Լրահոս
Օրվա լրահոսը

«Օսվենցիմում տեսել եմ այդ սարսափը․ հաստափոր գրքեր՝ մարդկանց անուններով եւ համարներով»․ Ռիմա Վարժապետյան

Հունվար 27,2021 18:01

Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա առթիվ այսօր Հայաստանի հրեական համայնքի ներկայացուցիչները հիշատակի միջոցառում էին կազմակերպել Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում գտնվող «Հոլոքոստի եւ ցեղասպանության զոհերի հիշատակի» հուշարձանի մոտ։

«Այս օրվա հիշողությունը ողբերգական է, բայց եւ խորհրդանշական, որովհետեւ այս օրն են սովետական զորքերն ազատագրել Օսվենցիմը։ Վեց միլիոն զոհերի մասին է խոսքը, բայց այս թիվը վերջնական չէ, ավելին է»,-հայտարարեց Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը։

«Երբ երկու տարի առաջ եղա Օսվենցիմում, սեփական աչքերով տեսա այդ սարսափը, որը տեղի էր ունեցել այդտեղ։ Հաստափոր գրքեր՝ մարդկանց անուններով եւ համարներով։ Անտանելի էր այդ ամենը տեսնել եւ լսել։ Դա միֆ չէ, այլ ճշմարտություն, որը տեղի ունեցավ մարդկության հետ»,-պատմեց տիկին Վարժապետյանը։

 

Նրա խոսքով․ «Դրանից առաջ չդատապարտվեց հայոց ցեղասպանությունը, եւ այսօր էլ շատ երկրներից կողմից մնում է չճանաչված, այդ թվում, ցավոք, Իսրայելի կողմից։ Այսօր սոցցանցերում խոսում են դավադրության մասին, մեղադրում հրեաներին, տարածում քսենոֆոբիա։ Եթե այսօր չխոսենք կատարվածի մասին, ապագայում ավելի սարսափելի կլինի։ ԱՄՆ-ում սոցհարցումները պարզել են, որ երիտասարդության ավելի քան 60%-ն առհասարակ չգիտի, թե ինչ է հոլոքոստը, ցեղասպանությունը։ Իսկ քաղաքացիների 42%-ը չգիտի համակենտրոնացման ճամբարների, դրանց անունների մասին»։

Հիշեցնենք, որ 1945թ․-ին հունվարի 27-ին խորհրդային միության զորքերն ազատագրել են ամենամեծ համակենտրոնացման ճամբարներից մեկը՝ «Օսվենցիմ»-ը։ Ֆաշիստական ճամբարներում սպանվել են ավելի քան վեց միլիոն հրեաներ, ինչպես նաեւ՝ այլ ժողովուրդներ։ Ռիմա Վարժապետյանը շեշտեց՝ աշխարհը լուռ էր նաեւ այն ժամանակ, երբ Ադրբեջանի նախահարձակ պատերազմի օրերին պղծեցին այս հուշարձանը, երբ հայերի դեմ պատերազմական հանցագործություններ կատարվեցին եւ մնացին չդատապարտված։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031