Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:
Ողջունելով Իրանի ԱԳ նախարարին՝ ՀՀ վարչապետը նշել է. «Մեծարգո պարոն նախարար, հարգելի գործընկերներ, ողջունում եմ Ձեզ: Մենք այսօր շատ կարևոր հարցեր ունենք քննարկելու՝ մեր երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման հարցը, այդ թվում նաև տարբեր հարթակներում մեր համագործակցության հարցերը: Իհարկե, տարածաշրջանում այսօր առկա իրավիճակը մեր քննարկումների կարևոր թեմաներից է լինելու: Տարածաշրջանի կայունությունը, խաղաղությունը և կայուն զարգացումը, կարծում եմ, մեր ընդհանուր հետաքրքրությունների տիրույթում է: Իհարկե, մեր երկրների հարաբերությունները հիմնված են ավանդական բարեկամության վրա, և միշտ ուրախ ենք Իրանի ներկայացուցիչներին ընդունել մեր երկրում և մեր կառավարությունում»:
ԻԻՀ արտգործնախարարն ասել է. «Մեծարգո վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, որ այս առիթը ընձեռեցիք ինձ և իմ գործընկերներին հանդիպելու Ձեզ հետ: Պետք է փոխանցեմ պարոն Ռոհանիի ջերմ ողջույնները Ձեզ, և նա Ձեզ մաղթում էր քաջառողջություն և հաջողություններ: Հայաստանը Իրանի Իսլամական Հանրապետության լավ հարևանն է, և մենք Հայաստանի Հանրապետության հետ ունենք շատ ջերմ հարաբերություններ: Անձամբ Ձեր անձի նկատմամբ Իրանում մեծ հարգանք են տածում, այն քաջության վերաբերյալ, որ Դուք խաղաղության ուղղությամբ այդ քայլը վերցրեցիք:
Մենք ձեզ հետ ունենք ընդհանուր տարածաշրջանային մտահոգություններ: Այդ հակամարտության հենց առաջին իսկ օրվանից և՛ ձեզ հետ, և՛ տարածաշրջանի այլ երկրների հետ միշտ կապի մեջ ենք եղել և ցանկանում ենք այդ կապը պահպանել՝ ունենալով համագործակցության հեռանկարներ: Ե՛վ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափով հնարավորություններ ունենք համագործակցելու, և լավ կլիներ այսօր միասին այդ հարցերի շուրջ քննարկումներ ունենանք:
Կարդացեք նաև
Անշուշտ, Դուք գիտեք Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը ճգնաժամի վերաբերյալ. դա միջազգային իրավունքի պահպանումն է, ժողովուրդների պահպանումը, փոքրամասնությունների պահպանումը, ինչպես նաև տարածքային ամբողջականության պահպանումը և ուժի չկիրառումը: Անշուշտ, Դուք տեղյակ եք նաև մեր հոգևոր առաջնորդի պնդման մասին, որը հայերի անվտանգության պահպանումն է, ինչպես նաև նրանց արժանապատիվ կյանքի ապահովումը: Նաև Դուք գիտեք, որ մենք Իրանում հյուրընկալում ենք մեր հայ հայրենակիցներին և միշտ պատրաստ ենք ծառայելու նրանց, շատ լավ և ջերմ հարաբերություններ ունենք նրանց հետ: Եվս մեկ անգամ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեր ջերմ ընդունելության, ինչպես նաև այս հանդիպման առիթն ընձեռելու համար»:
ՀՀ վարչապետը և Իրանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և զարգացումների շուրջ: Երկուստեք կարևորվել է տարածաշրջանային կայունության ապահովման և այդ ուղղությամբ կառուցողական փոխգործակցության ոգով աշխատանքը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված՝ կան և՛ մարտահրավերներ, և՛ հնարավորություններ, և միայն համատեղ կառուցողական ջանքերի, համապատասխան միջավայրի միջոցով հնարավոր կլինի կայունություն և երկարատև խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Վարչապետը նշել է, որ դեռևս չլուծված են մնում շատ հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև հումանիտար խնդիրների շուրջ: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ կարևորագույն առաջնահերթություն է շարունակում մնալ ռազմագերիների վերադարձը, և հայկական կողմի ընկալումն այն է, որ նոյեմբերի 10-ի հայտարարության 8-րդ կետը պետք է կատարվի առանց նախապայմանների: Պարոն Զարիֆը նշել է, որ Իրանը հասկանում է Հայաստանի մտահոգությունները և պատրաստ է օժանդակել մարդասիրական ջանքերին:
Նիկոլ Փաշինյանը և Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների օրակարգին և տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին: Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը և վերագործարկումը, ինչը կնպաստի առկա տնտեսական ներուժի իրացման ծավալների ավելացմանը: Քննարկվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ հավանական ծրագրերին վերաբերող հարցեր: Կողմերը վերահաստատել են փոխշահավետ գործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:
Վարչապետ Փաշինյանը խնդրել է իր ողջույնները փոխանցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին`նշելով, որ ջերմությամբ և տպավորվածությամբ է հիշում նրանց հետ շփումները:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