Լրահոս
Օրվա լրահոսը

Հանուն խաղաղության

Հունվար 27,2021 20:40

Արցախյան պատերազմում հազարավոր զոհեր տալով, նվաստացուցիչ պարտություն կրելուց հետո, այնպիսի տպավորություն ունեմ, որ այսպես կոչված «խաղաղության» կողմնակիցներից ոմանք ցնծության մեջ են, իսկ ոմանք, իսկապես զգալով ողբերգությունը, խորապես ցավում են, բայց և մեղադրում բոլոր այն ուժերին, որոնք Արցախը համարում էին և են Հայաստան։

«Տեսա՞ք ի՞նչ պատահեց, այ ազգայնականներ, հայդատականներ, ոչմիթիզհողականներ, տեսա՞ք, որ ճիշտ էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով բազմիցս զգուշացնում էր, որ հնարավոր չէ Արցախը պահել։ Ժամանակին պետք է նրան լսեինք և կունենայինք «արժանապատիվ խաղաղություն»։Այո, «Ղարաբաղ» կոմիտեի առանցքային անդամներից Լևոն Տեր-Պետրոսյանը, ով ողջ ղարաբաղյան շարժման ընթացքում բոռում էր «քանի դեռ Ղարաբաղը չի միացել մայր Հայաստանին՝ պայքար, պայքար, մինչև վերջ», իշխանության գալուց հետո․ «․․․ամեն ինչ սկսվեց, թերևս 1991թ․ ՀՀ ԳԽ-ի փակ նիստից, որտեղ արցախյան ալիքի վրա իշխանության եկած, դեռևս ՀՀ ԳԽ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատգամավորներին փորձում էր համոզել, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում։ Դրան հետևեց 1992թ․ «Կոմսոմոլսկայա Պրավդայի» հարցազրույցը․

«Կուզենայի կարծել, որ Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակը լիովին կբավարարեր բոլոր կողմերին, քանի որ այդ դեպքում Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, երկրի տարածքային ամբողջականությունը պահպանվում է, իսկ ղարաբաղցիները, իրենց հերթին, ունենում են երաշխավորված կենսագործունեություն: Ահա սա է մեր դիրքորոշումը: Մենք ցանկացած մակարդակով պատրաստ ենք քննարկել ամեն ինչ»:  Հետո 1997թ․ «Պատերազմ թե՞ խաղաղություն» հոդվածը և այսպես շարունակ։

Եվ վերջապես, տարիներով քարոզվող «խաղաղասիրական» քարոզչությունը տվեց իր պտուղները և 2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխության արդյունքում, հենց այդ գաղափարներով տոգորված երիտասարդ սերունդը, իր վոժդիկով զավթեց իշխանությունը։ Սակայն, ի տարբերություն իր հոգևոր հայր Լևոն Տեր-Պետրոսյանի, վարչապետ կոչեցյալը գնաց այլ՝ պատերազմի ճանապարհով հանձնելու Արցախը։ Եվ այժմ, նույնիսկ Արցախի ոչ Ադրբեջանի կազմում տեսնելու շատ գործիչներ տարակուսում են․ «Գուցե  ճիշտ էր Լևոն Տեր-Պետրոսյանը։Չէ՞ որ ի վերջո Արցախը կորցրեցինք, այն էլ հազարավոր զոհերի գնով»։

Էլ չեմ ասում թունդ լևոնականների մասին։

Լավ, չեք տեսնում ակնհայտ փաստերն այն մասին, որ և պատերազմը, և պատերազմի կառավարումը և ժամանակին պատերազմը չդադարեցնելը և պարտությունը, լավագույն դեպքում ապիկարության արդյունք էր, իսկ վատագու՞յն․․․

Բայց, լավ, մի րոպե ընդունենք, որ իսկապես մենք ի վիճակի չէինք պահել Արցախը և լավագույն լուծումն այն «խաղաղ» ճանապարհով հանձնելն էր։Այդ դեպքում, փորձենք հետհայաց դիտարկել հայոց պատմության որոշ դրվագներ։

Ելնելով նույն «խաղաղասիրական» հայեցակարգից, երիցս ճիշտ էր Վեստ Սարգիսը, ով հանուն Բյուզանդիայի հետ խաղաղ համակեցության կողմ էր Անին հանձնելուն, չէ՞ որ հակառակ դեպքում հազարավոր զոհեր կունենայինք և ի վերջո, պատերազմով Անին կկորցնեինք։ Իսկ սպարապետ Վահրամ Պահլավունին, ով ջախջախում էր բյուզանդական զորքերը, հայդատական, ազգայնական, հետամնաց գործիչ էր՝ հավանաբար, այն ժամանակվա «առաջադեմների» կարծիքով՝ նախկին։

Նույն տրամաբանությամբ, միանգամայն ճիշտ էին և 1918 և 1920թթ․ հայ քաղաքական, զինվորական գործիչները, ովքեր առանց դիմադրելու երկու անգամ հանձնեցին Կարսը․ «Բա հո զոհեր չէի՞նք տալու, միևնույնն է Կարսը չէինք կարող պահել»։ Խեղճ, միամիտ գնդապետ Հովհաննես Մազմանյան․․․

Պատկերացնու՞մ եք, որ նույն «խաղաղասիրական» փիլիսոփայությունն ունենար Գարեգին Նժդեհը․ «Հանուն խաղաղության հանձնենք Սյունիքը, բա հո զոհեր չե՞նք տալու»։ Բայց կարծես դեռ ուշ չէ․․․

Տիկնայք և պարոնայք «խաղաղասերներ», շարունակեք ձեր առաջադեմ, խաղաղասիրական  և «հանուն ոչնչի զոհվելու» քարոզը, մինչև․․․ Հայաստանի ավարտը։

Ավետիք Իշխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031