Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսրայելը ՀՀ-ին էլ է զենք առաջարկել, մենք հրաժարվել ենք»․ դեսպան Արմեն Սմբատյան

Հունվար 27,2021 16:44

«Իմ հետկանչումը դիվանագիտական քայլ էր։ Գիտեք, որ Իսրայելը զենք է վաճառում Ադրբեջանին»,-Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա առթիվ Հայաստանի hրեական համայնքի կազմակերպած հիշատակի միջոցառման ժամանակ Aravot.am-ի եւ Armenpress-ի հետ զրույցում այսօր նման համոզմունք հայտնեց Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը, որը պատերազմի ժամանակ հոկտեմբերին ՀՀ ԱԳՆ որոշմամբ հետ էր կանչվել։

Արմեն Սմբատյանը նշեց․ «Բայց հասկանանք, որ զենքը վաճառվում է բոլորին։ Ազատ շուկա է, բոլորին վաճառում են։ Մեզ էլ է առաջարկվել։ Բարոյական խնդիրներ կային, որովհետեւ շատերը մահացան այդ զենքից։ Բայց օգտագործվել է նաեւ ռուսական, թուրքական, չեխական զենք։ Ինչ զենք ասես՝ չեն օգտագործել։ Կարծում եմ՝ մենք չպետք է մեր ուշադրությունը ֆիքսենք նրա վրա, որ Իսրայելը զենք է վաճառում Ադրբեջանին, եւ որ դրա պատճառով խնդիրներ ունենք Իսրայելի եւ հրեաների հետ։ Մենք պետք է այդպես չդիտարկենք։ Իսրայելը հզոր պետություն է, եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ստեղծենք մեր ամենալավ հարաբերություններն այդ երկրի հետ։ Հավատացեք, որ մենք շատ լավ ընդհանուր բաներ ունենք՝ սկսած պատմությունից։ Մեր երկու ժողովուրդները կարող են նոր էջ բացել աշխարհում»։

Հստակեցնող հարցին ի պատասխան, թե Իսրայելը ե՞րբ է զենքի վաճառք առաջարկել ՀՀ-ին, Արմեն Սմբատյանն ասաց․ «Նույն թվականներին, երբ Իսրայելն առաջարկել է Ադրբեջանին, առաջարկել է նաեւ մեզ։ Մենք ամեն ինչ չէ, որ ճիշտ ենք ասում։ Առաջարկել է, ՀՀ-ն հրաժարվել է։ 2015թ․-ի մասին է խոսքը»։

Անդրադառնալով դիվանագիտական հարաբերությունների ապագային՝ Արմեն Սմբատյանը համոզմունք հայտնեց․ «Կարծում եմ՝ ես կվերադառնամ, եւ մենք հումանիտար դաշտում մեծ նպատակներ ունենք։ Նույնը եւ մշակույթի, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Պետք է աշխատենք։ Իսրայելն ու ՀՀ-ն իսկապես կարող են նոր էջ բացել»։

Իսկ թե ինչ հեռանկարի մասին կարող է խոսք լինել՝ տարածաշրջանային պայթյունավտանգ եւ հնարավոր զարգացումների համատեքստում, Արմեն Սմբատյանը նկատեց․ «Իսրայելն այսօր շատ լուրջ երկիր է։ Շատ օգտակար կլինի, եթե մենք համագործակցենք եւ օգտակար լինենք մեկս մյուսին»։ Հարցին՝ «գնդակն ո՞ւմ դաշտում է», դեսպանը պատասխանեց՝ «երկուսիս»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031