Հայաստանում մորուքը ասոցացվում է հոգեւորականության հետ, հետո այն «սեփականաշնորհեցին» ֆիդայիները, թեեւ մեծ հաշվով ստեղծագործող մարդկանց, մտավորականներին էլ էր հատուկ մորուք պահելը։
Եթե չենք սխալվում, այսպիսի մի ասացվածք էլ կա՝ կնոջն ադամանդներն են զարդարում, իսկ տղամարդուն տղամարդ է դարձնում մորուքը։
Վերջին շրջանում մեզ մոտ տղամարդիկ բարբերշոփ են հաճախում ոչ միայն սափրվելու, այլեւ մորուքին ձեւ տալու համար, ավելի ճիշտ՝ խնամում են մորուքը։ Անցյալ տարվանից Հայաստանում հիմնվել է CMC & CAT Armenia ասոցիացիան, որի տղամարդկանց սեկցիան ղեկավարում է բարբեր, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Հարություն Ջուլհակյանը։ Լայն ընթերցողին տեղեկացնենք, որ բարբեր անգլերենից թարգմանվում է սափրիչ եւ աշխարհի բոլոր ժողովուրդների մոտ այն դիտվում է որպես միայն մորուքի ոճաբան։
Բարբեր Հարություն Ջուլհակյանի աշխատանքային ստաժը հաշվվում է 18 տարի։ Նա հայտնեց, որ աշխարհի չեմպիոնատին, որը կայացել է 2019թ. Իտալիայի Պաստում քաղաքում, մասնակցել է իր գործընկերոջ՝ Կարեն Ղուկասյանի հետ։ «Քանի որ Հայաստանում նման ոչ մի կազմակերպություն չկար, ես եւ Կարենը ներգրավված էինք Ռուսաստանի կազմում, այսինքն՝ ներկայացնում էինք Ռուսաստանի Դաշնությունը, բայց հենց Իտալիայում ծանոթացանք մեր հայրենակցի՝ չեմպիոնատի կազմկոմիտեի նախագահ Վաժա Մխիթարյանի հետ, որն իսկապես մեր ոլորտում համաշխարհային դեմք է եւ նրանից բացառիկ թույլտվություն ստացանք ներկայացնել Հայաստանը։ Կարենն էլ «Սալոնային կտրվածք» անվանակարգում արժանացավ երրորդ մրցանակի»,-մանրամասնեց մեր զրուցակիցը։
Չեմպիոնատի առիթով լսել էինք, որ Հարություն Ջուլհակյանն իր բալերը փոխանցել է Կարեն Ղուկասյանին, ինչի արդյունքում Հայաստանը դարձել էր նշյալ անվանակարգի մեդալակիր։ Մեր զրուցակիցը համեստորեն լռեց, ընդամենը փաստելով, որ իրենք առաջին բարբերներն են, որոնք հնչեցրին Հայաստան անունը, արժանանալով պարգեւների։ Հետաքրքրությանը, թե քանի՞ անդամ ունի իր ղեկավարած վերոնշյալ ասոցիացիայի բաժանմունքը, բարբերը նշեց, որ այն հիմնվել է 2020թ. ամռանը՝ Վաժա Մխիթարյանի երաշխավորությամբ, եւ քանի որ այդ ժամանակ համավարակ էր, հետո էլ պատերազմ, ոչինչ չեն ձեռնարկել, հիմա են սկսելու գործունեություն ծավալել. «Մինչ համավարակը երեւանյան սալոններից հավաքագրեցի հինգ բարբերների, պատրաստեցի նրանց, որոնք Եկատերինբուրգում անցկացված Եվրոպայի չեմպիոնատում պարզապես հիացրին ժյուրիի անդամներին։ Նրանցից երեքը արժանացան 3-րդ մրցանակի, իսկ երկուսը՝ 2-րդ»։
Զրույցի ընթացքում Հարություն Ջուլհակյանը հայտնեց, որ ինչպես մազերը, այնպես էլ մորուքը, խիստ խնամքի կարիք ունի, որի համար գոյություն ունեն հատուկ յուղեր, ոսկ, բալզամներ, սկրաբներ եւ, իհարկե՝ ներկեր։
Վերջերս Մոսկվայում կայացած երեք երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը ներկայացել էր մեր աչքին անսովոր նոսր մորուքով, ինչը տարբեր խոսակցությունների առիթ հանդիսացավ։ Այս առիթով մեր զրուցակիցն ասաց. «Մեծ հաշվով հայ տղամարդիկ նախապատվությունը տալիս են մորուքի ավելի խստաոճ ձեւերին, տարածված է մորուքի միջին երկարությունը։ Իսկ Մոսկվայում հանդիպման համար վարչապետի ոճաբանը ընտրել էր, եկեք տերմին չօգտագործեմ, որպեսզի ընթերցողին պարզ լինի, մորուքի բնական տեսք»։
Այցելուների թվից չդժգոհող մեր զրուցակիցը հերքեց այն կարծիքը, թե որոշ տղամարդիկ գտնում են, որ իրենց մորուք չի սազում։
Նրա խոսքերով՝ մորուքի ձեւավորումը պահանջում է մասնագիտական մոտեցում եւ ճիշտ չէ այն կարծիքը, թե, ասենք, կլոր դեմք ունեցողները պետք է խուսափեն մորուքից եւ այլն։
Հարություն Ջուլհակյանը հաստատեց լուրը, թե ինքը որպես կամավոր մասնակցել է պատերազմին, հետո էլ հազիվ լսելի ձայնով ասաց. «Բնական է, ազատ ժամանակ չէր լինում, բայց հնարավորության դեպքում օգտագործում էի մասնագիտությունս»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.01.2021