Լրահոս
Օրվա լրահոսը

Ոճաբան Արտյոմ Սյունեցին մտադիր է փոխել հայրենի գյուղի ոճը․ գյուղացին պիտի խնդրողից դառնա պահանջատեր

Հունվար 27,2021 22:30

Ծնունդով շինուհայրեցի  տարազագետ, ժողովրդական ստեղծագործող, ոճաբան Արտյոմ Սյունեցին Aravot.am-ի հետ զրույցում նշում  է, որ այս տարվա մարտին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Սյունիքի մարզի Շինուհայր գյուղը չի մասնակցելու։ Ըստ Սյունեցու, շինուհայրեցիները դժգոհ են համայնքների խոշորացման ծրագրից։

Նշենք, որ կառավարության որոշմամբ,  Տաթեւ խոշորացված համայնքի կազմում են Շինուհայր, Տաթեւ, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Քաշունի, Տանձատափ, Խոտ գյուղերը։ «Մեր համայնքի ղեկավարը տաթեւացի է, բոլոր ռեսուրսները տանում է Տաթեւ»,–ասում է Սյունեցին։ Նրա խոսքով  մոտ 7 ամիս է, ինչ  դիմում–հարցում է ուղարկել գյուղապետին, բայց մինչեւ օրս պատասխան չկա։ «Կառավարությանը դիմեցի, 10 օրում պատասխանը եկավ, իսկ գյուղապետարանը տեղում չի կարողանում պատասխանել»,–նշում է նկարիչ–ոճաբանը։

Չորեքշաբթի՝ հունվարի 27-ին, Արտյոմ Սյունեցին բողոքի հավաք էր նախաձեռնել ընդդեմ համայնքի ղեկավարության, քանի որ շատ խնդիրներ կան, եւ վարչակազմը անգործության է մատնված։ «Հավաքվեցինք, մոտ 5 տասնյակ մարդ կար, ուղղակի հետաձգեցինք հանրահավաքը, քանի որ լրատվամիջոցների ներկայացուցիչներ չկային, իսկ գյուղացին ուզում է 30 տարվա կուտակվածը բարձրաձայնել»,–ասում է Սյունեցին։

Շինուհայրի հողային, սոցիալ–տնտեսական, կրթական, մշակութային եւ այլ խնդիրները նա  ընդգրկել է 27 կետի ներքո եւ առաջիկայում կներկայացնի կազմակերպվելիք բողոքի ակցիայում (այդ կետերին կանդրադառնանք առաջիկայում–Ա․Դ.) ։

Ըստ Արտյոմ Սյունեցու, ավագանու նիստերի մասին նախապես հայտարարություն չի տրվում ու համայնքի բնակիչները հնարավորություն չեն ունենում մասնակցել։ «Չեն հայտարարում նիստերի մասին, օրինակ, ասենք՝ չիմանամ բյուջեի տողերով ի՞նչ է նախատեսված, ի՞նչ պիտի անեն, որ չեն անում, որտե՞ղ են խոցում գյուղացուն»,–ասում է Ա․ Սյունեցին։

Ըստ զրուցակցիս, ընդամենը մեկ օր առաջ հունվարի 26-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն էր եկել Շինուհայր՝ բնակիչների ընդունելության։  «Ուրիշից իմացա, զանգեցի գյուղապետարան, պատասխանեցին՝ եկել ու արդեն գնացել է։ Ու պարզաբանեցին, որ նախապես հայտարարությունը տեղադրված էր Սյունիքի մարզպետարանի ու Տաթեւի համայնքապետարանի կայք–էջերում։ Դե կներեք, էդ որ գյուղացին է շվայտ ու ճոխ կյանքով ապրում, որ 24 ժամ լինի համացանցում»,–ասում է Սյունեցին։

Նա նաեւ մարզպետարանի կայքում տեղադրված հաղորդագրությունից տեղեկացել է, որ մարզպետը Տաթեւում՝ համայնքի  բնակիչների է ընդունել ։ «Հետաքրքիր է, որ այդ գյուղացիների մեջ շինուհայրեցի չկար, քանի որ տեղյակ չէինք։ Նաեւ նշել են,  որ ընդունելության եկածները  մարզպետից խնդրել են այս կամ այն հարցին լուծում տալ։ Գյուղացին պիտի պահանջատեր լինի, ոչ թե խնդրող»,–նշում  է Արտյոմ Սյունեցին։

Aravot.am-ը փորձեց նաեւ պարզել Տաթեւ խոշորացված համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանի պարզաբանումները։ Համայնքի ղեկավարի կարծիքով, Արտյոմ Սյունեցին չի տիրապետում իրավիճակին։ «Խնդրում եմ տվեք այլ բնակչի անուն, որ հարցեր ունի ու չի պարզաբանվել։  Ավագանու նիստերի մասին նախապես հայտարարություն տրվում է, իսկ ինչ վերաբերում է Տաթեւ ռեսուրս տանելուն, ապա մի բան կասեմ․ խոշորացումից հետո Տաթեւում համարյա ծրագիր չի արվել։ Հիմա եմ ուզում անել»,–ասում է Մուրադ Սիմոնյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031