Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանին տալուց հետո Շուշին դարձել է դժգույն քաղաք». քաղաքացի

Հունվար 27,2021 17:30

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթներում ոչ մեկ անգամ անդրադարձել է Շուշի քաղաքին։ Ելույթներից մեկում նա Շուշին անվանել էր դժբախտ ու դժգույն քաղաք, իսկ մյուսում ասել էր. «Շուշին հակամարտությունից եւ ազատագրումից առաջ ունեցել է 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն»։

Aravot.am-ը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի փողոցներում քաղաքացիներից հետաքրքրվեց, թե ինչպես են վերաբերվում վարչապետի այդ հայտարարություններին։

«Սուտ է խոսում, որովհետև ես կարող եմ մի օրինակ բերել՝ Խորհրդային միության ժամանակ Մասիս քաղաքում մեծամասնությունը թուրք էր։ Հիմա անվանե՞նք ադրբեջանական քաղաք։ Նիկոլ Փաշինյանը բացարձակապես սխալ է խոսում, որովհետև Շուշին 1720 թվականին եղել է Կովկասի երկրորդ քաղաքը։ 80 հազար բնակչություն է եղել, որից 60 հազարը հայ է եղել, 12 հազարը թուրք, իսկ 8 հազարն էլ այլազգի։ Հիմա ո՞նց է Փաշինյանը այդպես սուտ խոսում»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Նա վստահ է, որ Շուշին Արցախի սիրտն է։ Քաղաքացին կարծում է, որ նման հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի ջրաղացին ջուր է լցնում․ «Պետք է ազգովի պայքարենք, մեր հայրենիքը վերադարձնենք»։

Մեկ այլ քաղաքացի նշեց, որ Շուշին միշտ էլ հայկական քաղաք է եղել, և միայն խորհրդային կարգերից հետո են ադրբեջանցիները հաստատվել քաղաքում․ «Լավ քաղաք է, գեղեցիկ քաղաք է Շուշին։ Մերոնք լավ սարքել են։ Այնտեղ ամբողջը հայկական թաղամասեր են եղել»։

Մեկ ուրիշ քաղաքացի էլ ասաց, թե վարչապետը պետք է իմանար, որ 1912 թվականին Շուշիում ապրել է 40 հազար մարդ, որի 1-2%-ն էին կազմում ադրբեջանցիները․ «60-ական թվականների վերջերին, երբ Շուշիից հայ բնակչությանը քշեցին, այն ժամանակ միայն մնացին թուրքեր։ Բայց դա չի նշանակում, որ Շուշին ադրբեջանական քաղաք է»։

Նա հավելեց․ «Ադրբեջանին տալուց հետո դարձել է դժգույն քաղաք։ Այդ տրամաբանությունն էլ չեմ հասկանում՝ ո՞նց թե դժգույն քաղաք է։ Ճիշտ է՝ «դժգույն քաղաք» արտահայտությունից առաջ երկար նախաբան ուներ, իբր դրանով երևի ցանկանում էր մխիթարել ժողովրդին։ Այսօրվա վիճակում կոնկրետ դժգույն քաղաք է, որովհետև գտնվում է ադրբեջանցիների ձեռքում։ Ու շատ-շատերը, ինչպես ես, թեկուզ ծնվել և մեծացել եմ այնտեղ, բայց չեմ էլ ուզում տեսնել»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031