Այս հրապարակման պատճառը՝ հանրությունների ադեկվատության շուրջ մտորումներն են, շարժառիթը՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը, ավելի ճիշտ՝ հայտնի դիզայներ Ալեքսանդրա O՚Նիլի կողմից Բայդենի կողակցի՝ Ջիլի համար կարված «Մարգարյան» բրենդի հագուստը: «Առավոտի» զրուցակիցն է`քաղաքագետ Արբակ Խաչատրյանը:
«Ըստ հավաստիացումների, Ալեքսանդրայի՝ երկնային ռոմանտիզմի ու խորհրդային աստղաֆիզիկոս Բենիամին Մարգարյանի հանդեպ տածած սիրով է պայմանավորված լյուքս դասի բրենդի աննախադեպ հաջողությունը: Ինչ կապ ունի այս ամենը ադեկվատության հետ, կհարցնի «դավին» անտեղյակ ընթերցողը: Ու՝ ճիշտ կանի, քանի որ իրեն բավարարում է նաեւ այն, որ Ջիլ Բայդենը կրում է հայկական բրենդի հագուստ, հասկանում եք՝ հայկական… Իսկ թե ով է Մարգարյանը, ինչ ասել են «Մարգարյանի շղթա» կամ «Մարգարյանի գալակտիկաներ» արտահայտությունները, աստղաֆիզիկոսին ինչ արժանիքների համար են հիշում աշխարհում, ամենեւին էլ հետաքրքիր չէ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Արբակ Խաչատրյանն`անդրադառնալով աշխարհաքաղաքական զարգացումներին եւ դրանց կենտրոնում հայտնված Հայաստանին եւ Արցախին:
Այլ կերպ՝ խնդիրը, ըստ մեր զրուցակցի, վերաբերում է էականն անէականից զատելու կարեւորությանը, դրանցից յուրաքանչյուրին տրվող նախապատվությանը: Չտրվելով վաղաժամ եզրահանգումներ անելու, ասելիքը կարճ կապելու գայթակղությանն ու «առակի» ուսուցողական մասի շեշտադրմանը, Արբակ Խաչատրյանն ընթերցողին ուզում է ներկայացնում իր ունեցած անկեղծ տպավորություններն ու աշխարհաքաղաքական սրընթաց զարգացումներից ունեցած վերջին զգացողությունները. «Իմ դիտարկմամբ՝ Հայաստանը սկսել է նմանվել «գեղեցկության մրցույթ» անցկացնող պոդիումի, որի վրա «Միստր վարչապետ»-ի «հարմար» թեկնածուի ընտրություն է ընթանում… Սա, իմիջիայլոց: Իսկ այժմ՝ ավելի առարկայական: Որեւէ մեկը գիտի՞, թե ինչ է կատարվում մեր շուրջը ու ուր է «հոսում» Հայաստանը:
Ինչ որ մեկը կարո՞ղ է ասել, թե ի՞նչ է սպասվում երկրին, ի՞նչ ճակատագիր է նրա համար նախանշվում ապագայում: Կամ ասենք՝ իրակա՞ն են արդյոք լրատվամիջոցներ սպրդած լուրերն այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է միջազգային ատյաններ դիմել՝ Հայաստանից պահանջելով 820 միլիարդ դոլար՝ իրենց իսկ ձեւակերպմամբ՝ «գրավյալ տարածքների» ընդերքը անխնա հոշոտելու դիմաց: Ասում են՝ անկրակ ծուխ չի լինում: Եթե նման մտադրություն կա ու ներկա պահին միջազգային աուդիտորական ընկերությունները լծվել են վնասի չափը ճշգրտելու գործընթացին, ապա մեր բանն իրավ որ բուրդ է: Ուրեմն՝ եկել է «քարերը հավաքելու» ու «գողոնն» էլ վերադարձնելու ժամանակը:
Կարդացեք նաև
Ստոպ… Այնուամենայնիվ, այստեղ ինչ-որ բան այն չէ. այդ դեպքում ո՞ւր են գնացել այդ ահռելի միջոցները, չէ որ նրանք ստուգապես չեն ծառայել հայրենիքի կարիքներին, չեն դարձել զենք ու զինամթերք, չեն ծառայել սերունդների կրթությանը, հզոր հայրենիքի կայացման տեսլականին: Հայաստանը դրանից ամենեւին էլ չի շահել, չի դարձել «Անդրկովկասյան մարգարիտ»,- ասում է մեր զրուցակիցը:
Ըստ նրա, եղել է ճիշտ հակառակը. ֆինանսաբանկային համակարգի գործուն մասնակցությամբ ու ուժային կառույցների անմիջական օժանդակությամբ իրականացված համատարած ունեզրկման հաշվին, միլիոնավոր հայեր դարձել են աստանդական, հարյուրավոր գյուղեր՝ դարձել անմարդաբնակ. «Ու քանի որ հասարակ մահկանացուները չէին կարող դրա մասնակիցը լինել, քանի որ «օձն իր պորտով, հավքն իր թեւքով» չէին կարող այդ «կաթսային» մոտենալ, ապա ենթադրվում է, որ այդ ամենը պիտի գրպանված լինի միմիայն ամենավերին օղակների, ավելի կոնկրետ՝ առաջին դեմքերի մակարդակով: Ուրեմն, հենց նրանք էլ պիտի պատասխան տան Հայաստանին ներկայացվող պահանջներին: Ստոպ… Ասես այստեղ էլ ինչ-որ բան այն չէ: Խոսքը վերաբերում է Հայաստանի վերջին երկու նախագահներին ու նրանց օրգանական շարունակությունը հանդիսացող մերօրյա վարչապետին»:
