Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես իմ ողջ էներգիան տալիս եմ տողերիս»

Հունվար 28,2021 12:00

Հերմինե Ավագյանը իր նոր՝ «Վազում եմ, սպասի՜ր…» գրքի գրականության մասին

Երիտասարդ արձակագիր Հերմինե Ավագյանը բոլորովին վերջերս հրատարակեց իր երկրորդ գիրքը` «Վազում եմ, սպասի՜ր…» վերնագրով։

Ըստ հեղինակի` բոլոր պատմվածքների հերոսն իրական մարդն է, որն ապրում է մեր կողքին, ունի այն յուրօրինակ դիմագիծը, որն ունի Արցախում, հատկապես գյուղերում բնակվողը: Այդ մարդիկ իրենց մեջ լույս ու ջերմություն ունեն ամբարած, պետք է բացահայտել, գտնել, ցույց տալ այդ լույսը:

Հերմինեն իր պատվածքների միջոցով այդ լույսի հետեւից է գնում, ու երբ գտնում է այն` ինքն էլ է ջերմանում։
«…Որոշել եք կարդա՞լ գիրքը. լավ որոշում է, այստեղ ձեր մասին մի շարք ուրախ ու տխուր պատմություններ կգտնեք, որոնք, թվում է, ոչ մեկին չեք պատմել»,-գրքի սկզբում այսպիսի տողեր կան։

Բայց թե ինչու հենց «Վազում եմ, սպասի՜ր…», Հերմինե Ավագյանը պատասխանեց. «Թե ինչու գիրքն այդպես կոչեցի, երեւի ամեն ընթերցող գիրքը կարդալուց հետո յուրովի կպատասխանի ու գուցե ավելի հետաքրքիր պատասխան տա այդ հարցին, քան ես նախապես մտածել էի…Այս կյանքում միայն մեկ վազորդ կա, որին ոչ ոք չի հաղթել ու չի հաղթելու: Այդ վազորդի հետ չարժե էլ մրցել, անօգուտ է, բայց ես համարձակվում եմ նրա հետեւից կանչել, որ սպասի: Այդ վազորդը ԺԱՄԱՆԱԿՆ է»:

Տողեր կան, որ մեկ հուզվում ես, մեկ ուրախանում, ափսոսում, մտածում։ Կոպիտ ասած` մարդի՞կ են մեղավոր։ Երիտասարդ արձակագիրը մտածեց ու պատասխանեց, ասելով, որ բոլորս ենք «մեղավոր», որովհետեւ մենք շատ նման ենք իրար ու շատ տարբեր…
«Մի բան կա, որ չպիտի մոռանանք` մենք բոլորս կարող ենք ավելի լավը լինել, իսկ դրա համար պարզապես պետք է ձգտենք գտնել դեպի ներս տանող ճանապարհը…»,-ասաց նա:

Գրքի խմբագիրը գրող, պատմաբան Սպարտակ Ղարաբաղցյանն է, իսկ նկարազարդողը` Լիաննա Քոչարյանը։ Հեղինակը ուրախությամբ նշում է, որ գրքում նաեւ փոքրիկ նկարիչների փափուկ ձեռքերով նկարած նկարներն են տեղ գտել։

Գրքում զետեղվել են այնպիսի պատմվածքներ, որոնց հետ, ինչպես գրքում է ասվում` կարելի է լռել, բռնոցի խաղալ ու կարեւորը` չմրսել…
Իր տողերի հետ լավ ընկերություն է անում, որոնք իրեն մշտապես հիշեցնում են, որ իրական ընկերությունը նախ եւ առաջ տալու, ոչ թե ստանալու մեջ է:

«Ես իմ ողջ էներգիան տալիս եմ տողերիս ու ամեն անգամ հասկանում եմ, որ դեռ շատ բան ունեմ տալու: Դրա համար պետք է անընդհատ ինքնակատարելագործման գնալ, որպեսզի ընկերությունն ամեն անգամ նոր ու համով պտուղներ տա…»,-զրույցի վերջում ասաց Հերմինե Ավագյանը։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031