Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երկու հարց ՀՀ ԱԺ պատգամավորին կամ ինչպես է պետական ու պատգամավորական դիվանագիտությունը վտանգում հայկական պետականության գոյությունը

Հունվար 27,2021 19:03

Կարդում եմ.

«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ տեղեկացնելով, որ այսօր ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստի շրջանակներում ընտրվել է Փախստականների և միգրանտ երեխաների ու երիտասարդների հարցերով ենթահանձնաժողովի նախագահ:»

Ու առաջին հարցս այստեղ եմ տալիս ՀՀ ԱԺ պատգամավորին, արդյո՞ք, ՀՀ-ում կան փախստականներ և տեղահանված անձիք:

Եթե ո՛չ, ապա ինչ եղան Ադրբեջանական ԽՍՀ-ից շուրջ 420 հազար այն հայ փախստականները, որոնք 1988-1994 թվականների ընթացքում մուտք գործեցին Հայաստան,  ու նրանցից շուրջ 361 400-ը գրանցվեցին Հայկական ԽՍՀ վերադարձող հայերի ընդունման և տեղավորման պետական կոմիտեում, իսկ  1990 թվի դեկտեմբերից գրանցվեցին այդ կոմիտեի հիմքի  վրա ձևավորված նախարարների խորհրդին  առընթեր   Փախստականների հարցերի կոմիտեում:

Հետո, իհարկե, ՀՀ-ում բնակություն հաստատած փախստականների հետ տարված «ինտեգրման» անողոք քաղաքականության արդյունքում շուրջ 85 000 փախստականներ դարձան ՀՀ քաղաքացի ու շուրջ 800 հոգի, իսկ պետական նախկին պաշտոնյայի տվյալներով` շուրջ 2000 հոգի, պահպանեցին իրենց փախստականի կարգավիճակը, իսկ մնացած փախստականները (գրանցվածներից շուրջ 275 հազարը), հեռացան նրանց դեմ տարված հակամարդ ու հակահայ պետական քաղաքականության արդյունքում:

Ուրեմն ՀՀ-ում կան փախստականներ, կան նաև «ինտեգրված»  բռնագաղթածներ, ապա ինչո՞ւ ԵԽԽՎ այդ հանձնաժողովը, որի ենթահանձնաժողովի նախագահ եք կարգվել դուք, կոչվում է «ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի հանձնաժողով», իսկ ՀՀ-ն չունի որևէ ծառայություն, որը կզբաղվի ՀՀ-ում հայտնված փախստականների, բռնագաղթածների և տեղահանված անձանց հարցերով և խնդիրներով:

Կանխավ զգուշացնեմ, որ մատնացույց չանեք Միգրացիայի պետական ծառայությանը:

Ձեր այս նոր կարգավիճակը ԵԽԽՎ-ում, միգուցե, արդեն պարտադրի, որ դուք, իհարկե, լինելով նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, ջանք գործադրեք և համապատասխան օրենսդրական ու գործադիր մարմիններին հասկացնեք, որ ՄԱԿ-ի բնորոշմամբ փախստականը, ներքին տեղահանվածն ու միգրանտը տարբեր կարգավիճակներ են, և որ ՀՀ-ի ճակատագիրն է ու պարտքն է ունենալ Փախստականների, բռնագաղթվածների («ինտեգրված» փախստականների), տեղահանված անձանց և միգրացիայի պետական ծառայություն:

Պատերազմի առաջնագիծ համարվող պետական ու պատգամավորական դիվանագիտությունը 1992 թվականից առ այսօր վտանգում է հայկական պետականության կենսունակությունն ու գոյությունը: Ծրագրված ու պլանավորած հակահայ քաղաքականության կետերից մեկն էլ Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների գոյության շրջանցումն էր, ինչը ամրագրվեց նաև 2005 թվականին, երբ վերացրին Փախստականների հարցերի կոմիտեն ու ձևավորեցին Միգրացիոն ծառայությունը, ու այդ դավադիր քաղաքականությանը  փայփայեց ու պահպանեց «հեղափոխական» իշխանությունը:

Հիմա երկրորդ հարցս ՀՀ ԱԺ պատգամավորին. 2020 թվականի պատերազմի օրերին և մինչ օրս ՀՀ-ում է գտնվում Արցախի հայության մի հատվածը: Դուք, որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, ու արդեն նաև ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի Փախստականների և միգրանտ երեխաների ու երիտասարդների հարցերով ենթահանձնաժողովի նախագահ որոշել ե՞ք այդ հայերի կարգավիճակը ՀՀ-ում, հարց բարձրացրել ե՞ք այդ առիթով որևէ ամբիոնից որևէ պատասխանատու օղակի կամ միջազգային կառույցի առաջ: Դուք ՀՀ ԱԺ պատերից ներս փորձել ե՞ք որոշել, թե Արցախից հայությունը ՀՀ-ում ներքին տեղահանվածնե՞ր են, թե՞ փախստականներ:  Եթե որոշել եք, ինչո՞ւ այդ մարդիկ մինչ օրս չունեն այդ կարգավիճակի վկայագրերը և չեն գտնվում համապատասխան միջազգային օղակների ուղիղ ուշադրության կենտրոնում:

Հ.Գ.1. Պատերազմի պատճառով Երևանում պատսպարված արցախցին մոտեցել է Միգրացիոն ծառայություն ՀՀ-ում իր կարգավիճակի մասին տեղեկանք ստանալու համար, նրան մերժել են և որևէ տեղեկանք չեն տվել: Մի բան ակնհայտ է, որ Միգրացիոն ծառայությունը այդ արցախցուն չի դիտարկել որպես միգրանտի, թե՞ այլ է հիմնավորումը:

Հ.Գ.2. Արցախում գործում է Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերով նախարարությունը: Նույն վտանգավոր քաղաքականությունն է. մինչ այս պատերազմը Արցախում բնակվում էին շուրջ 30 հազար Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականներ, որոնց մեծ մասը պատերազմի պատճառով դարձավ բազմակի փախստական:

Հ.Գ.3. Ադրբեջանում գործում է Փախստականների և տեղահանվածների պետկոմիտե, ու սա պատերազմում Ադրբեջանի հաղթանակը ապահոված պետական ու պատգամավորական դիվանագիտության առանցքային բաղադրիչներից է:

Մարիամ Ավագյան

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031