Հարցին` ի՞նչ նկատի ունի, մեր զրուցակիցը պատասխանում է. «Շատ ուղղակի, կպատասխանեմ ես` նկատի ունենալով ընտրությունների արձանագրած արդյունքների օրինականությունը: Հասկանում եք, վերջին քսանամյակում մշտապես շոշափվում է նախագահների լեգիտիմության հարցը: Հարկ է խոստովանել, որ միակ ընտրված նախագահը, այն էլ միայն առաջին անգամ, նորանկախ Հայաստանի առաջին նախագահն է եղել: Ամեն ինչ սկսեց եղծվել՝ առաջին՝ ազգընտիր նախագահի երկրորդ «գահակալության» օրերին:
Պետականաշինության ծուռ անկյունաքարը դրվեց հենց այդ ընտրությունների ժամանակ: Իսկ Հայաստանի հաջորդ նախագահն իր հերթին այդպես էլ չներկայացրեց վերջին տասնամյակում անընդմեջ Հայաստանում ապրած լինելու, այլ կերպ՝ նախագահական ընտրությունների օրինական մասնակիցը լինելու պահանջին վերաբերող իրավական ապացույցը: Երրորդ նախագահն էլ իր՝«ինչքան ուզենք՝ այնքան էլ կխփենք» անկեղծ, աֆորիստիկ պոռթկումով գաղտնազերծեց իր անձին ու լեգիտիմությանը վերաբերող, հանրության շրջանում լայնորեն քննարկվող թնջուկը:
Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ ապօրինի իշխանությունների կողմից տարիներ շարունակ իրականացված ապօրինի թալանի հարցով պիտի զբաղվի նույն այդ ապօրինությունները (այս դեպքում նկատի ունեմ ընտրությունների արդյունքները) ճանաչած միջազգային հանրությունը: Պարադոքս է, այնպես չէ՞…»: Արբակ Խաչատրյանը զավեշտական է համարում նաեւ այն, որ այս ընթացքում Ալիեւը միջազգային հետախուզում չի հայտարարել Հայաստանի ղեկավարման լծակների տեր դարձած ու «գրավյալ» որակված տարածքների շրջակայքն ու ընդերքը շահագործած իր իսկ քաղաքացիների նկատմամբ: «Եթե այդպես չի վարվել, նշանակում է Ադրբեջանը միտումնաբար է աչք փակել Հայաստանում նրանց գահակալության վրա՝ երկարաժամկետ հեռանկարում դա դիտարկելով Ադրբեջանի համար խիստ շահեկան: Եթե հաշվի առնենք ընտրությունների ապօրինության փաստը, ապա պիտի նկատենք, որ Ադրբեջանին այլ բան պետք էլ չէր, բավական էր նաեւ այն, որ Հայաստանի ղեկավարությունն իր անձնակենտրոն ու տգետ քաղաքականությամբ, ինքն է շագանակներ մատուցում Ադրբեջանին: Վերջիններիս կողմից իրականացված տմարդի քաղաքականության ուղղակի հետեւանքը միլիոնից ավելի տարագիրներն են ու ամեն ինչ առեւտրի վերածելու, գիտելիքն ու միտքը քսակին ստորադասելու «եկվորների» կողմից տեղաբնակներին պատվաստված մտածելակերպը: Հապա մի պահ պատկերացրեք. ներկա պահին կանգնած է Հայաստանի լինել-չլինելու հարցը, մինչդեռ նույն այդ ընթացքում (այս դեպքում չեմ կարող այս որակումը չտալ) «ազգընտիր» անմեղսունակները քննարկում են կարմիր գծերը երփներանգով փոխարինելու խիստ «հրատապ» հարցը: Անադեկվատության մասին չի՞ վկայում նաեւ այն փաստը, որ աշխարհասփյուռ հայությունը գումարներ չժողովեց ու դատական հայց չներկայացրեց իր իսկ գիտությամբ ՆԱՏՕ-ի արսենալը հայերի գլխին պարպող Թուրքիայի գործողություններն ու միջազգային ահաբեկիչների ներկայությունը հանդուրժող Դոնալդ Թրամփի հանդեպ:
