Լրահոս
Օրվա լրահոսը

Զարիֆի այցը ստիպում է թարմացնել մեր հիշողությունը, ցավոք՝ ոչ մեր օգտին

Հունվար 27,2021 23:55

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի տարածաշրջանային այցը ստիպում է թարմացնել բոլորիս հիշողությունը, ցավոք՝ ոչ մեր օգտին:

Հայաստանի ներսում ուշադրությունը մեծ է հատկապես պարոն Զարիֆի՝ Ադրբեջանում անցկացրած հանդիպումերի, դրանց ընթացքում հնչած ձևակերպումների և արդյունքների վերաբերյալ: Տպավորություն է, որ իներցիոն ավանդույթներին հավատարիմ՝ կողքից, դիտորդի կարգավիճակով, հետևում ենք, թե ինչպես է Արցախի 80% օկուպացրած, Երևանն ու Զանգեզուրն ադրբեջանական հայրենի հող հռչակած, պաշտոնական մակարդակով հայատյացությունն իր քաղաքականության գերակա ուղղություն որդեգրած մեր մի հարևանն առարկայական և արդյունավետ քննարկումներ անցկացնում մեր մյուս հարևանի՝ բարեկամ Իրանի հետ:

Ալիևը հանդիպումների ընթացքում հայտարարել է, որ 2020թ. 20%-ով աճել է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումները, կարևորել է Խուդաֆերինի ջրամբարի և էլեկտրակայանի շահագործման հետ կապված իրանական կողմի հետ համագործակցությունը և տեղեկացրել է, որ շուտով կկայանա Արաքս գետով դեպի Իրան նոր կամուրջի կառուցման հիմնարկեքի արարողությունը։ Պարոն Զարիֆն էլ հայտարարել է, որ «ուրախ է եղբայրական Ադրբեջանի և ադրբեջանցի ժողովրդի՝ իրենց տարածքներն ազատագրելու համար», նպատակադրված է «օգնել «ազատագրված տարածքների բնակիչներին հնարավորինս շուտ վերադառնալ իրենց տները»: Ավելին՝ պարզվում է Իրանը հավատացած է, որ «այս հաղթանակը «հնարավոր եղավ Ալիևի առաջնորդության ու ադրբեջանցի ժողովրդի համառության շնորհիվ» և ավելին՝  կաշխատի Ալիևի «խաղաղության վերաբերյալ տեսակետները  քննարկելու և իրականացնելու ուղղությամբ»: Մի կարևոր ձևակերպում ևս՝ Ջեյհուն Բայրամովը շնորհակալություն է հայտնել Մ․ Ջ․ Զարիֆին Արցախյան 2-րդ պատերազմում  Իրանի կողմից ամենաբարձր և բոլոր մակարդակներով Ադրբեջանին ցուցաբերված աջակցության համար։

Երևի թե քաղաքական կարճատեսություն կլինի կարծելը, թե բարեկամ Իրանի արտաքին գերատեսչական մարմնի ղեկավարի վերոնշյալ հայտարարությունների համար Երևանում նրան տհաճ անակնկալներ են սպասվում: Ներհայաստանյան պետական ապարատն էլ որպես այդպիսին դժվար թե անակնկալի եկած լինի, չէ՞ որ բոլոր դեպքերում, որպես արդարացում, կարելի է ասել, որ Իրանը միշտ էլ արտահայտվել է Ադրբեջանի այսպես կոչված տարածքային ամբողջականության օգտին, այնուհետև նեղացածի դիրք գրավել և կուլուարներում խոսել այն մասին, թե ինչպես է Հայաստանը տարիներ շարունակ խուսափել է Իսրայելի հետ հարաբերություններ զարգացնելուց՝ հանուն Իրանի, կամ թե ինչպես է արևմտյան պատժամիջոցների համատեքստում մշտապես հանդես եկել հավատարիմ բարեկամի կեցվածքից:

Ո՛չ բարեկամներ, իրականությունն այլ է և այլ հարթությունում: Հայաստանի նախկին իշխանությունները մեզ հետևողականորեն խաբել են կեղծ կլիշեներով՝ լեգիտիմացնելու համար իրենց տասնամյակների թալանն ու ազգադավ գործունեությունը: Արտաքին քաղաքական դաշտում շոշափելի գործընթացներից խուսափելով՝ ներկայացրել են այն որպես ստատուս քվոյի մարտավարություն՝ հիմնովին աղավաղելով այդ արտահայտության բուն իմաստն ու նշանակությունը: Պետական ապարատը տարիներ շարունակ համալրվել է կամ միջակ ու իներտ կադրերով, կամ էլ կուլ է տվել նրանց, ովքեր ունեցել է գործուն առաջարկով հանդես գալու պոտենցիալ: Աշխարհի հետ հարաբերվելու գործընթացներում որևէ ուղղություն հստակ ձևակերպված, հողեղեն և մեր կարիքների ու շահերի գերադասմամբ մարտավարություն չի պարունակել: Եվ այս ամենը համեմվել է այն կեղծ ու ազգակործան լոզունգով, ըստ որի՝ բոլոր գործընթացները տեղի են ունենում հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման:

Մեզ մնում է հուսալ, որ 44-օրյա պատերազմը կբացի բոլորիս աչքերն առ այն, թե ինչքան կործանարար կարող է արդյունքում դառնալ կեղծիքի և ստի վրա իբրև թե կառուցած պետությունը: Հավատացած եմ, որ յուրաքանչյուր իներցիոն գործընթաց, յուրաքանչյուր հպանցիկ վերաբերմունք մեր պետության կարիքների, խնդիրների և առաջնայնությունների նկատմամբ պետք է նույնականացվի Արցախյան պատերազմներում նահատակված մեր հերոսների հիշատակի ոտնահարման հետ:

Արման Բաբաջանյան,
ԱԺ անկախ պատգամավոր,
Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031