Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գործող վարչապետի գլխավորությամբ կամ գործող իշխանությունների կողմից ընտրությունների անցկացման ցանկացած  փորձ ի սկզբանե կասկածի տակ է դնելու ընտրությունների լեգիտիմությունը

Հունվար 27,2021 18:20

Հունվարի 26-ին տեղի է ունեցել Հայրենիքի փրկության շարժման խորհրդի նիստ,  որը վարել է Վազգեն Մանուկյանը։

Քննարկվել են Շարժման անցնող շրջանի  գործունեությունը, քայլերի արդյունավետությունը, կարևորվել է  Շարժման համահայկական բնույթը, մարզերում հանդիպումներն առավել ինտենսիվ դարձնելու  անհրաժեշտությունը: Քննարկվել են փետրվարի 18-ին կազմակերպվելիք համապետական  հանրահավաքի կազմակերպչական հարցերը։

Անդրադառնալով Ն. Փաշինյանի կողմից առաջ քաշված արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարին՝ խորհուրդը նպատակահարմար է գտել առանձին հայտարարությամբ վերահաստատել իր դիրքորոշումն ու  մոտեցումները, որը ներկայացվում է ստորև.

ՀԱՄԱԽՈՀՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ ԱՌԱՋԱՐԿ

Համայն հայությունը կանգնած է լրջագույն մարտահրավերների, իսկ մեր պետականությունը՝ գոյաբանական սպառնալիքի դեմ հանդիման։ Ակնհայտ է, որ բոլոր առումներով ձախողումներ արձանագրած և երկիրը կործանման եզրին հասցրած իշխանության հետ հույս կապել չի կարելի։ Հնարավորինս սեղմ ժամկետներում իշխանության փոփոխությունը և ժողովրդի կողմից նոր որակի իշխանության ձևավորումը հնարավոր է միայն ազատ, արդար և մրցակցային ընտրությունների միջոցով։

Միանշանակ է, որ քաղաքական և իրավական պատասխանատվությունից խուսափելու՝ օրվա իշխանությունների միակ ճանապարհը ընտրությունները կեղծելու միջոցով  վերարտադրվելու հույսն է։ Միանշանակ է նաև, որ պետական համակարգի կազմաքանդման գործընթացի կանխման, առկա բարոյահոգեբանական ճգնաժամի հաղթահարման, հետպատերազմյան վտանգավոր զարգացումները չեզոքացնելու մարտահրավերներն անհրաժեշտաբար ենթադրում են բեկումնային և անհապաղ փոփոխություններ մինչև արտահերթ ընտրությունների անցկացումը։

Ելնելով վերոնշյալ հաստատումներից՝ Հայրենիքի փրկության շարժումը անհրաժեշտ է համարում.

  1. Հրաժարականի կամ պաշտոնանկության միջոցով հասնել պարտության խորհրդանիշ Ն. Փաշինյանի հեռացմանը վարչապետի պաշտոնից:
  2. Ձևավորել Ազգային համաձայնության անցումային կառավարություն, որի առաջնահերթ խնդիրները պետք է լինեն.

ա) կայունացնել վիճակը, լուծել երկրի առջև ծառացած հումանիտար, սոցիալ-տնտեսական և հետպատերազմական իրավիճակի հետ կապված ներքին ու արտաքին հրատապ խնդիրները,

բ) անհրաժեշտ պայմաններ ստեղծել վստահելի և թափանցիկ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար:

Երկիրը ճգնաժամից դուրս բերելու և վստահելի ընտրությունների անցկացումը երաշխավորելու առումով սկզբունքային նշանակություն ունի այն, որ անցումային կառավարության վարչապետի թեկնածուն ունենա կառավարման անհրաժեշտ փորձառություն և չառաջադրի իր թեկնածությունը ընտրություններին:

Գործող վարչապետի գլխավորությամբ կամ գործող իշխանությունների կողմից ընտրությունների անցկացման ցանկացած  փորձ ի սկզբանե կասկածի տակ է դնելու ընտրությունների լեգիտիմությունը և հղի է ապակայունացման և ներքաղաքական բախումների վտանգներով։

Հայրենիքի փրկության շարժումն առաջարկում է բոլոր դերակատար քաղաքական ուժերին վերոնշյալ ճանապարհային քարտեզի հիման վրա հասնել փոխհամաձայնության։

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հունվարի 26-ին տեղի է ունեցել Հայրենիքի փրկության շարժման խորհրդի նիստ, որը...

Posted by Հայրենիքի փրկության շարժում on 2021 թ. հունվարի 27, չորեքշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031