասնությունը կամ տեղյակ չէ մեր երկրում այս մեթոդի հասանելիության մասին, կամ էլ իմանում են նման հնարավորության մասին հետին թվով, երբ արդեն անցել է թրոմբը լուծելու «ոսկե շրջանը» եւ մնում է պասիվ հետեւել, թե երակներն ինչ աստիճանի կվնասվեն: Կա նաեւ հակառակ պարադոքսը. իմ որոշ կոլեգաներ, ինչ-ինչ պատճառներով, մեթոդի մասին արդեն տեղյակ բուժառուներին համոզում են, որ այս թրոմբներից արագ ազատվել հնարավոր չէ՝ շարունակելով բուժել հին մոտեցումներով:

– Ի՞նչ կասեք վարիկոզ հիվանդության մասին, որը նույնպես մեծ տարածում ունի։

– Իրավիճակն ամբողջովին այլ է մակերեսային երակների թրոմբի դեպքում՝ հիմնականում վարիկոզ հիվանդության ֆոնի վրա առաջացող: Մինչեւ վերջերս ավանդական մոտեցումն էր շտապ կարգով այդ երակների կապումը կամ հեռացումը, որոնք բավականին տրավմատիկ վիրահատություններ են: Պարադոքսն այն է, որ այդ վիրահատությունները, որպես լրացուցիչ տրավմա, իրենք կարող են նպաստել թրոմբների աճին: Այս մոտեցումը նույնպես վերանայվել է: Հակամակարդիչների ժամանակակից արսենալի շնորհիվ նման իրավիճակներում (վարիկոթրոմբոֆլեբիտ) ներկայումս նշանակվում է դեղորայքային բուժում, որի շնորհիվ կատարվում է թրոմբների ներծծում, բորբոքման նվազում: Հետագայում արդեն վիճակը գնահատվում է անհատական մոտեցմամբ։ Եթե թրոմբոզ տարած երակներն այլեւս նորմալ չեն իրականացնում իրենց ֆունկցիան եւ կարող են հետագայում վատացնել ոտքի արյան շրջանառությունը, նոր թրոմբների պատճառ դառնալ, ապա այս երակները լիկվիդացվում են: Մակերեսային երակների դերը ոտքերի արյան շրջանառության մեջ փոքր է, ի տարբերություն խորանիստների, ուստի անհրաժեշտության դեպքում կարելի է նրանցից ազատվել՝ առանց բացասական հետեւանքների: Այստեղ նույնպես կիրառվում են ժամանակակից տեխնոլոգիաներ, հիմնականում լազերային, որոնք կատարվում են առանց կտրվածքների, տեղային անզգայացման տակ եւ առանց հիվանդանոցում անգամ 10 րոպե մնալու անհրաժեշտության, ինչպես ատամնաբույժի մոտ։

– Անդրադառնանք նորից կորոնավիրուսին, ի՞նչ պետք է անեն մարդիկ կորոնավիրուսի բացասական հետեւանքներից խուսափելու համար։

– Հաշվի առնելով վերջին ամիսների սթրեսը, կորոնավիրուսային պանդեմիան եւ նրա հետ կապված մեկուսացումները՝ կոչ եմ անում լինել հնարավորինս շարժուն (քայլել, վարժություններ, հատկապես ոտքերով), օգտագործել մեծ քանակությամբ հեղուկներ, պայքարել ավելորդ քաշի դեմ, հսկողության տակ պահել արյան գլյուկոզայի մակարդակը եւ ճնշումը (եթե կա խնդիր) եւ զերծ մնալ վնասակար սովորություններից: Իսկ եթե կան կասկածներ քովիդով հիվանդանալու, կամ թեկուզ առանց քովիդի առկա են թոքերի բորբոքում, տեւական բարձր ջերմություն եւ այլն, կարեւոր է անմիջապես դիմել մասնագետի օգնությանը՝ չմոռանալով հակամակարդիչների կիրառման անհրաժեշտության մասին:

Հարցազրույցը վարեց
Ամալյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
27.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031