Հիմա սրա մասի՞ն խոսենք, թե՞ «Հայաստան-Սփյուռք» համահայկական թվով հինգ համագումարներում հնչած ամպագոռգոռ հայտարարությունների եւ երկինքներից հանուն հայրենիքի աստղեր իջեցնելու մասին: Ի վերջո հարկ է գիտակցել, որ նետված բումերանգը երբեմն նաեւ վերադառնալու հատկություն ունի: Հակառակորդի հանդեպ դրսեւորված վերամբարձ մոտեցման, հիմնազուրկ ինքնավստահության, սեփական անպատժելիության հանդեպ համոզվածության պատասխանը հազարավոր երիտասարդների կյանք արժեցած ու հաշմասայլակներին գամած դիվային պատերազմի շառաչուն ապտակն էր: Աշխարհից նեղանալու փոխարեն, մենք պիտի պատրաստ լինեինք սեփական խաչը տանելուն»:
Ըստ մեր զրուցակցի, գիտակցելով հանդերձ, որ աշխարհը ՝ հայտնի պատճառներով պատերազմի զոհ դարձած հայ եւ ադրբեջանցի բազմահազար երիտասարդների կյանքից առավել «Նավալնու փորլուծությունն ու ձերբակալությունն է կարեւորելու», մենք պետք է ապավինեինք մեր մտքին ու հաջորդականություն ենթադրող, աշխարհի տարբեր կողմերում ծավալվելիք խելամիտ գործողություններին. «Մինչդեռ, մեր կրավորական կեցվածքով ու ստրուկին հարիր հարմարվողականությամբ մենք դարձել ենք մեր իսկ հուղարկավորության լուռ մասնակիցը»:
Արբակ Խաչատրյանի գնահատմամբ, տարիներ շարունակ ներարկված ապատեղեկատվությունն է նաեւ այսօրվա դառը իրողության պատճառահետեւանքային հենքը. «Այսօր այլեւս ոչ ոք չի խոսում մի շնչով Բաքու հասնելու եւ Ստամբուլը արյան ծով դարձնելու մասին: Երեկվա արքաները, հայտնի դեպքերից հետո, դարձել են կատուներ, Շուշին էլ այլեւս՝ անհրապույր ու մռայլ քաղաք լինելուց զատ՝ դիտարկվում է իբրեւ ադրբեջանական… Գլխացավանքից հեռու, ինչպես ասում են: Նույն այս տրամաբանությամբ, հանուն երաշխավորված ապագայի, հանրության մի ստվար հատվածի համար էլ թերեւս Թալեաթի թոռը Հայաստանի համար ավելի նախընտրելի վարչապետ լիներ… Այսպիսին է Հայաստանը՝ գաղտնախորհուրդ ու ճկուն: Երկիր, ուր ամեն ինչ վաճառքի ենթակա է, երկիր, որի բնակիչները նախանձում են ոչ թե պետականաշինության բարձր գիտակցություն ունեցող, գիտությունն ու կրթությունը կարեւորող, «մարդ» կապիտալի իրական նշանակությունը գիտակցող հարեւաններին, այլ գրավի դիմաց «Պորշ» ձեռք բերած իրենց ազգակցին…»:
Արբակ Խաչատրյանի գնահատմամբ, վերջին երեսուն տարվա ընթացքում Հայաստանում ազգային ունեցվածքի թալան է իրականացվել ամենուր՝ օդում, ջրում եւ ցամաքում: Նա հեգնանքով է նկատում`«թալանել են, քանի որ ոչ ոք դեռ դրանից լավ բան չի հնարել»:
Բանկային վաշխառուները, ի տարբերություն փոխառված միջոցներով երեխաների հարսանիքը կազմակերպած, ուսումնառության վարձը տված, փոքրիշատե ներկայանալի հագուստ գնած քաղաքացիների, որոնք նույն այդ փոխառված միջոցները ծախսել են Հայաստանում, Հայաստանից են արտերկիր դուրս հանել տասնյակ միլիարդավոր դոլարներ. «Ամենազավեշտալին այն է, որ ամենավճռական պահին՝ երկրի ու ժողովրդի, անգամ իրենց անվտանգության ապահովման հարցում նույն այդ միջոցները գրոշի արժեք չունեցան: Այլ կերպ՝ գողացված միջոցները երբեւէ չեն կարող երաշխավորված ու բախտավոր ճակատագիր ապահովել: Համաշխարհային տնտեսության փլուզման պայմաններում, թալանված միջոցներից գիտակցաբար չհրաժարումը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի, որի ուրվականն արդեն իսկ նշմարվում է: Պատմությանն, իբրեւ երկիր իսպառ հրաժեշտ չտալու, ոտնատակ չլինելու համար անհրաժեշտ է, որ աշխարհի նոր կենտրոններին ներկայանանք մարդկային կապիտալով ու միասնական՝ մեկ ձեռքում կենտրոնացված տնտեսությամբ, ինչն էլ լրացուցիչ երաշխիքի դերակատարություն կունենա: Հակառակ դեպքում վախճանն ակնառու է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.01.2021
Թրամպը Քըխ ա, Պուտինը՝ պուպուշ։ Քաղաքագետն էլ՝ օժտված է «Մարգարյան» գուգլելու տաղանդով։ Սփյուռքն ա մեղավոր պարտության մեջ։ Հասկացանք: