Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Սաֆրաստյան. «Մեր արտաքին քաղաքականությունը պետք է լինի ավելի խորը հիմնավորված, պետք է ձեւավորել ազգային ինքնության վրա հիմնված արտաքին քաղաքականություն»

Հունվար 27,2021 21:30

Aravot.am-ի հարցին, թե Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու, Իրանի հյուսիսային, այսպես կոչված, ադրբեջանախոս տարածքներին տիրանալու թուրք-ադրբեջանական երազանքը վաղուց ու բոլորին, այդ թվում՝ նաեւ Ռուսաստանին եւ Իրանին, հայտնի է: Այդ դեպքում ինչո՞ւ են վերոնշյալ երկու երկրները շնորհավորում եւ ողջունում Արցախյան վերջին պատերազմում Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ հաղթանակը ու պատրաստ են նրանց աջակցել բազմաթիվ հարցերում, Արեւելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց. «Տեղին հարց եք տալիս: Երկու երկրներն էլ հասկանում են: Ես դրանում համոզված եմ:

Այդ երկրների փորձագիտական շրջանակները լավ գիտեն, թե Թուրքիան իրենից ինչ է ներկայացնում եւ ինչ ծրագրեր ունի: Բայց իմ ընդհանուր գնահատականն այն է, որ լավ հասկանալով՝ միաժամանակ երկուսն էլ Թուրքիայի կարիքն ունեն իրենց խնդիրների համար: Ամենքը՝ իր տեսակետից: Եվ ստիպված գնում են որոշակի առումով աչքերը գոցելու Թուրքիայի պանթյուրքիստական այդ ծրագրի վրա:

Ռուսաստանը Խորհրդային Միություն չէ,  ոչ էլ՝ Ցարական Ռուսաստան, որպեսզի Թուրքիայի նկատմամբ կոշտ քաղաքականություն վարի: Իրանն էլ այժմ ամերիկյան պատժամիջոցների բեռի տակ ծանր է տանում ամեն ինչը եւ Թուրքիան նրան երկընտրանք է առաջարկում: Այնպես որ, երկուսն էլ կախվածություն ունեն Թուրքիայից»:

Մեր հաջորդ հարցին, թե փետրվարի սկզբին Կարսում մեկնարկող զորավարժություններում Հայաստանի ընդդիմադիր դաշտը, միջազգային փորձագետները նոր սպառնալիքներ են տեսնում այս անգամ Անկախ Հայաստանի անվտանգության համար, իսկ այսօրվա իշխանությունը, ասես, դա չի էլ ուզում նկատել, ու  որոշ չինովնիկներ հայտարարում են, թե այդ զորավարժությունից վախենալ պետք չէ, պարոն Սաֆրաստյանը պատասխանեց. «Ամեն դեպքում իմ կարծիքով Հայաստանի արտաքին քաղաքականությունը ներկա պայմաններում ադեկվատ չէ այն իրադրությանը, այն մարտահրավերներին, որ ստեղծվել են մեր երկրի շուրջը: Ես կարծում եմ՝ մեր արտաքին քաղաքականությունը պետք է լինի ավելի խորը հիմնավորված: Վերջին պատերազմի փորձը ցույց տվեց, որ Հայաստանը դիվանագիտական առումով մեկուսացվել է: Դա ծանր հարված է մեր արտաքին քաղաքականությանը: Այո, մենք մեկուսացման մեջ ենք գտնվել եւ գտնվում ենք: Սա այնպիսի խնդիր է, որից  պետք է փորձել շատ արագ դուրս գալ: Իսկ այսպիսի ծանր պարտության դեպքում դա շատ դժվար է:

Մենք համոզվեցինք, որ միայն Ռուսաստանն է, որ որոշ չափով աջակցում է մեզ: Եվ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, ես կարծում եմ, չեն համապատասխանում այն իրականությանը, որ հիմա ստեղծվել է: Մենք պետք է ձգտենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները ավելի բարձր մակարդակի հասցնել: Մեր արտաքին գերատեսչությունը չի գիտակցում այս պայմաններում Ռուսաստանի կարեւորագույն նշանակությունը մեր տարածաշրջանում:

Մեր արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի մեր ինքնության վրա: Սա նոր ուղղություն է արտաքին հարաբերությունների տեսությունում, եւ որոշ պետություններ փորձում են այդ ուղղությամբ գնալ պրակտիկ առումով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031