«Ռազմինֆո». Հունվարի 26-ին Օդեսայում կայացել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի ղեկավարության և թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ներն արտադրող «Բայքար Մաքինա» (BAYKAR MAKİNA) ընկերության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը։ Կողմերը քննարկել են Ուկրաինայի ՌԾՈւ համար բարելավված բնութագրերով Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի գնման և մատակարարման, նավատորմում դրանց օգտագործման առանձնահատկությունների, ինչպես նաև անձնակազմի վերապատրաստման վերաբերյալ հարցեր:
Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի ՌԾՈւ ֆեյսբուքյան էջից։
Հանդիպման ընթացքում Ուկրաինայի ՌԾՈւ հրամանատար փոխծովակալ Օլեքսեյ Նեիժպապան ասել է․ «Այս տարի Ուկրաինայի ռազմածովային ուժերը կստանան բարելավված հատկություններով անօդաչու թռչող սարքերի համալիր, որոնք կգործեն ՌԾՈւ շահերի համար թե՛ ցամաքում, թե՛ ծովում»։
Իր հերթին Baykar ընկերության տնօրեն Հալյուք Բայրաքթարը նշել է, որ Ուկրաինային են մատակարարում իրենց ունեցած նորագույն տեխնոլոգիաները և, որ վերջին տարիներին Ուկրաինայի և Թուրքիայի համագործակցությունը ձեռք է բերել ռազմավարական մասշտաբներ:
Հուլիսին հայտնի դարձավ, որ կողմերը նախատեսում են սկսել նաև Bayraktar ԱԹՍ-ների համատեղ արտադրություն։ Կարելի է ենթադրել, որ այդ դեպքում ևս շարժիչը կարող է լինել ուկրաինական։
Կարդացեք նաև
«Բայրաքթար» ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագիրը․
- Գործողության շառավիղը՝ 150 կմ,
- Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 650 կգ,
- Օգտակար բեռնատարողությունը՝ 150 կգ,
- Առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժ,
- Թռիչքի տևողությունը՝ առավելագույնը 24 ժ,
- Թևերի բացվածքը՝ 12 մ,
- Երկարությունը 6,5 մ,
- Սարքը կարող է ինքնուրույն օդ բարձրանալ և վայրէջք կատարել։
Սոնա ԽԱՉԱՏՐՅԱՆ