«2020 թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի պայմանագրի հետեւանքով երկրում ստեղծված իրավիճակը տեսնելով՝ ամենաազգասեր ու կայացած մարդը պետք է հնարավորություն ունենա ասելու իր խոսքը, իր ուժերի չափով կարողանա օգտակար լինել երկրին»,-այսօր ասուլիսում ասաց «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը:
Նրա հավաստմամբ, իր հետեւում կանգնած, ուղղորդող, հուշող որևէ քաղաքական ուժ չկա. «Որոշեցի զբաղվել քաղաքականությամբ՝ ելնելով մեր երկրում ստեղծված իրավիճակից: Ստեղծված իրավիճակն ինձ եւ իմ կարծիքով արժանապատիվ մեր հայ զավակներին բերել է տագնապալի վիճակի: Ինձ թվում է՝ ամեն մի հայ, ով հասկանում է, թե ինչ է պատիվը, արժանապատվությունը, ինչ է պետք հայրենիքին պաշտպանելու, սատարելու համար, պետք է իր խոսքն ասի»:
Արտակ Թովմասյանի կարծիքով, գիտակից, կայացած մարդը, տնտեսության, երկրի վիճակից հասկացող մարդը հասկանում է, որ պետք է «մարդ կամիկաձե լինի», որ գնա դրան. «Ոչ մի ոչ հայրենասեր մարդ դրան չէր գնա: Խորն ուսումնասիրելուց հետո տնտեսագետները կասեն, թե ինչ վիճակի մեջ է մեր երկիրը եւ ինչ կարող է սպասվել»:
Հիմնադրամի ղեկավարը համոզված է՝ որքան ձգձգվի ներկա իշխանության հրաժարականի հարցը, այնքան անելանելի վիճակի առաջ կարող է կանգնել մեր ազգը, երկիրը:
Կարդացեք նաև
«Չնայած մեր իշխանությունը տանուլ է տվել եւ այս վիճակին հասցրել մեր ազգին, բայց չի հեռանում: Ես կողմ եմ, որ դա լինի միայն օրենքի սահմաններում, որովհետեւ, եթե մենք չհարգենք օրենքը, չենք կարող օրենքը պահանջել մեր մնացած հայրենակիցներից: Ես ժամանակին հավատում էի, որ իմ վարչապետն ասում էր՝ ես չեմ եկել աթոռից կառչելու, եթե չկարողանանք, կթողնենք՝ կգնանք: Հիմա տեսնում ենք հակառակը: Չկարողանալն էլ ո՞նց է լինում: Տնտեսության մեջ ձախողումներ, քովիդի դեմ պայքարում ձախողումներ»:
Արտակ Թովմասյանը ԱԺ պատգամավորներին էլ կոչ արեց չկառչել աթոռներից եւ հրաժարականի դիմումներ ներկայացնել՝ հնարավորություն տալով ժամանակավոր կառավարություն ստեղծել եւ թափանցիկ ընտրություններ կազմակերպել: Նրա խոսքով, գործի բերումով ծանոթ է եղել Հայաստանի նախկին բոլոր ղեկավարներին, 2018 թվականի սեպտեմբերի 7-ին հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ: Ասաց, որ բոլորի հետ եղել է կապ, ծանոթություն, աջակցել է Հայաստանին ներդրումների միջոցով:
Արտակ Թովմասյանը վստահեցրեց, որ վարչապետ դառնալու հավակնություններ եւ ծրագրեր չի ունեցել եւ հիմա էլ չունի, բայց, եթե դրա ժողովրդական պահանջը լինի՝ կգնա դրան. «Ես 54 տարեկան եմ, եթե այդպիսի հավակնություններ ունենայի, արդեն կամ պատգամավոր կամ մի պաշտոնի կլինեի: Մեր քաղաքական թիմը կմասնակցի ընտրություններին եւ կունենա վարչապետի իր թեկնածուն»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ովքե՞ր են լինելու նրա թիմում, ի պատասխան, պարոն Թովմասյանը նշեց, որ այժմ բանակցություններ են վարում տարբեր, նաեւ սփյուռքի ներկայացուցիչների, տարբեր ՀԿ-ների հետ, ունենում են հազարավոր նամակներ, առաջարկությունները, ովքեր ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ նոր քաղաքական խմբավորմանը. «Փորձում ենք ամեն ինչ անել, որ չսխալվենք թիմակիցների հավաքագրելու գործում: Իհարկե, դա ժամանակ է պահանջում: Ավարտից հետո կասենք, թե ովքեր են մեր աջակիցները: Մեր հիմնական նպատակն այն է, որ լինեն մեր հանրության շրջանում ոչ ճանաչված, բայց գործերով կայացած մարդիկ: Նայելով այսօր ինչ է կատարվում, ինչ մարդիկ են գալիս մեր իշխանության, պաշտոններ զբաղեցնում, ուսումնասիրելով նրանց անցած գործունեությունը, տեսնում ենք՝ չկան այնպիսի մարդիկ, որոնք ունեն իրականացրած մեծ ծրագրեր»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